Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուչարյանը լո՞ւրջ է, թե անլուրջ

Նոյեմբեր 02,2000 00:00
gagik jhangiryan

Զինդատախազ Գ. Ջհանգիրյանը մի քանի լրատվամիջոցների տված մամուլի ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, պատասխանելով «Ուսումնասիրվե՞լ է այն վարկածը, թե Գոբլի ծրագիրն ու հոկտեմբերի 27-ը փոխկապակցված են», ասել էր.

«Մենք այդ առնչությամբ ե՛ւ քննչական, ե՛ւ օպերատիվ հետախուզական որոշակի աշխատանք գործի քննության սկզբնական փուլում կատարել էինք։ Երբ ժամանակը գա, կծանոթանան այդ մասին։ Խնդիրն այն է, որ այժմ Աշոտ Մանուչարյանը եւ մի շարք անձինք հայտարարում են, որ տիրապետում են որոշակի փաստերի, որոնք ապացուցում են, որ հոկտեմբերի 27-ը տարածքների փոխանակման ծրագրի նկատմամբ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի դիրքորոշումների ուղղակի հետեւանքն էր։ Այդ պատճառով այլ ելք չունեինք, քան պրն Մանուչարյանին զինդատախազություն հրավիրելը։ Սա պարտադրում է մեզ օրենքը»։ Հարցերին պատասխանում է «Սոցիալիստական Հայաստան» միավորման մամուլի հետ կապերի պատասխանատու Հրայր Մարգարյանը։

Պարոն Մարգարյանի ասելով. «Ոչ ոք մինչեւ այսօր լուրջ հակափաստարկ չի ներկայացնում Աշոտ Մանուչարյանի ասածներին։ Ընդհակառակը, մարդիկ, ովքեր մինչեւ Մանուչարյանի խոսելը լռում էին Գոբլի ծրագրի մասին, այժմ սկսեցին խոստովանել, որ տարածքների փոխանակման նման տարբերակ քննարկվել է, Գոբլի ծրագրի մասին խոսք եղել է, բայց՝ մերժվել։ Եթե խոսք չի եղել, ինչո՞վ են բացատրվում Անդրանիկ Մարգարյանի հետ եղած քննարկումները»։ Հրայր Մարգարյանի կարծիքով՝ «Աշոտ Մանուչարյանին զինդատախազություն կանչելը միայն գործիք է, իրականում դա ոչ մի կապ չունի հոկտեմբերի 27-ի գործի հետ։ Ճնշումները սկսեցին այն բանից հետո, երբ Մանուչարյանը Քոչարյանին մեղադրեց այդ տարբերակի միտումնավոր քողարկման մեջ»։ Աշոտ Մանուչարյանին վերջերս ավելի հաճախ են անլուրջ համարում. «Անլրջության մեջ մեղադրողները ճիշտ են այնքանով, որքանով Աշոտ Մանուչարյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել, բայց հարստություն չի դիզել, ոչ էլ արտասահմանյան շրջագայությունների է մեկնել։ Ի դեպ, Աշոտ Մանուչարյանին նաեւ 94-ին էին մեղադրում «անլրջության» մեջ, երբ Մանուչարյանը հայտարարեց, որ ՆԳ համակարգում ստեղծված են հատուկ բանդաներ։ Կյանքը ցույց տվեց այն ժամանակվա «անլուրջ» հայտարարությունների լրջությունը։ Աշոտ Մանուչարյանին այսօր անլուրջ համարողները այն մարդիկ են, ովքեր հայտնի են իրենց պատեհապաշտությամբ։

Հենց այս պատեհապաշտների չափանիշներով իրոք անլուրջ է, երբ մարդը բարձր պաշտոններ զբաղեցնելով, «մերսեդեսներ» չի քշում եւ դղյակներ չի կառուցում։ Անլուրջ է, որովհետեւ երբ ժամանակին «Голос Армении» թերթին ՀՀՇ-ն ճնշում էր, դատի տվեց, ոչ մի «լուրջ» քաղաքական գործիչ չաջակցեց թերթին, բացի Աշոտ Մանուչարյանից։ Երեւի անլուրջ էր նաեւ այն, որ Մանուչարյանը ամեն ինչ արեց Դաշնակցությանը, Վահան Հովհաննիսյանին եւ մյուսներին օր առաջ ազատելու համար»։ Հրայր Մարգարյանի կարծիքով՝ «Մամուլի որոշ միջոցներ պատվեր են կատարում՝ Աշոտ Մանուչարյանին անլրջության մեջ մեղադրելիս»։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930