Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը կամ որեւէ պետական մարմին չեն կարող ինքնուրույն կայացնել զորքերը հետ քաշելու որոշում, դա պետական հանցագործություն է». Աննա Մկրտչյան

Մարտ 21,2024 12:34

«Նիկոլ Փաշինյանը, ով Հայաստանը մակետ դարձրած՝ արդեն գրպանում պահում է իր մանրադրամների, կոպեկների հետ միասին կամ դրանց փոխարեն, հրատապ ասուլիս անունը կրող միջոցառումը հրավիրեց։ Նախորդ ժամանակահատվածում՝ 1-1.5 տարի առաջ ես անձամբ ու ինձ նման շատերը հույսով լցված ամեն անգամ այդ հրատապ ասուլիսին սպասում էինք, որ լինելու է հրաժարական։ Հիմա, կարծում եմ, ավելի քան ակնհայտ է, որ դա չի լինելու։ Եվ հիմա արդեն վախը սրտներումս սպասում ենք, թե այս անգամ ՀՀ-ից ինչ-որ տարածքներ զիջելն ինչպես է ձեւակերպվելու՝ լինելու է թվերո՞վ, թե՞ հերթական փոքրացող մակետն է մեզ հրամցնելու»,- այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նա նշեց. «Մնում է այս իրավիճակում երեւի միայն փառք տալ Աստծուն, որ այսպիսի կառավարման բարդակի ու ամենաթողության պարագայում այսքան էլ դեռ ՀՀ-ն դիմակայում է։ Կարծում եմ՝ եզրահանգումս էլ ճիշտ կլինի, թե նախորդ 30 տարիներին ինչ պետականություն է կառուցվել, որ այս վեց տարի Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ քանդում-քանդում է, բայց դեռ ամբողջությամբ կազմաքանդել չի կարողացել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, որ սահմանազատման ու սահմանագծման համար չկա համաձայնեցված քարտեզ, Աննա Մկրտչյանն ասաց, որ մոտ մեկ տարի առաջ նույն Նիկոլ Փաշինյանը գալիս ու պնդում էր, որ կան ԽՍՀՄ տարբեր ժամանակներում գծված քարտեզներ, որոնք ամբողջությամբ տալիս են դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ կապված հարցերի պատասխանները։ «Մենք ի պատասխան դրա պնդում էինք, որ չկան այդ քարտեզները, հստակ չեն եւ եթե ինչ-որ տեղ գտնվում են այդ քարտեզները, դրանք չեն կարող միջպետական սահմանի սահմանազատման, առավել եւս երկկողմ պայմանագրի հիմք հանդիսանալ, որովհետեւ դրանք Սովետական միության ներքին օրենսդրությանը համապատասխան գծված քարտեզներ են, եղել են խորհրդային համայնքների կամ ժողովների կողից գծված սահմաններ, որոնք որեւէ կերպ կապ չունեն միջպետական սահմանների գծման հետ։ Հիմա արդեն իշխանությունը պահելու համար մեկ այլ որոշում է պետք կայացրել, հետեւաբար այդ քարտեզներից ոչ մեկն իրեն ու իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չեն տալիս, պետք է գտնել այլ որոշում։ Մենք կարծում ենք, որ ՀՀ Զինված ուժերը որտեղ գտնվում են, դրանք ՀՀ տարածքներ են։ Նիկոլ Փաշինյանը, որեւէ պետական մարմին կամ որեւէ պաշտոնյա իրավունք չունի ինքնուրույն կայացնել զորքերը հետ քաշելու որոշում։ Դրանք պետական հանցագործություններ են, իրենց մեջ հանցակազմ պարունակող գործողություններ են»,- ասաց նա։

Ըստ նրա՝ այս պայմաններում , երբ ԱԱԾ-ն հեղինակազրկված է, իսկ Քննչական կոմիտեն զբաղված է ադրբեջանցուն արդարացնելով, հնարավոր չէ սպասել իրավական գնահատական։

«Մեզ համար Նիկոլ Փաշինյանի՝ ամեն անգամ նոր էվոլյուցիա ապրող սուտը հիմք չի կարող հանդիսանալ որեւէ գործընթաց նախաձեռնելու համար։ ՀՀ-ն պետք է առաջին հերթին ունենա հայրենիքի գիտակցում ունեցող իշխանություն, որը կվարի արտաքին քաղաքականություն։ Այդ արտաքին քաղաքականությունը չի կարող հիմնված լինել պարտված, արժանապատվությունից զրկված, իրեն թուրք անվանելը վիրավորանք չհամարվող եւ իրեն պարտված չզգացող Նիկոլ Փաշինյանի շուրթերով»,- հավելեց Աննա Մկրտչյանը։

Աննա Մկրտչյանը նաեւ ասաց, որ Տավուշի 4 գյուղերը, որոնք հանձնելու մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, դրանք ՀՀ տարածքային ամբողջականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքներ են։

Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունն այս իրավիճակում, Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Դա ամենացավալի հարցերից մեկն է, որովհետեւ ես ընդդիմության գործունեությունը կհամարեմ արդյունավետ, երբ ՀՀ Ազգային ժողովում կլինի առաջադրված վարչապետի մեկ այլ թեկնածու, եւ մենք կգնանք այդ նոր վարչապետ ունենալու սահմանադրական գործընթացով։ Մենք այստեղ ամեն օր գտնվելով՝ փորձում ենք մոտեցնել այդ օրը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031