Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԴ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԿԱ

Հունվար 19,2000 00:00

Հարցազրույց Անդրանիկ Մարգարյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում երկրի այսօրվա քաղաքական վիճակը եւ նախաքննության ընթացքը։

– Նախաքննության ընթացքի մասին ունենք այն տեղեկատվությունը, ինչ տալիս է պրն Ջհանգիրյանը, ոչ ավել, ոչ պակաս, եթե հաշվի չառնենք որոշակի վարկածներ, որոնք լրագրողներ, քաղաքական առանձին անհատներ ներկայացնում են։ Ես դա շատ բնական եմ համարում։ Յուրաքանչյուրը ազատ է իր կարծիքն արտահայտել, մյուսներին տեղյակ պահել։ Օրենքին հակառակ գործողություն մենք չենք տեսնում նախաքննությունը վարող մարմնի կողմից։ Այն հասարակական պահանջը, որ կա՝ արագ բացահայտվեն կազմակերպիչները, շատ ընկալելի է, մենք էլ ենք դա ցանկանում, բայց ամեն ինչ պետք է թողնենք, որ ընթանա բնականոն հունով։ Լավագույն ցանկությունն էլ ճնշում է նախաքննությունը։

«Միասնություն» դաշինքը շահագրգռված է, որ բացահայտումը օբյեկտիվ լինի, բացահայտվի այն իրական պատկերը, որ ստիպեց հինգ հոգուն կատարել այդ ահաբեկչական գործողությունը։ Որովհետեւ ցանկացած սուտ ինֆորմացիայի վրա, սխալ վկաների կամ ձերբակալվածների գործը դատարանում անմիջապես կպայթի։

– Պրն Մարգարյան, այսպիսի մի տարբերակ. ընդունենք՝ նախաքննությունը հասնում է իր բարեհաջող ավարտին եւ այնպիսի բացահայտումներ է անում, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը, պետության շահերին։

– Եթե այդ բացահայտումները հրապարակային չլինեն եւ ժողովուրդը չիմանա, հետագայում երկիրն ավելի մեծ վտանգի տակ կհայտնվի։ Հավատը կկորի պետության, իշխանության, ընդհանրապես, մարդը՝ մարդու նկատմամբ։ Մենք կսկսենք մտածել, որ մեր կողքի կանգնածը այն կազմակերպիչներից մեկն էր, որը չգիտես ինչ-ինչ պատճառով չբացահայտվեց։ Անկախ նրանից՝ դա ո՞վ կլինի, ի՞նչ կլինի, անպայման հրապարակային լինի եւ բոլոր, բոլոր շահագրգիռ կողմերն իմանան, որպեսզի ստեղծված լարվածության, կասկածանքի մթնոլորտը վերանա։

– Նախաքննության մարմինն ինչպե՞ս է աշխատում։

– Այն ինֆորմացիան, որ տվել է՝ կատարած աշխատանքի մասին տված տեղեկատվությամբ, նորմալ է։

– Այս պահին ինչպե՞ս եք գնահատում հանրապետության նախագահ-վարչապետ-Ազգային ժողով եռանկյունու հարաբերությունները։

– Ինչպես դուք տեղյակ եք, որեւէ կոնֆլիկտային իրավիճակ չի ստեղծվել այս պահին։ Եթե կոնֆլիկտային իրավիճակ լիներ, հասարակությունը եւ քաղաքական ուժերը տեղյակ կլինեին։ Իսկ այն ասեկոսեները, խոսակցությունները, որ տարածվում էին, ավելի շատ իրադրությունը ապակայունացնելու, անվստահության մթնոլորտը ավելի խորացնելու համար է։ Բոլոր դեպքերում այդ մթնոլորտը կա, բայց խորացնելը, իմ կարծիքով, այդ երեք թեւերին էլ ձեռնտու չէ։

– Լուրեր են պտտվում մի քանի նախարարների հնարավոր պաշտոնանկության կամ հրաժարականի մասին։ Հանրապետական կուսակցությունը ի՞նչ դեր ունի տվյալ նախարարների պաշտոնանկության (հնարավոր) հարցում։

– Ես չգիտեմ, ո՞ր նախարարներն են ցանկանում հրաժարական տալ, առաջին անգամ ձեզանից եմ լսում։ Այդպիսի հարց չի քննարկվել ոչ վարչապետի, ոչ նախագահի հետ։ Մենք մեր մոտեցումն ունենք, որ հայտնել ենք մեր խորհրդի ընդլայնված նիստում՝ պաշտպանել Վազգեն Սարգսյանի կառավարության եւ անձամբ Վազգեն Սարգսյանի մոտեցումները եւ դա պետք է շարունակվի նաեւ Արամ Սարգսյանի կառավարության հետ։ Այո՛, կառավարությունը, հավանական է, կունենա եւ կառուցվածքային փոփոխություններ, եւ նախարարների փոփոխություններ։ Բայց այդ խնդիրը պետք է լուծի հանրապետության վարչապետը եւ ոչ թե կուսակցությունը։

– Վարչապետը, ձեր կարծիքով, դառնո՞ւմ է Վազգեն Սարգսյանի արժանի ժառանգորդը, ինքը կայանո՞ւմ է որպես վարչապետ, ստացվո՞ւմ է իր աշխատանքը։

– Այո, ստացվում է։

– Արդարացնո՞ւմ է ձեր հույսերը։

– Մենք, ճիշտն ասած, այնպիսի չափանիշ եւ ժամկետ չենք դրել, որ Արամ Սարգսյանը կայանա որպես վարչապետ, որովհետեւ ցանկացած օր վարչապետի աշխատանքին բերում է նոր որակ։ Արամ Սարգսյանն, այո, պետական կառավարման ապարատում մինչ այդ բարձր պաշտոն չգրավելով, շատ արագ կողմնորոշվեց։ Իհարկե նրան շատ օգնեց Վազգեն Սարգսյանի փորձը, որը նա փոխանցում էր որպես եղբայր։ Արամ Սարգսյանն այսօր տիրապետում է իրավիճակին։

Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31