Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

Ապրիլ 17,2024 12:09

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է կառույցի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Պատգամավորն իր ելույթում նշել է.

«Շնորհակալություն,

Պարո’ն նախագահ,

Հարգելի’ գործընկերներ,

Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 75-ամյակը, որի գոյության փաստն իսկ էապես բարելավել է ժողովրդավարական միջավայրը մեր մայրցամաքում:

«Եվրոպա» եզրույթն ինքնին դիտարկվում է որպես որակի ցուցիչ բոլոր հարթություններում` ներառյալ կյանքի, շրջակա միջավայրի, անվտանգության եւ, իհարկե, ժողովրդավարության որակը:

Եվրոպայի խորհրդի անդամ երկիր լինելու արտոնությունը ժողովրդավարության բարձր որակի, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության նկատմամբ լիարժեք հարգանքի վկայությունն է: Միեւնույն ժամանակ, այդ արտոնությունը երկնքից իջած բարիք չէ, եւ կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ամենօրյա ջանք գործադրի` պահպանելու մեր հիմնարար արժեքներին համապատասխանող ժողովրդավարության մակարդակը:

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների, հատկապես` այսօր, երբ մենք ականատես ենք լինում ագրեսիայի, պատերազմերի խժդժությունների, ճգնաժամերի եւ անկայունության ամենաահասարսուռ դրսեւորումներին, ինչպես Եվրոպայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Այստեղ` Եվրոպայի խորհրդում, մենք պետք է գործենք այն գիտակցմամբ, որ ժողովրդավարական խաղաղությունը պարտադիր պայման է իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն կառուցելու եւ պահպանելու համար:

Ժողովրդավարական խաղաղությունը նաեւ առանց որեւէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է:

Տիկնա’յք եւ պարոնա’յք, մենք ապրում ենք վիթխարի տեխնոլոգիական առաջխաղացման դարաշրջանում: Թվային դարաշրջանը կտրուկ փոփոխել է մեր կյանքը` բացելով նոր հեռանկարներ եւ հնարավորություններ` միեւնույն ժամանակ բերելով իր հետ նոր մարտահրավերներ, սպառնալիքներ եւ խոչընդոտներ:

Մենք չենք կարող եւ չպետք է հակադարձենք տեխնոլոգիական առաջընթացին, բայց մենք ունենք համընդհանուր պարտավորություն` տեխնոլոգիական զարգացումները ծառայեցնել ժողովրդավարության առաջընթացին, եւ, հետեւաբար, մեր առաքելությունն է ապահովել ժողովրդավարական միջազգային իրավական հիմք տեխնոլոգիական զարգացումների` ներառյալ արհեստական բանականությամբ տեխնոլոգիաների կարգավորման համար:

Հարգելի’ գործընկերներ, վերջին 75 տարիների ընթացքում մենք մշակել ենք ժողովրդավարության տարբեր հաջողված մոդելներ` հիմնված մեր հիմնարար արժեքների վրա: Այնուամենայնիվ, մենք չենք կարող ժխտել տարբեր անդամ պետություններում ժողովրդավարությունից նահանջելու խնդիրը:

Ժողովրդավարությունից նահանջը մտահոգիչ հիմնախնդիր է մեր կազմակերպության համար, եւ մենք չպետք է թերագնահատենք մեր բոլորի վրա վերջինիս ունեցած ազդեցությունը:

Մենք պետք է ակտիվորեն դիմակայենք դրան եւ ժողովրդավարությունից նահանջի նկատմամբ կիրառենք արժեքների, այլ ոչ թե իրական քաղաքականության վրա հիմնված մոտեցում` հավասար վերաբերմունք դրսեւորելով ժողովրդավարությունից նահանջող բոլոր երկրների նկատմամբ:

Տիկնա’յք եւ պարոնա’յք, մեր կազմակերպության նպատակն է նպաստել իրական ժողովրդավարության կառուցմանը, այլ ոչ թե արհեստական, կեղծ, անվանական կամ այլ փոխարինորդների ձեւավորմանը, որտեղ ժողովրդավարությունը օգտագործում է որպես շղարշ` ավտոկրատ ռեժիմները եւ նրանց իրավախախտումները քողարկելու համար:

Ուստի, մեր առաքելությունը ժողովրդավարությունից նահանջելու վաղ կանխարգելման իրական մեխանիզմների մշակումն է ու ամբողջ Եվրոպայում իրական ժողովրդավարության կայացմանը նպաստելը:

Շնորհակալություն»:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930