Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00

;l … ԵՎ ԱՅԼՆ ՀԵԼԼՈ՜, Ա՛Պ ՋԱՆ Լսելով Հայաստանի՝ Եվրախորհրդին «դե ֆակտո» անդամակցելու ուրախալի լուրը, «Առավոտը» որոշեց մի քանի հանրածանոթ հայաստանցիներից տեղեկանալ՝ սկսե՞լ են նրանք իրենց եվրոպացի զգալ, թե՞ դեռ ոչ։ Ցավոք, հարցի հումորն ընկալեց ու մի լավ ծիծաղեց միայն ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը։ Մնացած զրուցակիցներս չափից դուրս լուրջ էին իրենց պատասխաններում։ Երեւի կյանքն է ստիպում այդքան լրջմիտ լինել։ Գագիկ Ասլանյան (ԱԺ փոխնախագահ)- Մենք ընդամենը դարձանք Եվրախորհրդի անդամ։ Դրա համար իրոք պետք է շնորհավորենք ինքներս մեզ։ Սա գնահատականն է մեր այս վերջին տարիների վարած քաղաքականության։ Մենք մոտենում ենք եվրոպական չափանիշներին՝ քաղաքականությամբ եւ գործունեությամբ։ Կարծում եմ, գնահատականի հետ միասին պետք է ակնկալենք նաեւ արդյունքները, որոնք ամենակարեւորն են, որովհետեւ այս անդամակցությունը չի կարող լինել ինքնանպատակ։ Պետք է ունենանք այնպիսի կենսամակարդակ, ապրենք այն կյանքով, որով ապրում են զարգացած երկրների շարքային եվրոպացիները։ Ես սա գնահատում եմ որպես սկիզբ, որպես առաջին քայլ։ Շատ բան կախված է մեզնից, մենք պետք է մտածենք, որ մենք ենք մեր տունը կառուցելու, հույսներս չդնենք ուրիշների վրա։ Անկախության տասը տարիները ցույց տվեցին, որ երբ մեզ համար դոնորի դեր են կատարում, դա ավելի շուտ վատ ազդեցություն է ունենում, քան լավ։ Մենք պետք է քարը քարին դնենք, դրա համար մեզ պետք է կայուն վիճակ, պարկեշտություն, արժանապատվություն եւ որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։ Վլադիմիր Մովսիսյան (ՀՀ վարչապետի խորհրդական)- Ինձ համար դա մեծ եւ ուրախալի իրադարձություն է։ Կա երկու կողմ, որ մեր ժողովրդի համար շատ դրական է։ Առաջին՝ որ հավուր պատշաճի գնահատվեց ժողովրդի արժանապատվությունը եւ, երկրորդ՝ որ Հայաստանը նստում է կողք-կողքի քաղաքակիրթ պետությունների հետ։ Սա մեր երկրի ճանաչումն է, որը ոչ միայն այսօրվա, այլեւ մեր դարավոր մշակույթի, պատմության, հերոսամարտերի, զսպվածության, աշխատասիրության, իմաստնության արդյունքների ընդհանուր գնահատականն է։ Մենք կարող ենք պարզ ճակատով, արժանապատիվ նստել Եվրախորհրդում՝ որպես լիիրավ անդամ, որովհետեւ մենք աշխարհին պարտք չենք։ Թող սա սնապարծություն չդիտվի՝ մենք տվել ենք աշխարհին ինչ որ կարողացել ենք։ Երբ մեզ ստիպեցին ցրվել աշխարհով մեկ, մենք աշխարհին նորից ապացուցեցինք, որ պատրաստ ենք եւ կարող ենք բոլոր ազգերի հետ շատ խաղաղ ապրել։ Եթե կարող ենք բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ, իսկ մեր հարեւանի հետ չենք կարողանում բարիդրացիական ապրել, պատճառը թող մեր մեջ չփնտրեն։ Այս բոլորով հանդերձ, մենք պետք է լինեինք այդ կառույցում, որտեղ բոլոր քաղաքակիրթ երկրներն են հավաքված։ Եվ մենք այսօր մեր արժանապատիվ տեղն ունենք։ Սոս Սարգսյան (ՀՀ ժող. դերասան, Երեւանի թատերական եւ կինոարվեստի պետական ինստիտուտի ռեկտոր)- Ես ինձ հա՛յ եմ զգում։ Կարծում եմ՝ մեր զգացողության վրա Եվրախորհրդին անդամակցելը ազդեցություն չի թողնի։ Մենք կշարունակենք մեզ զգալ այն, ինչ որ եղել եւ զգացել ենք։ Չպիտի փոխվենք եւ ճիշտը սա է։ Կամո Արեյան (Երեւանի փոխքաղաքապետ)- Ի՞՜նչ, ես հայ եմ, ուրիշ ոչ մեկ։ Վարդան Այվազյան (ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբակցության ղեկավար)- Կներեք, ես ինձ համարում եմ այն, ինչ նախկինում եղել եմ։ Ինձ թվում է՝ ռեալ կարգավիճակում որեւէ բան չի փոխվել։ Չի կարելի մի կառույցի մեջ ընդգրկվելով՝ միանգամից համարվել եվրոպացի։ Ես ինձ համարում եմ հայ։ Ուրախ կլինեմ, որ այս երկուսի միաձուլման նման ինչ-որ բան ստացվի։ Եվրախորհրդի անդամակցությունը համատեղ ապրելու կանոնների հաստատման հիմքն է տալիս։ Այնպես որ, մի օրում չի կարելի փոխվել, եվրոպացի դառնալ։ Եվ դա ինձ համար գերխնդիր չէ՝ դառնալ եվրոպացի։ Պետք է նախեւառաջ լավ հայ լինես եւ թող եվրոպացին ցանկանա լավ հայ դառնալ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ ՈՉ ՀԱՅԵՐԵՆ ԿԵՆԱՑՆԵՐ Նոյեմբերի 4-ին Մալիշկա գյուղի Սուրբ Աննա եկեղեցու օծման կապակցությամբ ասվել ու գրվել են դրվատանքի բազում խոսքեր։ Բայց մի երեւույթի մասին չի ասվել եւ, եթե չհաշվենք սա, չի էլ ասվի։ Եկեղեցու օծման ու նրան հաջորդած ճաշկերույթի ժամանակ եղան բազմաթիվ ելույթներ ու բաժակաճառեր։ Օրվա գլխավոր հերոսը՝ Արա Աբրահամյանը (ներկայումս՝ մոսկվաբնակ) իր համագյուղացիներին ուղղված խոսքն ու կենացները գերադասում էր ասել ծիծաղաշարժ ու, մեղմ ասած, ոչ գրագետ ռուսերենով։ Եվ եթե ազգությամբ հայ ու հայերեն իմացող, սակայն ՌԴ քաղաքացուն ոչ հայերեն խոսքը գուցե (՞) «ներելի է», ապա ոչ մի կերպ ներելի չէ ՀՀ ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանին, որի մեջ այնքան շատ էր ռուս հյուրերին հաճոյանալու եւ իր հայրենակիցներին, իր պետությունը, նրա օրենքներն ու պետական լեզուն արհամարհելու մոլուցքը, որ կենացներից մեկը սկսելով հայերեն եւ սթափվելով, այնպես եռանդագին ներողություն խնդրեց իր ոչ ռուսերեն նախաբանի համար, որ ես՝ հայս, խղճացի ազգիս։ Հետո ԱԺ նախագահը հանկարծ մտաբերեց առանձին սեղանի շուրջ մի տեսակ անկապ քեֆ անող բելգիացի հյուրերին եւ մի կենաց էլ նրանց ուղղեց, դե, իհարկե, անգլերենով։ Ի՞նչ փույթ, որ Բելգիայում խոսում են ֆլամանդերեն կամ ֆրանսերեն։ Շփոթված բելգիացիներն իրար նայեցին՝ մեզ էլ հիշեցին։ Իսկ հայե՞րը։ Ի՞նչ հայեր։ Ի՞նչ հայ ազգ, ի՞նչ հայոց լեզու։ Կորչի՛ այս ամենը։ Կարեւորը մեր տերերն են։ Ի՞նչ Հայաստան, ի՞նչ հայոց խորհրդարան, ի՞նչ խորհրդարանի նախագահ, ի՞նչ լեզվի տեսչություն, ի՞նչ պատժամիջոցներ։ Էս ենք մենք։ ՎԱՀԱԳՆ ՈՍԿԱՆՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս տարվա նիստում «Իզմիրլյան» հիմնադրամի ներկայացուցիչը հայտարարեց «Նպաստներ զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների երեխաներին» ծրագրին աջակցելու իրենց պատրաստակամությունը։ Օրերս հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակում «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Ժակ Սարգսյանը եւ հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը ստորագրեցին բարեգործական նվիրատվության պայմանագիր՝ համաձայն