«Հոկտեմբերի 27-ից մեր հասարակությունը, որոշ «քաղաքական ուժեր», այդպես էլ դասեր չեն քաղել։ Որովհետև դա ամենամեծ հարվածն էր, որ տրվեց նորանկախ Հայաստանի պետականությանը, և այդ հարվածի ցնցումները մինչև այսօր զգացվում են։ Ես անձամբ 2018-ին տեղի ունեցածը կապում եմ նաև հոկտեմբերի 27-ի հետ․ դա հոկտեմբերի 27-ի ճյուղերից էր։ Երբ այն ժամանակ չհաջողվեց, ինչ-որ բաներ խանգարեցին, 2018-ին որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ հասան իրենց նպատակին։ Եթե այս ամենը այսպես չլիներ, և 2018-ին տեղի չունենար «հեղափոխությունը», կկարողանայինք մեր հավաքած դասերով ավելի ամրացնել պետականությունն ու բանակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 27-ի չքաղած դասերին, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը, որը հոկտեմբերի 27-ի տարելիցի կապակցությամբ այցելել էր Եռաբլուր։
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը հոկտեմբերի 27-ի գործով ոչինչ չի բացահայտելու։
«Ներկայիս իշխանությունը շոումեն է, մանիպուլյատոր է, այլոց հանձնարարականները կատարող է։ Ինչպես ամեն անգամ հրապարակ են նետում մարտի 1-ի չակերտավոր բացահայտումը, նույն բառապաշարով հրապարակ են նետում հոկտեմբերի 27-ի բացահայտումը։ Նրանք որևէ բան բացահայտելու, նախ՝ անկարող են, ցանկություն չունեն։ Երկրորդ՝ մենք դեռ որպես հասարակություն ինքներս պետք է բացահայտենք նրանց բոլոր հոկտեմբերի 27-երը, մարտի 1-երը, բանակի անկումը, Արցախի հանձնումը, պետականության ավերումը։ Ժողովուրդն ինքը պետք է բացահայտի այսօրվա իշխանությունների բոլոր դավաճանություններն ու հանցագործությունները։ Ժամանակն է, որ հասարակությունը տեր կանգնի այս երկրին»,- ասաց Եսայանը։
Կարդացեք նաև
Մարգարիտ Եսայանը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե եթե համապետական և ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթում է, արդյոք դա չի՞ նշանակում, որ ժողովուրդը դեռ պատրաստ չէ փոփոխությունների։
Եսայանն ասաց, որ համաձայն չէ այն պնդմանը, թե ընտրություններում ՔՊ-ն հաղթում է։
«ՔՊ-ն գնում է ընտրակեղծիքների, բռնությունների ճանապարհով, բոլոր ընդդիմադիր թեկնածուներին բռնում, փակում է, ինչ-որ գործեր է կիրառում։ Չի հաղթում, ուժ է գործադրում։ Սա պետություն չէ, բռնապետություն է, որն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ։ ՔՊ-ն չի հաղթել հունիսի 7-ին, այս ՏԻՄ ընտրություններում էլ չի հաղթել։ ՔՊ-ն ուժ է գործադրում։ ՔՊ-ն մի բանում է հաղթել՝ ուժային կառույցներն իրեն է ենթարկել՝ բռնի ուժ գործադրելով ՀՀ-ում փորձում է պահել իշխանությունը»,- նշեց նա։
Հարցին, թե Փաշինյանը վերջերս խոսել է արտահերթ ընտրությունների մասին՝ Սահմանադրությունը փոխելու հարցով պայմանավորված, այդ դեպքում որտեղի՞ց է իշխանության վստահությունը, որ կկարողանա անցնել այդ գործընթացը, Եսայանը պատասխանեց.
«Իմ կարծիքով՝ նպատակ ունի այս խորհրդարանը ցրելուց հետո խորհրդարանում ունենալ իր քիմքին հաճո ընդդիմություն։ Ընդդիմափոխության խնդիր է դրել։ Որտեղի՞ց ունի վստահություն․ բոլոր ուժային կառույցներն իրեն տալիս են այդ վստահությունը՝ մարդկանց բռնելով, կալանավորելով…»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































