Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆԸ ՍԱՀՄԱՆ ՉԿԱ

Նոյեմբեր 25,1998 00:00
karen demirchyan

Կարեն Դեմիրճյանն ընտրական օրենսգրքի եւ վերջին օրերին դրա շուրջ եղած անցուդարձի մասին

-Նախ պետք է փաստենք, որ ընտրական օրենսգիրքը շատ կարեւոր օրենսդրական փաստաթուղթ է եւ խիստ էական նշանակություն ունի հասարակության համար, ուստի որեւէ կուսակցություն չէր կարող զերծ մնալ այդ փաստաթղթի մշակման աշխատանքներին մասնակցելուց։ Որքանով որ ես եմ տեղյակ, ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների մշակած միասնական տարբերակը Ազգային ժողովում շրջանառության մեջ եւ քննարկումների սեղանին դրված երեք ընտրական օրենսգրքերի նախագծերի միասնությունն է։ Այնպես որ, ինչ-որ առանձնակի բան չի պատահել։ Կուսակցությունները եկան ընդհանուր եզրակացության, որ առաջարկություններ ներկայացնելով, պետք է այդ երեք նախագծերից մեկ ընդհանուր փաստաթղթային տարբերակ մշակվի, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Փաստորեն, կուսակցությունները քով-քովի եկան, իրենց հավանությունը տվեցին ընտրական օրենսգրքի մեկ տարբերակի, ու համարյա բոլորը հայտարարեցին, որ դա միասնական տարբերակ է։ Դրանից հետո նույն խնդրի վերաբերյալ մի քանի հայտարարություն անելը ես անիմաստ եմ համարում, որովհետեւ եթե մեկ անգամ հայտարարել ենք, թե միասնական տարբերակ ենք մշակում ու ներկայացնում։ Կարծում եմ, որ պետք էր հետեւողականություն դրսեւորել, որպեսզի այդ տարբերակն ընդունվի։ Չի ընդունվել, իսկ դրանում ես որեւէ ողբերգություն չեմ տեսնում։ Այս հարցի շուրջ կուզեի ավելի մանրամասն խոսել։ Ընտրական օրենսգիրքը հանրապետությունում ժողովրդավարության արմատավորման, քաղաքացիական հասարակարգի ձեւավորման գործում այնպիսի կարեւոր նշանակություն ունի, որ այդ հարցում ժամանակի խնայողության խնդիրները առաջին պլան չպետք է մղվեն։ Պետք չէ նաեւ հիմնվել տարբերակներից մեկի վրա ու անպայմանորեն անցկացնել այն՝ մտածելով, թե որեւէ այլ տարբերակ ընդունելի չէ, բացի X-ից կամ Y-ից։ Ոչ, ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի կոնսենսուսով։ Կրկնում եմ՝ կոնսենսուսով (կան էլի հարցեր, որոնց հասարակական հնչեղությունից ելնելով, որոշումներն էլի պետք է համաձայնությամբ ընդունվեն, չնայած չկա նման գործելակերպ սահմանող որեւէ օրենք)։

Ազգային ժողովի բոլոր այն պատգամավորները, որոնք իրենց քվեարկությամբ «քաղաքացիության» իրավունք են տալու ընտրական օրենսգրքին, պետք է համաձայնեն միմյանց հետ այն համոզմունքով, որ միասնաբար ամենաօպտիմալ տարբերակի ընտրությունն են կատարել։ Հնուց է ասված՝ քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Այս հարցում չի կարելի ասել, թե այս նախագիծը լավն է, իսկ մյուսը՝ վատը։ Մենք չպետք է հաղթողներ կամ պարտվողներ, ճիշտ կամ սխալ տեսակետներ որոնենք։ Մենք պետք է կանգ առնենք այն տարբերակի վրա, որն ընդունվում է բոլորի կողմից։ Որովհետեւ լավի թշնամին ավելի լավն է, իսկ վատի թշնամին էլ, բնականորեն՝ լավն է։ Կատարելագործմանը սահման չկա։ Ամեն ինչ անընդհատ հնարավոր է կատարելագործել։ Իմ մտահոգության արմատները Սահմանադրության ընդունման նախադեպից են գալիս, երբ մի կողմի քվեարկությամբ այն հավանության արժանացավ Ազգային ժողովում ու հետո, դրվելով հանրաքվեի, հայտարարվեց, թե ընդունվել է։ Իրականության մեջ Սահմանադրության այս տարբերակն ընդունվել է, թե ոչ՝ մինչեւ օրս էլ ժողովուրդը չգիտե։ Բոլոր դեպքերում, մենք այսօր այդ Սահմանադրությամբ ենք ղեկավարվում։ Այն կարելի է համարել ընդունված։ Բայց չէ՞ որ Սահմանադրությունը կատարելագործված չէր ու այսօր մենք նրա թերությունները շատ լավ ենք զգում։

