Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

«Մենք 90-ականներին ունեցանք Աշոտ Նավասարդյանի պատգամած Անկախ Հայաստանը։ Ցավոք, այսօր մենք ունենք բոլորովին հակառակ Հայաստան». Մարգարիտ Եսայան

Նոյեմբեր 03,2026 18:44 Share
Աջակցեք aravot.am-ին

«Աշոտ Նավասարդյանի պատգամները ակնհայտ են՝ ունենալ Անկախ, Միացյալ, Ուժեղ Հայաստան, որը ժամանակին ԱՄԿ-ականները եւ ապա՝ Հանրապետականները փորձեցին եւ իրականացրին։ Մենք 90-ականներին ունեցանք այդ Անկախ Հայաստանը։ Ցավոք սրտի, մենք ունենք բոլորովին հակառակ Հայաստան»,- այսօր՝ Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրը, Եռաբլուրում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը։

«Այսօր ամեն ինչ արվում է անկախությունը, Հայաստանի պետականությունը, Հայաստանի հայկականությունը ոչնչացնելու համար։ Չգիտեմ, տեղյակ եք, թե տեղյակ չեք, այսօր դպրոցներում հանձնարարականներ կան, զգուշացումներ կան դպրոցների տնօրեններին, որ երեխաներին հայրենասիրական որեւէ դաստիարակություն չտան եւ որեւէ միջոցառում չիրականացնեն։

Դրա ապացույցն է Արցախի պատերազմի հերոսների լուսանկարների, ստենդերի հեռացումը։ Դրա ապացույցն է այն, որ ԿԳՄՍ ամենաբարձր մակարդակով որոշ կոնկրետ դպրոցների տնօրենների եւ աշխատակիցների զգուշացնում են, որ հերիք է, շատ եք խոսում ռազմա-հայրենասիրությունից, շատ եք խոսում Արցախից, շատ եք սիրում հայկականությունը եւ այլն։

Իրականում եթե որեւէ ժողովուրդ կորցնում է իր պատմական հիշողությունը, դատապարտված է ոչնչացման։ Այսօրվա այս իշխանությունները մեր երկիրը, մեր պետականությունը տանում են ոչնչացման։ Եվ ամենացավալին այն է, որ մենք բոլորս գնում ենք ինքնաոչնչացման։ Իրենց գործողությունները հասկանալի են։ Իրենք զավթիչ են, օտար են, հայադավ են ու հայրենադավ։ Մեր գործողություններն են ինձ համար անհասկանալի, որ արդեն ութ տարին լրացավ՝ հանդուրժում ենք այս հայրենադավ, պետությանը դավաճանած, պետությունը ոչնչացրած իշխանիկների գոյությունը։

Բացարձակ աղերս չկա Աշոտ Նավասարդյանի ժամանակվա գաղափարախոսության, նրա տեսլականի եւ այսօրվա գաղափարախոսության եւ տեսլականի։ Այսօր իրականում ինչ են անում Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները։ Նրանք սերունդ են ոչնչացնում։ Մենք ասում ենք՝ Արցախը հանձնեցին։ Այո, Արցախը հանձնեցին։ Ասում ենք՝ Հայաստանի սուվերեն տարածքներում այսօր ադրբեջանցիներն են նստած։

Բայց երբ գլոբալ, խորքային նայում ես, թե սրանք այդ ամենին զուգահեռ ինչ վտանգավոր բան են անում, դա սերնդի ոչնչացումն է, սերնդի, ժողովրդի հիշողության ոչնչացումը։ Իսկ եթե սրանք կարողանան շարունակել, մենք շատ կարճ ժամանակում այլեւս չենք ունենա գիտակից, սկզբունքային, հայասեր, հայրենասեր ժողովուրդ եւ սերունդ։ Մենք կունենանք բույս։ Սերունդն այսօր՝ դպրոցականից մինչեւ ուսանող, դարձնում են բույս։ Եվ էական տարբերություն կա Աշոտ Նավասարդյանի գաղափարախոսության ու այսօրվա սրանց առանց «իզմերի» գործողությունների միջեւ։ Եվ սրա դեմն ուղղակի պետք է առնել։

Նավասարդյաններ այսօր էլ կան։ Վկա՝ Եռաբլուրի տղաները։ Երեկ էլ կային։ Չի կարող հայկական գենը, հայի իրական տեսակը ոչնչանալ ամբողջովին։ Շատ զավթիչներ են փորձել դա անել։ Փորձել են ցեղասպանել։ Բայց մենք այսօր կանք։

Անգամ 30 տարի առաջ ունեինք երկու հայկական պետություն։ Դա լինելու է։ Բայց դա լինելու համար մենք չպիտի նստենք, սպասենք, թե հեսա լինելու է։ Մենք ինքներս պետք է գործ անենք, մենք ինքներս, յուրաքանչյուրը պետք է դառնա Աշոտ Նավասարդյան կամ գաղափարի կրող, որ կարողանանք այդ գաղափարը սերունդների մեջ ներարկել, որ կարողանանք այս երկիրն ազատագրել, որ այս երկիրը էլի լինի հայկական պետություն, էլի լինի անկախ, էլի լինի արժանապատիվ, ինչին ձգտում էր Աշոտ Նավասարդյանը, ինչին ձգտում էին իր զինակից ընկերները»,- ասաց քաղաքական գործիչը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել