Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄԵԿՆԻ՞ ՍԱԴՈՅԱՆԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Մարտ 11,1999 00:00
Arshak Sadoyan

Այսօր օրակարգային հարց է Հայաստանի Եվրոպայի խորհրդին անդամագրվելը, եւ այն հիմքով, որ առաջիկայում այդ կառույցի շրջանակներում քննարկվելու են մեզ վերաբերող մի շարք խնդիրներ, զրույցի հրավիրեցինք ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանին, որը մասնակցել է ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանին։

Հենց սկզբից Արշակ Սադոյանը ներկայացրեց իր այն դիտարկումը, թե Եվրոպայի խորհրդում որոշակի նախատրամադրվածություն կար Հայաստանի անդամակցության վերաբերյալ, եւ դա է, հավանաբար, պատճառը, որ մեր տարածաշրջանում առաջինը հրավիրյալի կարգավիճակ ստանալով ԵԽ ԽՎ-ում, Հայաստանն իրենից առաջ թողեց Վրաստանից, որն այլեւս մաս է կազմում Եվրոպայի խորհրդին։ Արշակ Սադոյանի դիտարկմամբ՝ այս հարցում ամենեւին էլ արգելակող գործոնները հակամարտությունները չեն։ Վրաստանը նույնպես առնչվում է հակամարտությունների՝ աբխազական հարցը, հարավ-օսական հարցը եւ այլն։ Նրա կարծիքով, Հայաստանի դեպքում հապաղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում, մանավանդ՝ ընտրությունների առումով, Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն այնքան էլ հաջող ընթացք չունեն։ Առկա են այլ հանգամանքներ եւս, որոնց մասին Արշակ Սադոյանը չկամեցավ մանրամասնորեն խոսել։ Սակայն, երբ նրան հիշեցրինք, որ քրեական օրենսգրքով պատժաչափ է սահմանված իմանալ-չհայտնելու համար, Արշակ Սադոյանն ընդունելով մարտահրավերն, ասաց, թե ամենեւին էլ ցանկություն չունենալով խոսել իրավական խնդիրների վերաբերյալ, ինքը կարող է որոշակի ենթադրություններ անել։

Նրա կարծիքով, հանցագործություն է Հայաստանը Եվրոպայի խորհուրդ չընդգրկելը։ Սակայն Հայաստանի առջեւ պայմաններ դնելը, որոշակի ժամկետներ սահմանելն, առաջին հերթին, մտահոգությունների տեսքով է առարկայանում։ Դրանք որեւէ ձեւով հանցագործություն չես համարի։

Կա նաեւ այլ գործոն։ Արշակ Սադոյանն այն ներկայացնելուց առաջ հարկ համարեց ընդգծել, որ դա սոսկ ենթադրություն է։ Սակայն, ըստ այդ մտայնության, խիստ կարեւոր դեր ունի պետության ղեկավարի անունն ու նրա ճանաչվածության հանգամանքը։ ԱԺՄ վարչության անդամի կարծիքով՝ Էդուարդ Շեւարդնաձեն միջազգային շրջանակներում շատ ավելի գնահատված գործիչ է, քան Լեւոն Տեր-Պետրոսյանն էր կամ Ռոբերտ Քոչարյանն է։ Այս հանգամանքն անտեսել չի կարելի։ Եվ դա էր նաեւ, որ Վրաստանին մեզանից առաջ ընկնելու հնարավորություն տվեց։

Ինքը՝ Արշակ Սադոյանը, Հայաստանի հարցով զեկուցող Դմիտրյու Վոլչիչի հետ հանդիպման ժամանակ այն տեսակետն է արտահայտել, թե շատ կարեւոր է Հայաստանի ընդգրկումը Եվրոպայի խորհրդում։ Դա հնարավորություն կտա Հայաստանի ժողովրդավարացման ընթացքը շատ ավելի սահուն հուն տեղափոխել, քանի որ, ինչպես Արշակ Սադոյանն է կարծում, 1994 թվականից սկսած, գործընթացները մեզանում հակառակ ուղղությամբ են պտտվում։ Եվրոպայի խորհրդի շրջանակներում ներկա լինելը Հայաստանում կապահովի մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունք, ինչպես նաեւ հնարավորություն կտա բարդացնել ընտրակեղծիքների մեխանիզմները եւ դրանք հասցնել նվազագույնի։ Մենք նաեւ եվրոպական պետությունների փորձի, կառավարման նրանց կառուցվածքներին ծանոթանալու հնարավորություն կունենանք, ինչը թույլ կտա ճիշտ որոշում ընդունել եվրոպական ընտանիքում մեր հետագա զարգացման ուղիները որոշակիացնելու առումով։ ԱԺՄ-ն շատ է կարեւորում խնդիրը եւ ամեն ինչ անելու է, որ Հայաստանը գնա իր պատկերացրած ուղիով։

Ցավալին այն է, որ այդ ճանապարհին ստեղծվում են արհեստական բարդություններ։ Արշակ Սադոյանն այն կարծիքին է, թե որոշակի արգելափակումներ են դրվում իրենց առջեւ՝ նկատի առնելով ԱԺՄ-ի հետեւողական ընթացքն առ ժողովրդավարական արժեքները։ Որոշակի ուժեր, նրա կարծիքով, փորձում են կեղծ տպավորություն ստեղծել եւ դրանով իսկ խոչընդոտել ԱԺՄ-ի մասնակցությունն արծարծվող հարցերին։ Դա արտահայտվում է նրանով, որ ԱԺՄ-ն իր ներկայացուցիչը չունենա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում։

Մեր զրույցի վերջում Արշակ Սադոյանը պարզաբանեց, թե ինչպես է Դմիտրյու Վոլչիչն իր մասին արտաբերել. «Դուք ոչ թե քաղաքական գործիչ եք, այլ՝ պոետ»։ ԱԺ պատգամավորն ասաց, թե դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ պարոն Վոլչիչը պարզապես բանաստեղծի հանգամանքը նկատի չուներ, այլ փիլիսոփայի։ Նրանց միջեւ ծավալվել է ոչ պաշտոնական խոսակցություն եւ այդ ընթացքում Արշակ Սադոյանը պարոն Վոլչիչին հարցրել է՝ դուք սիրո՞ւմ եք ձեր երեխաներին, հարազատներին։ Բայց կուզենայի ասեք նաեւ՝ մարդու համար ո՞րն է ավելի կարեւոր. ի՛ր ժողովրդի, թե մերձավորի շահը։ «Նա հավանաբար, չուզենալով պատասխանել այդ հարցին, արտաբերեց այդ նախադասությունը»։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031