Այս առումով հատկապես կուզեի մատնանշել Հիմնական օրենքում եղած ամենակարեւոր բացթողումը՝ իշխանության թեւերը հավասարակշռված չեն, իսկ եթե դա արված չէ, հասարակությունը չի կարող ուղիղ ճանապարհով գնալ, արդյունավետորեն աշխատել ու ամբողջապես ժողովրդավարական բովանդակություն ունենալ։ Կառավարման պրոցեսին իշխանության բոլոր թեւերը պետք է հավասար մասնակցություն ունենան։ Ի վերջո, գանք այն մտայնությանը, որ պետք է առաջնորդվենք բոլորի համար ընդունելի բանաձեւով՝ ոչ թե որ կողմն է ճիշտ, այլ՝ ինչն է ճիշտ, որն է ճիշտ։ Այն, ինչն օպտիմալ է այսօր, կատարելագործված է, մշակված եւ որը ճիշտ է, դա պետք է ընդունվի՝ անկախ նրանից, ընդդիմության առաջարկն է, թե՝ դիմության։ Կարեւորն այդ հարցում ճիշտ որոշում ընդունելն է, ճիշտ օրենսգիրք մշակելը։ Անհեթեթ է այն հարցը, թե ում մշակած օրենսդրական տարբերակն է ընդունվելու Ազգային ժողովում։ Այդ վեճերի հետեւանքով հասարակության մեջ պառակտում է առաջանում՝ բոլորովին անտեղի։

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հասարակությունը համախմբվի, միասնանա, եւ ոչ թե պառակտվի։ Ինչ-որ ուժ ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Չի կարելի։ Զարմանում եմ, որ ամբողջ պատասխանատվությունն Ազգային ժողովը չի ստանձնում, եւ ինքը չէ, որ տեր է կանգնում սեփական նախագծին։ Դա անում են առանձին պատգամավորական խմբեր ու խմբակցություններ, մինչդեռ կա համապատասխան հանձնաժողով։ Իհարկե, բոլորն էլ նախաձեռնության իրավունք ունեն, բայց ամենակարեւորը պատասխանատվության գործոնն է, իսկ պատասխանատուի դերում, այս դեպքում, իմ կարծիքով, պետք է հանդես գա Ազգային ժողով ընդհանրությունը։ Հիմա տեսնում ենք, որ ընթացքի մեջ է Սահմանադրության կատարելագործման գործընթացը, սակայն այդ փաստաթուղթը մշակման է ենթարկում ընդամենը իշխանության մեկ թեւի կողմից։ Մինչդեռ ընդհանուր մասնակցություն է պետք այս գործին՝ իշխանության մյուս թեւերինը նույնպես։

Ինչո՞ւ Ազգային ժողովն ինքն այս հարցով մտահոգված չէ։ Այնինչ, իմ կարծիքով, առաջին հերթին հենց Ազգային ժողովը մտահոգված պետք է լիներ՝ որպես օրենսդիր մարմին, որպես հասարակական կյանքի կազմակերպման հիմնական օրենքի նկատմամբ անպայմանորեն դիրքորոշում ունենալու պարտադրանքի առջեւ կանգնած մարմին։ Ուստի, Ազգային ժողովի նախաձեռնությունն ու պատասխանատվությունն այս հարցում պետք է առաջնային լինի։ Իմ կարծիքով, ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակն ընդունելուց առաջ մեկ անգամ եւս բոլոր շահագրգիռ կողմերը պետք է քով-քովի գան ու փորձեն հասկանալ՝ այդ փաստաթղթի ո՞ր դրույթներն են ուժեղ, որոնք՝ թույլ, որ դեռ պետք է կարգավորել։ Պետք է մի կողմ դրվի այն ամենը, ինչը նախորդել է դրան։ Ընտրական օրենսգիրքը պետք է դառնա լավ փաստաթուղթ, որը շահեկան նպաստ կբերի հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդման գործին։ Դրա համար պետք է խուսափել այն հայտարարություններից, որոնք ինձ համար անհասկանալի են, թե մենք այսքան կզիջենք կամ այսքանից ավելի չենք զիջի։ Որեւէ մեկը ոչ պետք է զիջի, ոչ էլ պնդի։ Բոլորը միասնաբար պետք է գտնեն ամենաճիշտ լուծումը. դրա համար պետք է հանգիստ նստել սեղանի շուրջ, շարունակել մշակումները, ու որեւէ մեկը մտքով չպետք է անցկացնի, թե ինքը դրանով կարող է հաղթել կամ պարտվել։

Այդ հարցում հաղթողը կամ պարտվողը ժողովուրդն ու բանականությունն են լինելու։ Դրա համար, իմ կարծիքով, ժողովրդական խոսքով ասած, ճիշտ կլինի, որ քարը փեշներից թափեն, զգան իրենց պատասխանատվությունը ժողովրդի եւ պետության առջեւ ու միասնաբար լավ ընտրական օրենսգիրք մշակեն։ Որ կողմից էլ լավ առաջարկ հնչի, այն անպայմանորեն պետք է ընդունել։ Սա կոչ չէ, թե նստեք սեղանի շուրջ, սա, իմ կարծիքով, ժամանակի պահանջն է, որը պետք է ձեւակերպվի իբրեւ ժողովրդի պահանջ՝ եթե մենք ձեզ վստահել ենք ու ընտրել ԱԺ պատգամավոր, ապա բարի եղեք ընտրական օրենսգրքի մշակմանը մոտենալ պատասխանատվության գերագույն զգացումով։ Ամենակարեւորն այն է, որ Հայաստանում անցկացվեն ազատ, արդար ընտրություններ, որպեսզի ժողովուրդն ինքը կայացնի որոշումը։ Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի։

Գրի առավ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30