Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 16,2000 00:00

Զեյթունցիները դիմել են վճռաբեկ դատարան ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, «Զեյթուն» ուսանողական հանրակացարանի դեմ քաղաքացի Նազիկ Ղարիբյանի հայցը այս տարվա մարտի 24-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում բավարարվեց մասնակիորեն։ Ըստ դատարանի վճռի, հօգուտ Ն. Ղարիբյանի (որն իր անչափահաս որդու հետ «Զեյթուն» ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի թիվ 17 սենյակն է զբաղեցրել վարձակալական հիմունքներով) պետք է բռնագանձվի 14.800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ որպես պետտուրք՝ 444 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ «Առավոտը» տեղեկացավ, որ վերաքննիչ դատարանի այս վճռի դեմ ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատ վճռաբեկ բողոք է բերել հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Վերջինս գտնում է, որ վերոնշյալ վճիռը պետք է բեկանվի, ավելին՝ գործն ուղարկվի նոր քննության։ Փաստաբանն անդրադառնում է ուսանողական հանրակացարանում 1993թ. բռնկված հրդեհին, այդ կապակցությամբ հարուցված քրեական գործին։ «Քաղաքացիական գործի նյութերից երեւում է, որ հրդեհի օջախը գտնվել է ուսանողական ավանի թիվ 1 մասնաշենքի 2-րդ հարկի թիվ 13 սենյակում։ Այն առաջացել է նշված սենյակի բնակիչներ, Հնդկաստանի քաղաքացիներ Կումար Մանուջի եւ Պրամինդրայի կողմից բաց կրակի օգտագործմամբ։ Հրդեհի փաստի առիթով 1993թ. հունվարի 4-ին ՀՀ քրօրի 238 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Գործի նախաքննությունը 1993թ. հուլիսի 4-ին կասեցվել է Կումար Մանուջի եւ Պրամինդրայի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով։ Հետագայում քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է, իսկ 1999թ. դեկտեմբերի 30-ին քրեական գործը կարճվել է վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառով»։ Փաստաբանի կարծիքով, դատարանն՝ ընդունելով, որ վնասն առաջացել է ոչ պատասխանողի մեղքով, կիրառել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1985թ. դեկտեմբերի 17-ի թիվ 729 որոշմամբ հաստատված «Հանրակացարանների մասին օրինակելի կանոնադրության» 31 կետը, «ըստ որի, իրավահարաբերությունը կարգավորելու ժամանակ գործող ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 432 հոդվածին համապատասխան, հանրակացարանի ադմինիստրացիան պատասխանատվություն է կրում քաղաքացիների այն գույքի անվնասության համար, որ գտնվում է նրանց հատկացված տարածություններում, չնայած այդ գույքը, բացի դրամից ու թանկարժեք իրերից, հատկապես չի տրվել հանրակացարանի պահպանությանը»։ Ընդսմին, առարկությունների հիմքում դրված է նաեւ այս հանգամանքը, թե «Մինչեւ 1999թ. հունվարի 1-ը ծագած պայմանագրային եւ այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո, այն դեպքում, երբ հայցվորի համար իրավունքներն ու պարտականությունները ծագել են մինչեւ նոր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ընդունումը՝ 1993թ.»։ «Առավոտը» քաղաքացի-հանրակացարան- նախարարություն վեճին ավելի մանրամասն կանդրադառնա գործը վճռաբեկ դատարանում լսելուց հետո։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել