Լրահոս
Օրվա լրահոսը

Օզոնային շերտում «կարիեսի» վտանգը մեծանում է

Դեկտեմբեր 16,2000 00:00

Օզոնային շերտում «կարիեսի» վտանգը մեծանում է

Երեկ բնապահպանության նախարարության Մթնոլորտի պահպանության վարչությունը կազմակերպել էր օզոնային շերտի պահպանության հարցերին նվիրված սեմինար։

70-ական թվականներին հայտնաբերվեց եւ առ այսօր համաշխարհային հանրությանը շարունակում է հուզել մթնոլորտի օզոնային շերտի նվազումը։ Եվ որքան նվազում է օզոնի շերտը, այնքան աճում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը, որը խիստ բացասաբար է ազդում կենսոլորտի վրա՝ հարուցելով ակնային ու մաշկային հիվանդություններ մարդկանց ու կենդանիների մոտ, ազդելով բույսերի վերարտադրության վրա եւ այլն։

Ու քանի որ Հայաստանը բարձրլեռնային երկիր է, ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանող օզոնային շերտի փոփոխություններն առանձնակի ազդեցություն ունեն մեր բնակչության վրա։

Երեւանում, Սեւանում եւ Արագածի լանջին 1993-ից առ այսօր պարբերաբար չափվում է օզոնային շերտը. արդյունքում բացահայտվել է օզոնի նվազման եւ բնակչության մոտ մաշկի քաղցկեղի աճի կապը։ Ստացվել են եւս մի շարք տվյալներ, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն առողջապահության ոլորտում, այլեւ կլիմատոլոգիայի, կենսաբանության, գյուղատնտեսության եւ այլ նեղ մասնագիտական ասպարեզներում։

Ըստ զեկուցողներ ֆիզմաթ գիտությունների դոկտոր Դավիթ Մելքոնյանի եւ Մթնոլորտի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Ասյա Մուրադյանի, կատարված աշխատանքները մշտապես գտնվել են ՀՀ բնապահպանության նախարարության ուշադրության կենտրոնում, ստացել են միջազգային ճանաչում։

Արդյունքում՝ Գերմանիայի «Մետեոսերվիսը» «Հայհիդրոմետին» հատկացրել է ունիկալ սարքավորում՝ Դոբսոնի սպեկտրոֆոտոմետր, որը թույլ է տալիս Հայաստանին՝ միանալ օզոնային շերտի մոնիթորինգի համաշխարհային ցանցին եւ ներկայացնել օզոնի եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների տվյալները՝ Անդրկովկասի կտրվածքով։

Օզոնային շերտի վերականգնման եւ պահպանման նպատակով 85-ին Վիեննայում ընդունվեց «Օզոնային շերտի պահպանման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, իսկ 87-ին՝ Մոնրեալում ընդունվեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» արձանագրությունը։ Դրանց դրույթները նպատակաուղղված են՝ ճանապարհներ մշակելու՝ օզոնային շերտը քայքայող նյութերի արտանետումները դադարեցնելու, եւ օզոնային շերտը վերականգնելու համար։ Հայաստանի համար այս պայմանագրերը ուժի մեջ են մտել 2000թ. հունվարի 1-ից։

Այսօր ամենամեծ վտանգը սպառնում է Անտարկտիդային, որտեղ օզոնային խոռոչը չի փակվում։ Անտարկտիդայից օզոնային շերտի բարակումը ձգվել է մինչեւ Ավստրալիա եւ Չիլի։ Այս երկրներում սկսվել է էվակուացիա՝ ժողովրդին ուլտրամանուշակագույն ճառագայթներից փրկելու համար։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

ԲԱՆԿԸ ՉԻ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԱՎԱՆԴՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒՑ

dram

Ավանդների չվերադարձման տխուր փորձը աչքի առաջ ունենալով, «Միավորված բանկի» որոշ ավանդատուներ պարբերաբար դիմում են «Առավոտին»։ Հիշեցնենք, որ «Միավորված բանկը» արդեն մի քանի ամիս է սնանկ է ճանաչվել։

Նոյեմբերի 3-ից դատարանի որոշմամբ սկսվել է խնամակալության գործընթացը, իսկ խնամակալ է նշանակվել բանկի նախկին կառավարիչ Հովսեփ Գալստյանը։ Նրա տեղակալ Լյուդվիգ Մերելյանը նշեց, որ ավանդատուներն անհանգստության պատճառ չունեն։ Դատարանի որոշման համաձայն, մեկուկես տարվա ընթացքում բանկը կմարի ավանդատուների պարտքերը։ Ընդ որում, պրն Մերելյանը հավաստիացրեց, որ առաջին հերթին մարվելու են ֆիզիկական անձանց, հետո՝ իրավաբանական անձանց ավանդները։ Մեր մեկ այլ հարցին, թե ճի՞շտ է, որ օրերս բանկի խնամակալ է նշանակվել «Հայագրոբանկի» վարչության նախագահի նախկին տեղակալ Բաբիկ Նաջարյանը, պրն Մերելյանը նշեց, որ Բ. Նաջարյանը նշանակվել է տնօրենների խորհրդի գլխավոր խորհրդական։

Սեփ. լր.

