Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԳԾԻ ՆՈՐ ԿԸՀ-Ն

Հունվար 22,1999 00:00
Khachatur bezirjyan

Հարցազրույց ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանի հետ

– Պարոն Բեզիրջյան, ընտրությունների անցկացումը պարզեցնելու առումով ի՞նչ նոր դրույթներ ունի այս նոր ընտրական օրենսգիրքը, որի քվեարկությունը խորհրդարանում տեղի է ունենալու հունվարի 25-ին, այն երեք ընտրական օրենքների համեմատ (նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման), որոնք այսօր ուժի մեջ են։

– Մեծ փոփոխություններ չկան։ Օրենքի սկզբունքներն ընդհանուր գծերով պահպանվել են։ Ընդհանուր մեխանիզմները, որոնք կային այդ երեք օրենքներում, հիմա ավելի մոտեցված են։ Փոփոխությունները մեծ չեն, սակայն այստեղ կա մեկ այլ իրողություն։ Կտրոնները հաշվելու են տեղամասային ընտրական հանձնաժողովներում։ Այս պրոցեդուրան կա բազմաթիվ երկրներում։ Կտրոնները լինում են գրքույկի ձեւով եւ համարակալված։ Այդ դեպքում հաշվելու կարիք չկա։ Այդպիսով հնարավոր կդառնա օգտագործված քվեաթերթիկների թիվն իմանալ, որովհետեւ դրանք համարակալված են։

– Բայց, պարոն Բեզիրջյան, անցյալում քվեաթերթիկները հաշվում էին համայնքային ընտրական հանձնաժողովներում, որպեսզի տեղամասային ընտրական հանձնաժողովները չկարողանային խախտումներ եւ կեղծիքներ կատարել։

– Օրենքում սահմանված է, որ քվեաթերթիկները հաշվում են տեղամասային հանձնաժողովում, իսկ կտրոնները՝ համայնքայինում։ Հետագայում այդ թվերը պետք է համեմատվեին մարզային ընտրական հանձնաժողովում, ուր որոշվում էր անճշտությունների չափը։ Դա է ամբողջ իմաստը։ Բայց փորձը ցույց տվեց, որ կտրոնները հաշվելու պրոցեդուրան ավելի երկար է տեւում։ Ասեմ նաեւ. կար մեկ այլ բարդություն եւս՝ ամենեւին էլ հեշտ աշխատանք չէ՝ ստուգել, թե արդյոք կտրոնի վրա եղած ստորագրությունն ում է պատկանում։ Վեճերի դեպքում, երբ քաղաքացին բողոքում է, դա կարող է միայն փորձագիտությունը որոշել։

– Անշուշտ, ձեւավորվելու է նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դուք ինչպե՞ս եք մտադիր ձեր փորձը փոխանցել այս նորին։

– Համենայնդեպս, ես պատրաստ եմ մեր ամբողջ փորձը փոխանցել նոր ԿԸՀ-ին, որովհետեւ վերջին երկու տարիներին բավականին մեծ փորձ ձեռք բերեցինք։

– Թեեւ դեռեւս ընտրական օրենսգիրքն ընդունված չէ, սակայն, նրանում դժվար թե էական փոփոխություններ լինեն։ Ելնելով օրենքի նախագծից եւ Սահմանադրության պահանջից, ե՞րբ տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները Հայաստանում։

– Թեպետ դժվարանում եմ հստակորեն որեւէ բան ասել, սակայն, կարծում եմ, ընտրությունները տեղի կունենան հունիսի սկզբին։

– Հավանաբար, խորհրդարանը կքվեարկի 75 մեծամասնական ընտրատարածքի գաղափարի օգտին։ Ի՞նչ եք կարծում, ճիշտը նախկին 150 ընտրատարածքների մեխանիկական միացո՞ւմն է, թե՞ նոր ընտրատարածքների ձեւավորումն է նպատակահարմար։

– Իհարկե, մեխանիկական միացումը սխալ է, որովհետեւ տարածքներում բնակչության թիվը միշտ էլ փոփոխվում է։ Կարող են շենքեր կառուցվել, միգրացիա տեղի ունենա։ Բնակչության ու ընտրողների թիվը միշտ էլ ենթակա է փոփոխման, ուստի միշտ էլ ճշտումներ են անհրաժեշտ։ Դա, սովորաբար, անում է ԿԸՀ-ն՝ համայնքային իշխանությունների հետ։ Տեղական իշխանություններն են, որ ավելի ճշգրիտ տվյալներ են մատուցում ԿԸՀ-ին։ Այլապես, ԿԸՀ-ն չի կարող իմանալ, թե որ շենքում քանի մարդ է ապրում եւ ճշգրտորեն սահմանել ընտրատարածքները։

– Այդպես, իհարկե, թաղապետերն առավելություն են ստանում, բայց, եթե կուսակցությունները ներկայացնեն ընտրատարածքների քարտեզը, դա ընդունելի կհամարվի՞։

– Ես չգիտեմ, թե կուսակցությունները որտեղից պիտի տեղեկատվություն ստանան, թե այս կամ այն շենքում քանի ընտրող է բնակվում։ Պետական կառույցները համայնքային իշխանություններն են, որոնք պատասխանատվություն են կրում սխալ տվյալներ ներկայացնելու համար։ Դա կուսակցական ֆունկցիա չէ, ինչը օրենքն էլ չի նախատեսում։

– Եթե «Երկրապահի» ընտրական օրենսգիրքն ընդունվի, ե՞րբ պետք է կազմավորվի նոր ԿԸՀ-ն։

– Ընտրություններից մոտավորապես 35 օր առաջ։

– Իսկ դուք դնելո՞ւ եք ձեր թեկնածությունը։

– Հավանաբար՝ ոչ։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031