Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄՈՒՍԸ ԼԱՎ ԲԱՆ Է

Հուլիս 14,1999 00:00
toto

Համաշխարհային պրակտիկայում ընդունված կարգ է, երբ կառավարության նախագահը հրաժարական է տալիս, նա բնականաբար այլեւս չի մտնում նոր կաբինետ՝ նախարարի եւ անգամ փոխվարչապետի պաշտոնով։ Նրա չմտնելը ոչ թե օրենքով է արգելվում, այլ ցանկալի չէ զուտ բարոյական, ոչ նպատակահարմարության տեսակետից։

Հեռու չգնանք, վերցնենք մեր մեծ հարեւան եւ դաշնակից Ռուսաստանի օրինակը։ Երբ վարչապետ Վ. Չեռնոմիրդինը հրաժարական տվեց, նա այլեւս չմնաց նոր ձեւավորվող Կիրիենկոյի կաբինետում, իսկ երբ օգոստոսյան հայտնի դեպքերով երիտասարդ Ս. Կիրիենկոյին հրաժարեցրին, նա եւս հրաժարվեց ստանձնել անգամ փոխվարչապետի պորտֆելը։ Եվ, վերջապես, երբ Ե. Պրիմակովը հրաժարական տվեց, նա նույնպես հեռացավ, անգամ վերադարձի խոսք չէր կարող լինել իր սիրած արտգործնախարարի պաշտոնին։ Այսպես են վարվում բոլոր, ժողովրդական լեզվով ասած, նամուսով, պարկեշտ, բարոյական նորմերով առաջնորդվող պետական բարձրաստիճան այրերը։ Բայց եկեք ու տեսեք, որ մեր՝ Հայաստանի իրականության մեջ այդ ընդունված կարգից շեղում է արվում։

Ամենեւին էլ ոչ իր կամքով հրաժարական տված «արհեստավարժներից-արհեստավարժ» նախկին վարչապետ պրն Ա. Դարբինյանը, չհրաժարվելով իրեն արված առաջարկից, «նոր» ձեւավորված կաբինետում կրկին ստանձնել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։

Մի կողմ թողնենք խնդրի բարոյական կողմը եւ պարզապես ասենք, որ մի մարդ, որի ավելի քան մեկ տարվա վարչապետության շրջանում չի արձանագրվել երկրի սոցիալ-տնտեսական ոչ մի առաջընթաց, ընդհակառակը, այդ ընթացքում ավելի են վատթարացել ժողովրդի նյութական, ապրելակերպի պայմանները, այսօր առանց քաշվելու նորից ստանձնում է տնտեսական բարեփոխումների ոլորտի ղեկավարությունը։

Մեր կարծիքով, նախագահ Ռ. Քոչարյանի անցյալ տարվա կադրային քաղաքականության սխալներից մեկը հենց Ա. Դարբինյանին վարչապետ նշանակելն էր։ Որքան էլ փորձ արվի արդարացնել, թե դա «միջանկյալ» կառավարություն էր, կարծում ենք, դա ավելի շատ (Արշակ Սադոյանի տերմինաբանությամբ ասած) «միջաքանդ» կառավարություն էր։ Մեզանում կարծես ձեւավորվում է ավանդույթ, երբ ըստ էության գործեր ձախողած, ժողովրդին թշվառության մատնած մեծ կամ փոքր տրամաչափի պետական այս կամ այն պաշտոնյան, պատասխան տալու փոխարեն, ազատվում է մի աթոռից եւ տեղափոխվում մեկ այլ աթոռի։ Վերջին տասը տարվա ընթացքում տեղի ունեցած այս զանգվածային ալան-թալանի եւ անօրինությունների պայմաններում չի եղել մի հնչեղ դեպք, երբ բարձրաստիճան մի չինովնիկ դրա համար պատժվի։

Ասենք նաեւ, որ Վազգեն Սարգսյանի գլխավորած նորակազմ կառավարությունն էլ իր կազմով առանձնապես մեծ վստահություն չի ներշնչում։ Խոսքը ամենեւին էլ Վ. Սարգսյան անձ-գործչին չի վերաբերում (նրա կամքի եւ գործին նվիրվածության հանդեպ ունեմ որոշակի հավատ), այլ խոսքը վերաբերում է հին կաբինետի անդամների, շախմատային լեզվով ասած, ըստ էության փոխատեղությանը։

Մեզանում կրկին վերաձեւավորվում է խորհրդային ժամանակներից ժառանգված հայտնի նոմենկլատուրային համակարգ։ Ոմանք կարծում են, որ եթե իրենք նախարարի պաշտոնի են առաջ քաշվել, ուստի անփոխարինելի են եւ մտնելով կառավարման ընտրախավի մեջ՝ այլեւս հետընթաց չպետք է ունենան ու պետք է շարունակեն իրենց ճոխ ու բարեկեցիկ կյանքը՝ իրենց եւ իրենց ժառանգների համար։ Այս իմաստով էլ տիպիկ օրինակ է ցույց տալիս Ա. Դարբինյանը։ Առանց այն էլ նյութապես ապահով էկոնոմիկայի ներկայիս նախարարը, ասում են, չի կարողանում բաժանվել կառավարական դաչայից։ Այս կնշանակի արդյոք, որ մենք էլ այլեւս չե՞նք կարող բաժանվել ՀՀ 7-րդ վարչապետի մասին հիշողությունից, քանզի այն արդեն պատմություն է։ Մեկ տարուց ավելի որքան էլ փորձեցի խույս տալ հեռուստաէկրաններին շարունակաբար երեւացող այդ ակնոցավոր եւ ամեն նախադասության մեջ կարծիք արտահայտող մարդու պատկերից, ստացվեց, որ որպես էկոնոմիկայի նախարարի, էլի պարտադրված եմ (դատապարտված եմ) դիտել եւ լսել մեր տնտեսության հին ու նոր ռեֆորմատորի (բարեփոխիչի) պատկերն ու կարծիքը։

Երկրի եւ ժողովրդի քաղաքական բախտը այս կամ այն ղեկավար պետական պաշտոնյայի վստահելիս պետք է հաշվի առնել ոչ միայն եւ ոչ այնքան բանիմացությունը, արհեստավարժությունը (որի մեջ նույնպես տվյալ դեպքում խիստ կասկածում եմ), քաղաքական պատասխանատվությունը, այլ նաեւ մարդկային հատկանիշները՝ համեստությունը, պարկեշտությունը, ոչ պաշտոնասիրությունը, առաքինությունը եւ այլն։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031