ՓՈՂ ՉԿԱ, ԲԻՆՏ ՉԿԱ, ԴԵՂ ՉԿԱ

hivand

Եղեգնաձորում մարդիկ հիվանդանոց չեն դիմում։ Մարզկենտրոնի հիվանդանոցի բժիշկների պնդմամբ՝ դրա հետեւանքով մեծանում են մահացության դեպքերը։ Տարիուկես աշխատավարձ չստանալուց բացի, Եղեգնաձորի հիվանդանոցի աշխատակիցներն արդեն չեն հիշում, երբ են դեղ ու դեղամիջոց ստացել։ Բինտն ու ներարկիչն այս հիվանդանոցում «հի՜ն, բարի» հիշողություն են։

Մեր թղթակցի ռեպորտաժը Եղեգնաձորի հիվանդանոցից՝ հաջորդ համարում։

Ներսիսյան եղբայրներ-2

dat

Երեկ տեղի ունեցավ վճռաբեկ դատարանի հերթական նիստը, որում, ինչպես տեղեկացրել էինք, լսվելու էր քաղաքացի Արտավազդ Ներսիսյանի գործը: Գործը քաղաքացիական է, ընդամենը բնակմակերեսի խնդիր, բայց հասել է վճռաբեկ ատյան: Վճռաբեկ դատարանը, ինչպես եւ ենթադրվում էր, նախընտրեց առայժմ զերծ մնալ աղմուկից. հավանաբար մեր հրապարակումն էր ազդել: Գործի լսումը տեղափոխվեց հաջորդ ուրբաթ:

Հետաձգումը նիստը նախագահողը որեւէ կերպ չպատճառաբանեց, չնայած, նշեց, որ գործերի լսումը պարտադիր է եւ տեղի է ունենում նույնիսկ այն դեպքում, երբ կողմերը ներկա չեն: Ինչպես տեղեկացանք հայցվորից, այս ամենի թիկունքում, այնուամենայնիվ, իր հարազատ եղբայրն է, Կենտրոն համայնքի ոչ անհայտ դատավոր Ռուբեն Ներսիսյանը, որն ամեն ջանք գործադրում է թույլ չտալու համար հարցի օրինական լուծում: Թե ինչու՞, մնում է կռահել: Իսկ նրա կոլեգա դատավորները պարզապես չեն կարողանում մերժել իրենց գործընկերոջը. համազգեստի պատիվը թանկ է: Վճռաբեկի հաջորդ նիստում հարցն անպայման պետք է լսվի, բոլոր ժամկետները գերազանցված են, սակայն, արդեն կարելի է ենթադրել ելքը: Եվ ինչ, Հայաստանի քաղաքացին սեփական դատական իշխանություններից պետք է պաշտպանվի միջազգային ատյանների միջոցո՞վ:

Սեփ. լր.

ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՓՉԱՑԱԾ ԱՏԱՄԸ՝ «ԻՐԵՂԵՆ» ԱՊԱՑՈՒՅՑ

Zub

Ըստ ՄԱԿ-ի «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների»՝ «Յուրաքանչյուր բանտարկյալ պետք է հնարավորություն ունենա օգտվելու որակյալ ատամնաբույժի ծառայություններից»։ ՄԱԿ-ը մնում է ՄԱԿ, իսկ մեզ մոտ՝ կալանավայրերում հենց այնպես ատամ չեն քաշում։ Սրսկումների համար կալանավորը պետք է դրսից բերել տա անհրաժեշտ դեղորայք կամ ատամնաբույժին յուրաքանչյուր սրսկման համար վճարի 1000 դրամ։ Կալանավայրերում ատամնաբույժներն ու ընդհանրապես բուժսպասարկման բնագավառի մասնագետները իրենց վատ չեն զգում. բացի այն, որ գաղութ ազատ ելք ու մուտքի շնորհիվ կալանավորների համար լավ «ոտավոր» են աշխատում, այլ նաեւ կարողանում են անհրաժեշտ դեղորայքը կրկնակի-եռակի գներով «սաղացնել» կալանավորների վրա։ Պատահում է նաեւ, որ ատամնացավը սկսվում է, իսկ կալանավորը այդ ընթացքում վճարունակ չէ, «նիսյա» ատամ են քաշում։ Այս դեպքում ատամնաբույժը կալանավորի փչացած ատամը պահում է այնքան ժամանակ՝ որպես իրեղեն ապացույց, մինչեւ կալանավորը պարտքը փակի։

Հ. Հ.

Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ սցենա՞րն է

Koch

«Հայկական դիմադրության աջակցող հասարակական խորհուրդը», որն ազգային գաղափարախոսության հիմնահարցերին նվիրված գիտաժողով էր հրավիրել, վերջինիս անունից մի հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասվում է. «Հայաստանի ներկա ղեկավարությունը եւ իշխանական ոլորտում գտնվող քաղաքական ազդեցիկ կուսակցությունները, թեեւ բազմիցս մեղադրել են նախորդ իշխանություններին՝ Ազգային գաղափարախոսությունը մերժելու հարցում, իրենք են, կամա թե ակամա, հայտնվել մերժողի դերում։ Այսօր պետությանն այնքան անհրաժեշտ ազգային անվտանգության հայեցակարգի ստեղծումը, մեր խորին համոզմամբ, անհնար է առանց գիտականորեն մշակված եւ ժամանակին համահունչ ազգային գաղափարախոսության։ Այդ գաղափարախոսության բացակայությամբ պետք է պայմանավորել Հայկական ցեղասպանության սոսկ փաստի ճանաչմանն ու հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացմանն» ուղղված՝ ԱՄՆ սցենարով իրականացվող վերջին իրողությունները, որոնք, սակայն, չեն բխում մեր ազգային շահերից։ Մենք մտահոգություն ենք հայտնում իշխանությունների եւ քաղաքական ազդեցիկ ուժերի՝ Ազգային գաղափարախոսության հանդեպ որդեգրած իրենց անտարբեր եւ, ըստ էության, մերժողական կեցվածքի համար, եւ հույս հայտնում, որ այսօրինակ միջոցառումները սթափեցնող կհանդիսանան քաղաքական գործիչների, մտավորականության համար եւ այն պետության համար կդարձնեն կենսական խնդիր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031