Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաստ ու բարակ մի գի՞ն է»

Մարտ 10,1999 00:00
Liza Chaxaryan

ՀՀ երկրորդ նախագահի ընտրությունից հետո լրագրողական «քարտեզը» նկատելիորեն փոխվեց։ Իշխանամետ լրագրողների մի խումբ իշխանամետ էլ մնաց, մի մասն էլ թարմացրեց ընդդիմադիրների շարքերը, իսկ ընդդիմադիր լրագրողների մի պատկառազդու «բանակ» իշխանամետ դարձավ։

Եւ այսպես, եկան նրանք անաչառ, անբասիր, ըմբոստ ու կտրիճ ընդդիմադիրները, ու «վաստակավոր» իշխանամետներիս սիրտը դող ընկավ. «Ինչե՜ր են անելու, անաչառության ու ըմբոստության ի՜նչ դաս են տալու»։

Ավաղ։

Ես «ըմբռնումով եմ մոտենում», իհարկե, ներկա իրադրությանը։ Հասկանում եմ, որ երբ Ազգային ժողովի թունդ ժողովրդավար պատգամավորներին եւ առավել թունդ ժողովրդավար ԱԺ խոսնակին հաջողվեց «Հայաստանի Հանրապետութիւն» թերթը «վերածնել» ու ազգային հեռուստատեսության «Օրակարգ» հաղորդաշարին պատկանող ժամն էլ «սեփականաշնորհել» (երկուսն էլ՝ ՀՀ նախագահի «օրհնությամբ»), Հայաստանի ազգային հեռուստատեսության ղեկավարությունը նստեց ու մտածեց՝ լինե՞լ, թե՞ չլինել։ Ըստ երեւույթին որոշեց լինել ամեն գնով։ Ու այդ «ամեն գնի» արդյունքում իշխանամետության հարուստ կենսագրություն ունեցողս անգամ գրեթե ամեն օր կարկամում եմ ազգային հեռուստատեսության նոր «էշելոնի» որդեգրած «պապից ավելի պապական» կեցվածքից։ Այդ «ամեն գնի» արդյունքում հայ երջանիկ ժողովուրդը մեծ հպարտությամբ իրավունք ունի «ավետել» քաղաքակիրթ ողջ մարդկությանը, որ ինքն էլ այնպիսի «գերաստղ» ունի Խոսրով Հարությունյան անունով, որին, իսկը ժամանակն է, որ նախանձեն եւ անչափ գիրացած Մարլոն Բրանդոն, եւ՝ գիրանալու մտադրություն չունեցող Ալ Պաչինոն։ Անհանգստանալու միակ «աննշան» առիթը, թերեւս, միայն ժողովրդի մեջ շրջող հարցն է. «Հիմա մեր երկրի նախագահը Ռոբերտն է՞, թե՞ Խոսրովը»։

Ես հավատում եմ, որ նորօծյալ իշխանամետ լրագրողներն անվերապահորեն ընդունում են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պատրաստ են հանուն նրա՝ իրենց ուսերից գցել անբասիրության, անկաշառության, անաչառության, ըմբոստության ու կտրիճության շատ ծանր բեռի մի մասը, բայց ձեւացնել, թե հավատում են, որ Հայաստանում իշխանությունը, իրոք, փոխվել է ու զօրուգիշեր դատափետել «նախկին հանցագործ իշխանություններին» ու ծնրադրել նոր իշխանությունների առաջ, առնվազն նշանակում է, որ այս ժողովրդին անբուժելի սկլերոզով տառապողների տեղ են դրել։ Մեր ժամանակներում, իհարկե, զարմանալը խելապակասության նշան է, երբ տեսնում ու լսում ես, որ նույնիսկ նախկին իշխանության օրոք, ամենաազդեցիկ աթոռներ գրավողներն ու այսօր էլ պահպանողներն են «նախկին հանցագործ իշխանություններ» փրկարար արտահայտությունը չարչրկում առանց կակազելու, բայց խոսքս տվյալ դեպքում «անմահ կաշչեյների» մասին չէ, եւ ոչ էլ առհասարակ չինովնիկների։ Խոսքս ուղղակիորեն այն լրագրողների մասին է, ովքեր ժամանակին «յոթերորդ երկնքից» այնպիսի ոչնչացնող հայացքներով էին չափում «հանցագործ» իշխանամետներիս «բոյը», որ դրանից հետո վերջիններս սկսում էինք լրջորեն երկմտել՝ իրավունք ունե՞նք հայրենի հողին ոտնահետքեր թողնելու, թե՞ ավելի լավ է գետնի տակն անցնենք։

Վերջապես, շահարկվի-չշահարկվի իշխանության փոփոխության «փաստը», աչք ունենք՝ տեսնում ենք, ականջ ունենք՝ լսում ենք, որ «նոր» իշխանության հետ թեւ-թեւի եւ ուս-ուսի Հայաստանն այսօր «շենացնում է» նախկին իշխանությունների ծանր հրետանին, նույնիսկ՝ առավել մեծ լիազորություններով։ Իսկ եթե նրանց էլ գումարենք նախկինների ժառանգություն թողած խորհրդարանի անուրանալի գոյությունը, իշխանափոխության իրական պատկերը վեր կհառնի իր ողջ «պերճանքով ու թշվառությամբ»։ Որպես «աննշան» հավելում էլ հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանի՝ իր «կուսակից» ժողովրդին մատուցած առաջին «շոկային թերապիան» բոլոր ժամանակների իշխանությունների հետ հիանալի լեզու գտնող Խոսրով Հարությունյանին ԱԺ նախագահի թիկնոց հագցնելն էր։

Ի վերջո, եթե նախկին ընդդիմադիրների նորամուծությունը նախկին իշխանամետների գործելակերպի անհաջող նմանակումը պիտի լիներ, արժե՞ր ժամանակին այդքան աղմուկ-աղաղակ բարձրացնել «ծախվածներիս» դեմ։ … Ափսոս, հազար ափսոս, որ նորօծյալ իշխանամետ լրագրողները «վաստակավորներիս» զրկեցին մեր «ամոթալի» անցյալի համար ամաչելու հնարավորությունից։

Ափսոս, հազար ափսոս, որ հեռուստալրագրողական նոր «էշելոնը» չի նկատում մեր վերջին ամենաակնառու «նվաճումները». ինտելեկտուալ ներուժի պարտադրյալ նահանջը, միջակությունների հաղթարշավը, Քաջ Նազարի բախտով հայ մշակույթի ճակատագիրը որոշողների բռի «ասպատակությունը»։ Կամ՝ նկատողներին «վերապրոֆիլավորում է»։

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031