Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակ Ֆահրադյանը գնացել է ճաշելու, բեյջով չի եղել, կադրից դուրս է մնացել Հակոբ Արշակյանի ձայնը. Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տվել Aravot.am-ին

Մայիս 04,2024 17:49

Երեկ ԱԺ-ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ուշագրավ հայտարարություն էր արել: Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ  civic.am-ի լրագրողի նկատմամբ բռնության դեպքում անմիջապես կալանավորեցին Քոչարյանի օգնականին, իսկ մյուս լրագրողների, օրինակ՝ Փայլակ Ֆահրադյանի դեպքում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին որեւէ կերպ չպատժեցին, նա ասել էր. «Ես այդ ժամանակ իրավապահ համակարգում չեմ աշխատել, բայց որքանով տեղեկացված եմ լրատվամիջոցից, նաեւ սադրիչ գործողություններ կային այն իմաստով, որ այն, ինչ դուրս էր մնացել կադրից, թե պարոն Արշակյանը ինչու է նման կերպ արձագանքել, այ այդ իրավիճակում արդեն լրագրողական գործունեություն չի: Նախորդ իրավիճակում, որի հիմքով անձը կալանավորվել է, կապված է եղել հենց լրագրողական գործունեության հետ եւ կոնկրետ պիտակավորում է եղել՝ անձին «սրբապիղծ» անվանելով, ձեր նկարագրած իրավիճակում ոչ թույլատրելի բառակապակցության՝ հայհոյանքին ի պատասխան վարքագիծ է եղել եւ միջանձնային հարաբերություն է եղել»:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան

Aravot.am-ը հարցում արեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանին՝ պարզելու, թե որն է այդ հայտարարության հիմնավորումը: Ստորեւ ներկայացնում ենք հարցման պատասխանը.

-Ի՞նչ կադրերի մասին էր ասում ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից, որոնք դուրս են մնացել տեսանյութից, արդյո՞ք բոլոր տեսանյութերը չեն հրապարակվել։

-Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի մայիսի 3-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ նշել է․ «Ձեր կողմից նշած դեպքն, այդ ժամանակ ես իրավապահ համակարգում չեմ աշխատել, բայց որքանով տեղեկացված եմ լրատվամիջոցից, նաև սադրիչ գործողություններ կային լրագրողի կողմից, այն իմաստով, որ այն ինչ-որ դուրս էր մնացել կադրից, թե պարոն Արշակյանն ինչու է նման կերպ արձագանքել, կարծում եմ Դուք էլ եք տեղեկացված կամ գոնե կարող եք այսօր նայել և տեսնել, այդ իրավիճակում արդեն լրագրողական գործունեություն չի․․․»։ «Shamshyan» անունով յութուբյան օգտատիրոջ էջում հրապարակված՝ «Տեսախցիկը արձանագրել է նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև միջադեպը» վերնագրով տեսանյութի կադրերում ձայն չկա (ձայնը կադրից դուրս է մնացել)։

Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2021 թվականի օգոստոսի 19-ի որոշման 7-րդ էջում արձանագրված է․ «Գործի տվյալների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Արշակյանը հետապնդել է ոչ թե Փայլակ Ֆահրադյանին ֆիզիկական ցավ պատճառելու, այլ նրան վիրավորանք հասցնելու նպատակ՝ ի պատասխան դրանից ընդամենը րոպեներ առաջ Ֆահրադյանի կողմից իր հասցեին հնչեցված վիրավորանքի (կնոջ հետ իբրև հարկատուների հաշվին և ընդմիջման ժամից դուրս ճաշելու հետ կապված անհարկի արտահայտության և անձնական կյանքի միջամտության)»։

– Ասելով, թե մամուլից իմացել է, որ Փայլակ Ֆահրադյանը հայհոյել է, կոնկրետ ո՞ր մամուլի մասին է խոսքը, ի՞նչ է կարդացել տիկին Վարդապետյանը, ո՞ր ԶԼՄ-ի ո՞ր հրապարակումը, ինչի՞ վրա է հենվել նա՝ ԱԺ ամբիոնից նման հայտարարություն անելիս։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքէջում 2021 թվականի մարտի 19-ին հրապարակվել է «Լրագրող Փայլակ Ֆահրադյան․ «Անելու եմ ամեն ինչ, որ Արշակյանը պատասխանատվության ենթարկվի» վերնագրով հոդված, որում նշված է․ «Համացանցում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ լրագրողը սադրել է նախարարին և հնչեցրել է հայհոյանքներ, թեև այդ մասին նախարարը չի անդրադառնում իր գրառման մեջ»։

-Տեսանյութում երևում է, որ Փայլակ Ֆահրադյանը մոտենում է Հակոբ Արշակյանին, տեսախցիկը միացնում է, իր պնդմամբ՝ ներկայանում է, որ լրագրող է, ի՞նչ միջանձնային հարաբերության մասին է խոսքը։ Արդյո՞ք ցուցմունքներում կա նման տեղեկություն, որ կողմերն ունեցել են միջանձնային որևէ վեճ ու դա միջանձնային հարաբերությունների հարց է եղել, ոչ թե լրագրող-պաշտոնյա գործնական հարաբերություն։

-Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2021 թվականի օգոստոսի 19-ի որոշման 8-րդ էջում ամրագրված է․ «Վերլուծելով գործի փաստական տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած բանավեճը, որը վերածվել է քաշքշուկի, իր մեջ չի պարունակում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տարրեր։ Նախ միջադեպը կապված չի եղել լրագրող Փայլակ Ֆահրադյանի կողմից Հակոբ Արշակյանի վերաբերյալ նախկինում կամ տվյալ օրը որևէ նյութեր հրապարակելու հետ։ Հակոբ Արշակյանը, թեև որպես նախարար հանդիսացել է հանրային անձ, սակայն միջադեպի ժամանակ գտնվել է ոչ թե որևէ հանրային միջոցառման վայրում կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս, այլ մասնավոր միջավայրում՝ կնոջ հետ սրճարանում (ռեստորանում) ճաշելիս։

Հատկանշական է, որ Փայլակ Ֆահրադյանը և Տաթևիկ Այվազյանը նույնպես տվյալ ռեստորան են այցելել ոչ թե լրագրողական գործունեություն իրականացնելու, այլ նույն՝ ճաշելու և սուրճ խմելու նպատակով։ Նկատելով նույն ռեստորանում կնոջ հետ ճաշող Հակոբ Արշակյանին՝ Փայլակ Ֆահրադյանը մոտեցել է նրան, ներկայացել է որպես լրագրող և հարցեր է ուղղել Արշակյանին , որոնք վերջինս ընդունել է որպես իր անձնական կյանքին միջամտություն և վիրավորանք։ Դրանով էլ պայմանավորված է եղել հետագա միջադեպը և քաշքշուկը։ Հատկանշական է նաև, որ Փայլակ Ֆահրադյանը Արշակյանին մոտենալիս չի ունեցել տեսանելի վայրում ամրացված լրագրողի վկայական։ Թեև, Ֆահրադյանի պնդմամբ, ինքը ներկայացել է որպես լրագրող, սակայն որևէ վկայական Արշակյանին ցույց չի տվել՝ վստահ լինելով, որ վերջինս քաջատեղյակ է իր լրագրող լինելու մասին՝ նախկինում իրեն հարցազրույց տալու կապակցությամբ։

Պետք է նշել, որ Փայլակ Ֆահրադյանի այս փաստարկը բավարար չէ ապացուցված համարելու, որ Հակոբ Արշակյանի համար առանց որևէ վկայական տեսնելու ակնհայտ է եղել տվյալ պահին Ֆահրադյանի՝ լրագրող հանդիսանալու փաստը, քանի որ խոսքը նախկինում տված հարցազրույցների մասին է։ Ըստ Արշակյանի՝ ինքը Ֆահրադյանին չի ճանաչել։ Բացի այդ, Արշակյանի գործողությունները որևէ կերպ կապված չեն եղել լրագրող Ֆահրադյանին վերջինիս մասնագիտական գործունեության հետ կապված որևէ գործողության (նյութեր հրապարակելու կամ չհրապարակելու) պարտադրելու, կամ դրանք հրապարակելու համար պատժելու հետ։ Նման խոսակցության մասին ընդհանրապես որևէ տվյալ չի ստացվել։

Ինչ վերաբերում է Արշակյանի կողմից Փայլակ Ֆահրադյանի հասցեին արված արտահայտությանը՝ «այս օրը լավ հիշի, պատասխան ես տալու», որը Ֆահրադյանը մեկնաբանել է որպես իր հասցեին հնչեցված սպառնալիք, ապա այն չի պարունակում սպառնալիքի տարրեր, բացի այդ, այն նույնպես չի կարող համարվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն միտված արտահայտություն։ Նման պայմաններում խոսք չի կարող լինել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու մասին, և ակնհայտ է, որ կատարվածը անձնական բնույթի վեճ է»։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031