Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 18,2000 00:00

ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԾՈՒՌ ՃԱՆԱՊԱՐՀ Կառավարությունը փորձում է լուծել իր եւ «Պեռնո Ռիկարի» հակասությունները Երեկ գյուղնախարար Զավեն Գեւորգյանը հայտարարեց, թե այս տարի «Գրեյթ Արարատը» կմթերի մոտ 20 հազար տոննա խաղող։ Սա գրեթե նույնքան է, որքան սովորաբար մթերում է «Պեռնո Ռիկարը»։ Այս տարի «Պեռնո Ռիկարը» որոշ պայմաններ է դրել, որոնց չկատարման դեպքում ինքը հրաժարվում է խաղող մթերել։ Իսկ ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի «Պեռնո Ռիկարը» խաղող մթերի։ Գյուղնախարար Զավեն Գեւորգյանը այսպես պատասխանեց հարցին. «Դժվարանում եմ ասել, «Պեռնո Ռիկարի» համարյա բոլոր պահանջները, որոնց մեջ կային նաեւ օբյեկտիվ մոմենտներ, լուծված են։ Այսինքն՝ մեր պետական գործարանները չեն արտադրում կոնյակ, Պետերբուրգի գործարանը աճուրդի միջոցով դրեցինք՝ չվաճառվեց, ուղիղ ճանապարհով վաճառեցինք։ Որոշումը կա, շուտով կվավերացնի ՀՀ նախագահը»։ Գործարանը վաճառվել է 300 հազար դոլարով, գումարած՝ պարտքերը։ Գնորդն ո՞վ է. «Եթե չեմ սխալվում՝ գնորդը ռուսական «ղՏսՏՊ»-ն է»։ Սարատովի կոնյակի գործարանը, գյուղնախարարի ասելով, սնանկ է հայտարարվել, ամսի 24-ին կամ 25-ին կլուծարվի. «Մնում է միայն Մոսկվայի գործարանը, որը միայն գինի պետք է արտադրի»։ Հիշեցնենք, որ Սարատովի գործարանի տարածքում (ՀՀ պետական ձեռնարկություն) ստեղծվել է ռուսական ձեռնարկություն, նույն գույքով, նույն տեխնիկայով եւ նույն տնօրենով, որը հայկական կոնյակ է արտադրում, անունը՝ Արարատ, վրան էլ՝ եռագլուխ Արարատ սարը (իրենց ասելով՝ Ֆուձիյամա)։ Նույնը նաեւ Սանկտ Պետերբուրգում՝ նույն ձեռնարկությունը շարունակում է հայկական կոնյակ լցնել (ապրանքանշանը եւ անվանումը՝ նույն Արարատն է)։ Ըստ գյուղնախարարի, դա արդեն դուրս է գալիս գյուղնախարարության իրավասության սահմաններից։ Դա կարգավորվում է ՌԴ օրենքներով։ Հարկավոր է դիմել օրենքին եւ, կարծում եմ, դա, ըստ էության, կարող է կարգավորվել նաեւ ինչ-որ չափով մեր ԱԳՆ-ի միջոցով։ Իսկ եթե այս մեկ տարին չտրվեր ՌԴ-ում գործող ՀՀ պետական ձեռնարկություններին, վերջիններս կհաջողացնեին ռուսական դառնալ. «Ես վատ բան չեմ ուզում ասել Ռուսաստանի օրենքների մասին, բայց Ռուսաստանում ֆիրմա բացելու համար մեկ օրը բավական է»։ Առիթն օգտագործելով, գյուղնախարար Զավեն Գեւորգյանին հարցրինք, թե ո՞վ է կամ ի՞նչ է «Դոնա Կիլիկիան»։ Վերջինս ասաց, որ «Դոնա Կիլիկիայի» գործողություններն օրինական չեն, բայց դուրս են գյուղնախարարության իրավասություններից։ Իսկ եթե «Պեռնո Ռիկարը» «Դոնա Կիլիկիայի» հարցով Ռուսաստանում դիմի դատարան, մեր կառավարությունը կաջակցի՞. «Եթե «Պեռնո Ռիկարը» այդ աջակցության կարիքը ունի, անպայման մենք կաջակցենք»։ Սովորաբար առանձնապես եկամտաբեր ձեռնարկություններ, արտադրության ճյուղեր լուրջ «տանիք» են ունենում կառավարությունում։ Ո՞վ է դրսի հայկական «կոնյակագործության» «տանիքը» այս կառավարությունում, եւ ովքե՞ր են եղել նախորդ կառավարություններում։ Գուցե նա (կամ՝ նրանք) նույն մարդն է. «Ճիշտն ասած, ես ձեր ակնարկը մոտավորապես կռահում եմ։ Ես չեմ կարող ասել, թե որ գործարանը ինչպիսի տանիք ունի, բայց այն հանգամանքը, որ այդ գործարանները մենք շատ հեշտությամբ կարողացանք պետականորեն լիկվիդացնել, վաճառել, եւ ոչ մի ձեր ասած տանիքի նման մարդիկ մեզ չխանգարեցին, ես կարծում եմ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել