Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՖԿԱՅԻ ԵՎ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Փետրվար 19,1999 00:00
Ruben Angaladyan

Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Ռուբեն Անգալադյանն էր։

Ռ. Անգալադյան. «52 տարեկան։ Մշակութաբան-գրող, 15 գրքի հեղինակ։ Թարգմանվել է 10-ից ավելի լեզուներով։ Զբաղվում է համաշխարհային մշակույթի համակարգման եւ 20-րդ դարի ամբողջացման պատկերով։ «Գարուն» ամսագրում տպագրել է 20-րդ դարի հայ մշակույթի նոր դասակարգման հոդվածաշար։ Հորոսկոպով՝ խեցգետին։ 20 տարի ապրել եւ ստեղծագործել է Սանկտ-Պետերբուրգում։ Ներկայումս ՀՀ վարչապետի խորհրդական է մշակույթի գծով եւ քրիստոնեության 1700-ամյակի կառավարական հանձնաժողովի քարտուղարը»։ Այս հակիրճ տեղեկատվությամբ է ցանկացել Ռ. Անգալադյանը ներկայանալ Մամուլի ազգային ակումբում, որի տեքստն անձամբ էր կազմել։

Համաձայն Ռ. Անգալադյանի՝ այսօր զբաղեցրած պաշտոնի, բնականաբար, լրագրողներին պետք է հետաքրքրեին նրա ներկա գործունեությանը վերաբերող կոնկրետ հարցերը։ Ինչն, իհարկե, Ռ. Անգալադյանին դուր չեկավ։ Նա մտադիր էր խոսել մշակութաբանական տեսական լուրջ խնդիրներից, որոնք նույնպես խիստ կարեւոր եւ հրատապ են։

Ռ. Անգալադյանն ինքն իրեն ուղղեց առաջին հարցը՝ «Ի՞նչ է մշակույթը». հարց, որը կարելի է անվերջ քննարկել, եւ որը միշտ էլ խիստ անհրաժեշտ ու ակտուալ թեմա է՝ մանավանդ արվեստագետների համար։

Բազմաշերտ իր հարցն ուղղված իրեն՝ այսպիսին էր. «Ի՞նչ բան է մշակույթը, ինչպես եմ ես հասկանում մշակույթը, ինչպես է աշխարհը հասկանում եւ ինչպես ենք մենք բոլորս ընկալում մշակույթը որպես կլիշե»։

Պատասխան. «… Աշխարհը եւ ես մշակույթը հասկանում ենք, մշակույթը՝ որպես համակարգված գեղարվեստական հոգեւոր միտք։ Կարեւորագույնն այս հանգամանքի մեջ այն ազգերն են եւ այն պետությունները, որոնք կարողացել են սինթեզել մի կողմից՝ հոգեւոր եւ փիլիսոփայական միտքը եւ դրանք դարձրել են կրոններ։ Ամենաբարձրագույնը այն ազգերն են, որոնք կարողացել են ստեղծել կրոն։ Երկրորդը այն ազգերն են, որոնք կարողացել են կրոնը մեկնաբանել։ Երրորդը այն ազգերն են, որոնք կարողացել են այդ երկուսի սինթեզով ստեղծել լուրջ փիլիսոփայական միտք։ Չորրորդը, որոնք կարողացել են այդ փիլիսոփայական միտքը մեկնաբանել։ Եվ կան ազգեր, որոնք ընդհանրապես չեն զբաղվել եւ իրենց ֆոլկլորային վիճակում են գտնվում, ենթադրենք՝ որոշ թվով աֆրիկյան երկրներ։ Նրանց մշակույթն էլ շատ հետաքրքիր է, սակայն էկզոտիկ հետաքրքրություն ունի, քանի որ բազային միտքը կարեւորագույնն է»։

Հարց 2. «Ի՞նչն է պատճառը, որ իմ տեսանկյունից այս 1700-ամյակը պետք է տոնվի համաշխարհային տեսանկյունից եւ ոչ թե տեղայնացված լինի»։

Պատասխան. «… Շատերին թվում է եւ մեր ազգային մտածողության մեջ այդ կլիշեն կա, որ եթե հին է, ուրեմն լավն է։ Ուրեմն եթե հինը լավն է, մենք ամենահին ազգերից ենք։ Բոլորովին այդպես չէ. 1700-ամյակը ընդամենը թիվ է, որի մեջ պետք է բովանդակություն տեսնենք։ Ի՞նչն է պատճառը, որ մենք, լինելով պետություն, վերցրինք եւ մշակեցինք կրոնը։ … 301 թվականին քրիստոնեական մշակույթ, քրիստոնեական գեղարվեստական կամ գիտական միտք գոյություն չուներ։ Մենք մտանք մի էքսպերիմենտ, որը չգիտեինք՝ կստացվի՞, թե՞ չի ստացվի։ Սա մեծագույն նվաճումն է մեր այն ժամանակվա պետական այրերի՝ Տրդատ III թագավորի, հոգեւոր հայրերի, որոնք պատկերացրել են, որ այդ կրոնը հնարավոր է ընդունել։ Եվ որ դա կարող է մեր ազգի համար՝ լեզու, ընդհանուր բազային միտք, ազգային մշակույթ, ազգային մոդելավորված հոգեբանական վիճակ ստեղծել։ … Մինչ այդ հայ ժողովուրդը որպես պետականություն ունեցող ժողովուրդ գոյություն ուներ, սակայն որպես ազգ, որն ունի խիստ ընդգծված դեմք՝ մենք ստացանք 301 թվականից»։

Ռ. Անգալադյանի ելույթը մշակութաբանական ուսումնասիրությունների եզրահանգումներ էին, որոնք համապատասխան «լսարան» եւ բանավեճ էին պահանջում։ Եվ այդ էր պատճառը, որ զրույցը լայն իմաստով՝ երկուստեք միակողմանի էր. հարցադրող ու պատասխանող կողմի մոտեցումները այս հանդիպմանը՝ խիստ տարբեր էին։

Հյուրը խուսափում էր կոնկրետ ու հակիրճ հարցուպատասխանից եւ լրագրողներին հիշեցնում էր, որ ինքը մշակույթի մարդ է, ընդամենը խորհուրդներ է տալիս վարչապետին (ինչը խորհրդականի կարգավիճակն է) եւ անձամբ չունի մեխանիզմներ՝ դրանք իրականացնելու։ Եվ կոնկրետ, անձնավորված հարցերին փիլիսոփայական պատասխաններ էր տալիս։ Կոնկրետ պատասխանների շարքից կարելի է նշել թերեւս 1-2-ը։ Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների 2 ծրագիր կա կազմված։ Մեկը, հինը, կազմել է կրթության եւ գիտության նախարարությունը, մյուսը՝ նորը, Ռ. Անգալադյանը։ Վերջինը դեռ չի ընդունվել եւ բազմաթիվ տարակարծություններ կան դրա շուրջ։

Երկու ծրագրերի միջեւ տարբերությունները Ռ. Անգալադյանն այսպես մեկնաբանեց. «Տարբերությունը կոնցեպտուալ մոտեցումներն են. իմն ավելի ընդհանուր է, որով ես փորձում եմ ներկայացնել այն բնագավառները, մարդկանց եւ արվեստի այն ժամանակահատվածները, որը հետաքրքիր է աշխարհին եւ որը աշխարհը կգնահատի։ Սկզբունքային խիստ տարբերություններ կան 2 նախագծերի միջեւ»։

Նա կարեւորեց մշակույթի գործիչների հավաքների նշանակությունը եւ խրախուսեց դրանց շարունակելիությունը, որպես մթնոլորտի ստեղծման անհրաժեշտություն. «Մթնոլորտը նոր-նոր է ստեղծվում, իսկ առանց մթնոլորտի չի ստեղծվի մշակույթ»։ Համաձայնելով Ռ. Անգալադյանի հետ, սակայն չենք կարող համաձայնել այդ առիթով նրա բերած օրինակի հետ, թե 20-ական թվականներին ամբողջ աշխարհից սոված-ծարավ նկարիչները գալիս էին Փարիզ, որ սրճարանում նստեն, սուրճ խմեն եւ զրուցեն։ Բացի այն, որ ժամանակները (սրա մեջ ներառյալ՝ շատ բաներ) փոխվել են, այսօրվա Դիլիջանում, Ծաղկաձորում կազմակերպվող հավաքները արհեստական բնույթ ու չճշտված նպատակ են հետապնդում։

Իսկ մթնոլորտը չի սարքվում, այն ստեղծվում է (այն կամ կա, կամ՝ չկա). լավագույն դեպքում կարելի է դրան նպաստել, որը շատ հաճախ նաեւ խանգարում է դրա ստեղծմանը։

Մտավորականի վերլուծություններն ու հարցադրումները մշակութաբանական էին եւ կասկածելի է, թե մոտակա տարիներին պետական այրերի՝ թեկուզ հենց վարչապետի (որքան էլ, որ նա ուշադիր լսում է պրն Անգալադյանի խորհուրդները) կողմից այդ վերացական, բայց իրատեսական մտքերը կվերածվեն կոնկրետ գործողությունների ու քայլերի։ Մանավանդ, որ Ռ. Անգալադյանը մտավորական է, որի պայքարը Բորխեսի, Կաֆկայի եւ ուրիշ մեծերի հետ է…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728