որի, «Իզմիրլյան» հիմնադրամը «Նպաստներ զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների երեխաներին» ծրագրին 13 տարվա համար կհատկացնի 650 հազար դոլար՝ ամեն տարի փոխանցելով 50 հազար։ Այս ծրագիրն «Իզմիրլյան» հիմնադրամն իրականացնում է ի հիշատակ Մերի եւ Սարգիս Իզմիրլյանների։ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՄԻ՛ ՄԱՐԵՔ ԿԱՆԹԵՂԸ Անկախությունը խթան հանդիսացավ մեր երկրում նոր (եւ շատ) համալսարանների ստեղծմանը, իսկ վերջիններիս սեփական թերթ ունենալու շահագրգռությունը մեր օրերում խրախուսելի է։ Նորաբաց բուհերը, իրենց առաջին քայլերը ճիշտ ուղու վրա դնելու համար, օրինակ են վերցնում հին համալսարաններից։ Կրթական ծրագրերի հարցում նրանք շատ բան ունեն սովորելու Երեւանի պետական համալսարանից: Ցավոք, նույնը չեմ կարող ասել համալսարանական թերթի մասին։ Ի՞նչ պետք է ընդօրինակեն նորաստեղծ բուհական պարբերականները «Երեւանի համալսարան» թերթից: Ի դեպ, այն հանդիսանում է մեր շատ սիրելի Երեւանի պետական համալսարանի պաշտոնաթերթը։ Մի թերթ, որի պատմությունը այնքան հին է, որքան համալսարանինը։ Ցավով պետք է նշեմ, որ այսօր ընկել է թերթի ե՛ւ որակը, ե՛ւ հեղինակությունը։ Ինչո՞ւ, ո՞վ է մեղավոր։ Ինչո՞ւ մայր բուհում սովորող ուսանողների 80%-ը «Երեւանի համալսարան» թերթի գոյության մասին գաղափար անգամ չունի։ Ինչո՞ւ է տիրաժի գրեթե կեսը (մոտ 200 օրինակ) պահվում խմբագրի անձեռնմխելի պահարաններում։ Ո՞վ է մեղավոր, որ թերթում մի հետաքրքիր նյութ, մի գեղեցիկ գրական աշխատանք չկա (վերջապես սա բուհական թերթ է, չէ՞)։ Այն այսօր դարձել է մահախոսականների թերթ։ Խմբագրություն մտած ուսանողը ինչո՞ւ երկրորդ անգամ չի թակում այդ աննկատ դուռը, որովհետեւ այնտեղ տարված գրեթե բոլոր նյութերը «մերկացվում» եւ «հարմարեցվում» են խմբագրի գրչին։ Քանի որ խմբագիրը կատարյալ անգրագիտություն է համարում այնտեղ տարված նյութերը, իսկ ես չգիտեի, որ համալսարանականները անգրագետ են։ Խմբագիրը ոչ պակաս անգրագետ է համարում իր իսկ աշխատակիցներին, որոնք մայր բուհի նախկին առաջադեմ սաներն են։ Թերթի ներկայիս խմբագրի աշխատանքային գործունեության 30 տարիների ընթացքում խմբագրություն մտել ու լքել (այո՛, լքել) է ավելի քան 150 աշխատող։ Խմբագիրը թույլ չի տալիս իր աշխատակիցներին համալսարանի միջանցքներում զրուցել ուսանողի, դասախոսի կամ որեւէ մեկի հետ, բայց պահանջում է թերթը հեղեղել նյութերով։ Շղթայակապ լրագրողը ինչպե՞ս կարող է նյութ գրել, թերթ հրատարակել՝ բանտարկված լինելով բարձրահարկի այդ անշուք խցում։ Խուց, որը իր հեղձուցիչ մթնոլորտով եւ կարգ ու կանոնով ոչնչով չի զիջում աշխարհին հայտնի թուրքական բանտերին։ «Երեւանի համալսարան» թերթը մայր բուհի կանթեղն է, որը, ցավոք, այսօր աննավթ է, իսկ ճրագը պատրույգի շուրթերին փլփլում է վերջին անգամ։ Մայր համալսարանի ռեկտորը, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն ու հրատարակչության տնօրենը մտահոգ չե՞ն սրա համար։ ՍԱԻԴԱ ՏԵՐ172ՔԱՐՅԱՆ ՄԵՂԱԴՐՈՂՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան այդպես էլ չներկայացան այն վկաները, որոնք ակտիվ դեր էին խաղացել բուհական