Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 04,2000 00:00

ԳՈՐԾԱԿԱԼ ԹԻՎ 001. Ո՞Վ Է ՆԱ Լիտվայի իշխանությունները վճիռ են կայացրել հատուկ ծառայությունների իրենց գործակալների մասին։ ՊԱԿ-ի աշխատակիցները պարտավոր են մեղայականով ներկայանալ իշխանություններին եւ բացահայտել իրենց Խթը-ական անցյալը։ Փոխարենը խոսք է տրվում այս ինֆորմացիան չհրապարակել։ Իսկ նրանք, ովքեր այդ բանը չեն անի, ի ցույց կդրվեն եւ կպախարակվեն։ Ամբողջ խնդիրն այն է, որ Լիտվայի այսօրվա իշխանությունները գործակալների ցանցի ամբողջ արխիվը չունեն, այսինքն՝ ոչ բոլորի մասին են կարող ինֆորմացիա հրապարակել։ Առայժմ ինքնաբացահայտվել են 300 գործակալ։ Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, առայժմ, ոչ ոք չի պատրաստվում բացահայտել։ Հայաստանի ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանավորները կտրուկ դեմ են գործակալական ցանցի բացահայտմանը։ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը մեզ հետ զրույցում կտրուկ շեշտեց, թե ինքը միշտ էլ դեմ է եղել գործակալական ցանցի բացահայտմանն ու հրապարակմանը։ Պարոն Շահնազարյանի ասելով, նրանք, ովքեր ուզում են բացել ՊԱԿ-ի արխիվները, չեն ուզում, որ Հայաստանը պետություն դառնա։ Եվ ի՞նչ երաշխիք, որ արխիվները բացելիս ջոկողություն չի լինի եւ չեն բացվի միայն տվյալ պահին հարկավոր գործակալների փաստաթղթերը։ Նույնպիսի կտրուկ տոնով հատուկ ծառայությունների գործակալական ցանցի բացահայտման դեմ արտահայտվեց Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանը։ Պարոն Պետրոսյանը չուզեց, որ իր խոսքը ձայնագրվի, սակայն մեր հարցին, թե ինչո՞ւ այն, ինչ կարելի է եւ անում են Լիտվան եւ Գերմանիան, չի կարող անել Հայաստանը, պարոն նախարարը հետաքրքիր պատասխան տվեց, մոտավորապես ասելով՝ եթե մենք էլ Գերմանիայի նման տնտեսապես հզոր լինեինք, գուցե կարելի կլիներ այդ մասին խոսել, բայց այսօր կտրականապես ճիշտ չի լինի արխիվները բացել։ ԱԱ նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա. Մանուկյանն ասաց, որ մեր արխիվները բաց են եւ ժամանակին շատերը հնարավորություն ստացան օգտվել դրանցից, այլ խոսք է գործակալական ցանցի բացահայտման հարցը։ Սրան պարոն Մանուկյանը եւս դեմ է։ Նրա ասելով՝ գործակալական ցանցի հրապարակումը սկզբունքորեն սխալ է, «որովհետեւ այդ մարդիկ պետական օրենքների շրջանակներում կատարել են իրենց սահմանադրական պարտքը, ճիշտ չի լինի այդ մարդկանց մասին վատ բան ասել»։ Չմոռանանք, որ շատերի համար Խթը-ն նույնացվում է իրար ծախելու, գցելու, մատնելու գաղափարներին։ Սակայն պարոն Մանուկյանն այս մտքի հետ համաձայն չէր. «Այդ իմաստով համաձայն չեմ, որովհետեւ ՊԱԿ-ի շրջանում, երբ ես էլ այդ համակարգում եմ եղել, ՊԱԿ-ը համարվում էր ամենամաքուր կազմակերպությունը, սա հպարտությամբ եմ ասում։ Իհարկե, իդեալական չէր, բայց հասարակության համար դա մի իդեալական կազմակերպություն էր, երբ մարդիկ չգիտեին ում դիմեին իրենց խնդիրներով, դիմում էին ՊԱԿ-ին եւ, իրոք, օրինական օժանդակություն էին ստանում»։ Պարոն Մանուկյանի ասելով, ճիշտ չէր լինի այս կազմակերպությունից Բոբո սարքել. «Իրականում հիմնական զանգվածը գիտի, որ դա պետությանն անհրաժեշտ մարմին է, որը եթե պետք է լիիրավ աշխատի, պետք է աշխատի գործակալական ցանցի հետ»։ Պետական ո՞ր պաշտոնյան է ի պաշտոնե լիիրավ տիրապետում հատուկ ինֆորմացիայի կամ հնարավորություն ունի ցանկացած ժամանակ գաղտնի տեղեկատվություն ստանալ հատուկ ծառայություններից. «Ընդհանուր առմամբ ազգային անվտանգության գերատեսչությունը, բնականաբար, ենթարկվում է երկրի նախագահին, վարչապետին եւ, ըստ էության, բոլոր այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է նրանց գործունեության համար, պարբերաբար տրվում է նրանց։ Եթե լինում են կոնկրետ հարցադրումներ, դրանց պատասխանները տրվում են։ Շատ բնական է, որ երկրի նախագահի առջեւ որեւէ փակ հարց իր հանրապետությունում լինել չի կարող։ Իսկ որպեսզի այդ հարցը համակարգվի, անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան օրենքն ընդունվի»։ Եթե որեւէ պետության մեջ ահաբեկչություն է տեղի ունենում, առաջին հերթին մեղավորն ազգային անվտանգությունն է, ուրեմն՝ լավ չի աշխատում. «Գործակալական ապարատի քննադատությունը տարօրինակ է այնքանով, որ հենց որ վատ իրողություն, ահաբեկչություն է տեղի ունենում, իսկույն հիշում են, որ ազգային անվտանգության մարմին կա, որը պետք է կանխեր։ Պատկերացում չկա, թե ինչ ճանապարհով պետք է դա արվի։ Երբ հեռախոսի լսելու հարց է ծագում, քննադատություն է գնում, կամ մարդկանց հետապնդման խնդիր է դրվում, քննադատվում է։ Եթե լինեն ե՛ւ գործակալական ցանցը, ե՛ւ օրենքները, բնականաբար, շատ ահաբեկչական եւ նման խոշոր հանցագործություններ կարելի է կանխել։ Սա ճանապարհ է, որը խոսում է հօգուտ գործակալական ցանցի»։ Ունենա՞լ, թե՞ չունենալ գործակալական ցանց, թերեւս, միամիտ հարց է։ Բացե՞լ, թե՞ չբացել ՊԱԿ-ի արխիվները։ Սա էլ հարց է, որը ժամանակ առ ժամանակ հրապարակ է նետվում եւ միանշանակ չի ընդունվում։ Անկախ այս ամենից, Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող շենքը շատերի համար շարունակում է մնալ (եւ՝ է) ամենամութ եւ խորհրդավոր գաղտնիքների խորհրդանիշ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Ավելի մանրամասն «լիտվական փորձի» մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել