Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի անհավանական արկածները

Հուլիս 22,1999 00:00
Toto

Հայերը Լեհաստանն օգտագործում են կամ որպես տրամպլին՝ այլ երկրներ փախչելու համար, կամ՝ որպես առեւտրական բիզնեսով զբաղվելու տարածք։ Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ չկա որեւէ պետական փաստաթուղթ, որով կկարգավորվի երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Հազարավոր հայեր Լեհաստանում են գտնվում անլեգալ պայմաններում։

Նրանց ժամանակ առ ժամանակ նեղում է լեհական «պոլիցայը», բայց հայերի ձեռքին ո՞վ կհամարձակվի օրինապահպան մնալ։ Լեհ «պոլիցայն» իր բաժինը ստանալով, հայ առեւտրականին հանգիստ է թողնում։ Առեւտրական բառն այս պարագայում խիստ հարաբերական է, քանի որ Լեհաստանում առեւտրով են զբաղվում գիտությունների հայ թեկնածուներ, վաստակավոր ուսուցիչներ, երբեմնի երգիչներ ու արվեստագետներ։ Լեհական առեւտրով հայերը կարողանում են ոչ միայն իրենք ապրել, այլեւ օգնում են Հայաստանում մնացած իրենց հարազատներին։

ՀՀ նախագահի լեհաստանյան այցի օրերին ԼՀ նախագահի հետ քննարկվեցին երկու երկրների միջեւ վիզային վերաբերող հարցերը։ ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին խոստացավ՝ «լավ հայերի համար վիզայի որեւէ խնդիր չի լինի, իսկ նրանք ովքեր մտադիր են գալ Լեհաստան, ապօրինի գործունեությամբ զբաղվելու, կհանդիպեն պրոբլեմների»։ Դժվար է ասել, թե վիզա տալուց լավն ու վատը ո՞նց են տարբերելու։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց պաշտպանել հայերի պատիվը, ասելով թե մենք աշխատասեր ժողովուրդ ենք եւ լավ օրից չէ, որ այս կամ այն երկիր ենք մեկնում։

Կրակովում մեզ դիմավորեցին մի խումբ հայեր, որոնք խնդրում էին հայտնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թե իրենք հայկական պետության աջակցությանն են կարոտ։ Հայերին արդեն 15 օր է արգելում էին իրենց բուն գործով՝ առեւտրով զբաղվել։ Իսկ լի օրերին, երբ ծաղկում է առեւտուրը, հայ առեւտրականները օրական 500 դոլար եկամուտ են ունենում, խեղճ օրերին՝ 200 դոլար։ Երեք սենյականոց բնակարանը՝ կահավորված, տաք եւ սառը ջրով, հեռախոսով եւ այլ հարմարություններով Կրակովում արժե 100 դոլար, Վարշավայում՝ 1 սենյականոցը (նույն հարմարություններով) 150 դոլար։ Վարձակալները հոսանքի, ջրի, լվացքի եւ այլ վարձեր չեն տալիս, դա մտնում է ընդհանուր վարձի մեջ։

Վարշավայի մարզադաշտի տարածքում մեր «Հրազդանից» ավելի մեծ, բայց շատ նման տոնավաճառ է գործում։ Սրա Բուռնաշը հայտնի մականունով Վանիկ Պետրոսյանի տղան էր։ Տոնավաճառը գերինտերնացիոնալ է։ Այստեղ նույնիսկ նեգրերը հայերեն են խոսում, իսկ հայերը՝ աշխարհի բոլոր լեզուներով։

Կյանքը տոնավաճառում սկսվում է գիշերվա ժամը 2-ից, երբ «պո խուրդո», այսինքն՝ մեծածախ, գնում են Մերձբալթիկայից բերված ապրանքը։ Ժամը 5-ի մոտերքը այդ ապրանքը նրանցից գնում է վերավաճառողների երկրորդ շերտը, իսկ լուսադեմին վերավաճառողների երրորդ շերտը սեղանիկների առաջ կանգնած առեւտուր է անում։ Սրանք հաճախ նույն մարդիկ են, ովքեր «պո եդինե» (հատով) առեւտուր անելուց բացի, նաեւ «պո խուրդո» (մեծածախ) առեւտուր են անում։ Ապրանքը հիմնականում չինական է, որը Լեհաստան է հասնում Ֆինլանդիայից եւ Մերձբալթիկայից։

Հայերն այս տոնավաճառում հարգված են, պրոֆեսիոնալ։ Իրենց աշխատածով նրանք ապրում են եւ ապրեցնում Հայաստանում բնակվող իրենց երեխաներին ու հարազատներին։ Տոնավաճառից դուրս գալիս մի բարձրահասակ նեգր համառորեն ինձ համոզում էր, որ իր վաճառած զգեստներից մեկը գնեմ։ Նեգրը այնքան հայավարի էր համոզում, որ դժվար էր նրան մերժել, սակայն շորն իմ ճաշակով չէր։ Հենց այս նեգրին էլ լուսանկարեցի, բայց ափսոս, ժապավենը լույս տեսավ ու նկարը չստացվեց։ Այդ պատճառով խնդրեցի Տոտոյին մի համով նկար անել։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031