կաշառատվության հետ կապված գործով։ Թվում էր, թե Աստղիկ Համբարձումյանի, Իրինա Եղիազարյանի, Վարդուհի Կարապետյանի եւ Ժաննա Չոբանյանի դեմ հարուցված քրգործով դատարանը կգնա լրացուցիչ ապացույցների զննման եւ ձեռքբերման ճանապարհով։ Սակայն այդպես չեղավ։ Մեղադրող Աստվածատրյանը միջնորդեց Աստղիկին տալ ութ տարի ազատազրկում, Իրինային եւ Վարդուհուն՝ հինգական տարի (հարկադիր), իսկ Ժաննային՝ երեք տարի (հարկադիր) պատժաչափ։ Դատաքննությունը կշարունակվի ս/թ նոյեմբերի 21-ին։ Սեփ. լր. ԴԱՇՆԱԿՆԵՐԸ՝ ՀՈՒՍԱԽԱԲ Այն զարգացումները, որ առկա են ԼՂՀ ներքաղաքական կյանքում, մասնավորապես ՀՅԴ անդամ, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վահան Բադասյանի եւ ՀՅԴ այլ անդամների նկատմամբ քրեական հետապնդումները, որ կատարվում են Արկադի Ղուկասյանի քաջատեղյակությամբ, վկայում են, որ Ազգային ժողովում մեծ թվով ՀՅԴ պատգամավորների ընդգրկումը սոսկ մի վահան է եղել, որ օգտագործվել է ընդդիմադիր, անհնազանդ պատգամավորների մուտքը խորհրդարան փակելու համար։ Այժմ արդեն անդեմ պատգամավորներով խորհրդարանը լցնելուց հետո սկսվել են հետապնդումները նաեւ ՀՅԴ անդամների հանդեպ, որոնք ամառային նախընտրական կամպանիայում նախագահի քաղաքական հենարանն են եղել։ ՀՅԴ ղեկավարներն արմատական տեղաշարժեր են պահանջում ներքաղաքական կյանքում, նրանք, մասնավորապես, պահանջում են իրավապահ եռյակի՝ գլխավոր դատախազի, ներքին գործերի նախարարի եւ գերագույն դատարանի նախագահի պաշտոնանկությունը, որոնք ի պաշտոնե կոչված լինելով օրենքները պաշտպանելու, իրենք բազմիցս ոտնահարել ու ոտնահարում են այն, մանավանդ մարտի 22-ի դեպքերի հետ կապված ապօրինի ձերբակալությունները, բռնարարքները, կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը լրիվ վարկաբեկել են ԼՂՀ իրավապահ համակարգը։ Դաշնակները զգուշացնում են, որ կհրաժարվեն համագործակցել նման իշխանությունների հետ։ ԼԻԼԻԹ ԲԱՂՐՅԱՆ Արցախ ՆԳ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Եզդիների ազգային միության նախագահության, ողջ եզդի ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ տասնյակ տարիների հրաշալի ավանդույթներ ունեցող միլիցիայի օրվա առթիվ, նրանից ակնկալում են աչալրջություն հանցագործությունը ոչ միայն բացահայտելու, այլեւ կանխարգելելու գործում։ Օգտվելով առիթից, սրտանց շնորհակալություն ենք հայտնում Շիրակի մարզի դատախազի ավագ օգնական Միհրան Վարդգեսի Մինասյանին, ՆԳ նախարարության քրեական հետախուզության վարչության օպերատիվ խմբին, որոնք վերջերս բացահայտեցին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 1998 թ. կատարված ոճրագործությունը, երբ անհայտ չարագործը սպանել էր Ալոյանների ընտանիքի հորը՝ Օզմանին, մորը՝ Գոգեին, դստերը՝ Սոսեին, երբ փորձել էր սպանել Ղաչաղ Մամեի Բաբայանին եւ դիմել էր փախուստի։ Այժմ այդ երկու քրեական գործերով հանցագործը բացահայտված է եւ շուտով կկանգնի դատարանի առջեւ։ Կրկին շնորհակալություն այդ բացահայտման համար, կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը եւ ցանկանում նորանոր հաջողություններ ձեր դժվարին եւ պատվավոր գործում։ Ա. ԹԱՄՈՅԱՆ Եզդիների ազգային միության նախագահ «ՈՎ ԳՐՈՒՄ Է, ՆԱ ՀԱՂԹՈՒՄ Է» Երեկ «Հոլսթեն» սրճարանում անցկացվեց Գրողների միջազգային PEN ընկերության հայկական կենտրոնի լավագույն PEN անդամների մրցանակաբաշխության արարողությունը։ PEN-ը պոեմներ, էսսեներ եւ նովելներ բառերի անգլերեն հապավումն է, որն էլ թարգմանաբար նշանակում է գրիչ եւ որի անդամ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր գրում եւ ստեղծագործում են։ Մրցույթին մասնակցել էր 14 հոգի, որոնք ներկայացրել էին որեւէ պատմվածք։ Կենտրոնի տնօրեն Աննա Հակոբյանի խոսքերով. «Մրցույթը կարելի է հաջողված համարել, քանի որ այն մեծ արձագանքի է արժանանում հիմնականում արվեստագետների շրջանում»։ Տիկին Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ «կենտրոնն անցյալ տարի նմանատիպ մրցույթի ժամանակ սխալ է թույլ տվել եւ հաղթողներին պատվոգրեր չի տվել, սակայն այն բանից հետո, երբ մասնակիցներից մեկը բողոքարկել է նման վերաբերմունքի համար, այս տարի այդ սխալը շտկվել է»։ Այս տարվա մրցույթի բոլոր մասնակիցներին հանձնվեցին մեկական նոթատետրեր եւ գրիչներ, սակայն պարզվեց, որ նորից սխալմունք է տեղի ունեցել, քանզի հաղթողներին, որոնք երեքն էին, միայն դրամական մրցանակ էր սահմանված, ուստի տիկին Հակոբյանը խնդրեց բոլորին «հենց որ կկարդանք հաղթողների ազգանունները, կվերադարձնեք նոթատետրերն ու գրիչը եւ կստանաք ձեզ հասանելիք նվերը»։ Մրցույթի հանձնաժողովի կազմում էին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, գրականագետ Թադեւոս Խաչատրյանը, գրականագիտության ինստիտուտի գիտական քարտուղար Սուրեն Աբրահամյանն ու արձակագիր Տիգրան Պասկեւիչյանը։ Իր ստեղծագործություններով նվազագույնը 13 բալ հավաքած մասնակիցը, որը կարժանանար առաջին տեղին, այդպես էլ չգտնվեց, երկրորդ տեղում էր Ռուբեն Մարուխյանն իր «Մկնիկը» պատմվածքով, իսկ երրորդ տեղը գրավեց Արա Նազարեթյանը «Հետախուզում մարտով» պատմվածքի համար։ Նշենք, որ մրցանակաբաշխության արարողությունը համընկել էր նաեւ Աղասի Ավագյանի եւ գրող, թարգմանիչ Կարպիս Սուրենյանցի 75-ամյակների եւ կենտրոնի գլխավոր քարտուղար Հենրիկ Էդոյանի 60-ամյակի հոբելյանների հետ։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԱՐՎԵՍՏ Օրերս Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ ազգային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի մեներգչուհի Արուս Գուլանյանի մենահամերգը։ Համերգի առաջին բաժնում երգչուհին հանդես եկավ ժողովրդական եւ հայ կոմպոզիտորների երգերի կատարմամբ՝ ժողովրդական գործիքների նվագակցությամբ, իսկ երկրորդ բաժնում՝ հարազատ կոլեկտիվի՝ Սայաթ-Նովա երգի անսամբլի (գեղ. ղեկավար՝ Թովմաս Պողոսյան) հետ։ Այսօրվա երաժշտական խառնիճաղանջ մթնոլորտում Արուս Գուլանյանի անապական ու ժողովրդական երգը բացառիկ զգացմունքով պարուրեց լեփ-լեցուն դահլիճի երգասեր հանդիսատեսին։ Համերգին ներկա էին նաեւ արվեստի գործիչներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, որոնք մշակույթի ասպարեզում բարձր արժեւորեցին սիրված երգչուհու երգարվեստը։ Ա. Մ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել