Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահայտ այս իրողությունը մեկ անգամ եւս փաստում են 2000թ. «Մարդկային զարգացման ազգային զեկույցի» փո

Փետրվար 27,2001 00:00

«Դպրոցները եւ կրթությունը կորցնում են իրենց վարկը» Հանրահայտ այս իրողությունը մեկ անգամ եւս փաստում են 2000թ. «Մարդկային զարգացման ազգային զեկույցի» փորձագետները։ Հենց կրթական համակարգի իջնող ցուցանիշների պատճառով է նաեւ, որ Հայաստանը, մարդկային զարգացման մակարդակը պատկերող աղյուսակում, այս տարի հայտնվել է 93-րդ կարգում (նախորդ տարի 87-րդում էր)՝ իրենից առաջ թողնելով Վրաստանին (70-րդ կարգ) եւ Ադրբեջանին (90-րդ կարգ)։ Զեկույցը, որն այս տարի «Մարդու իրավունքները եւ մարդկային զարգացումը» խորագիրն ունի, Հայաստանում կրթության իրավունքի հարցում ոչ մի լուսավոր իրողություն չի արձանագրում։ Միակ «դրական տեղաշարժը» պետբյուջեից կրթության եւ գիտության համակարգի հատկացումների ավելացումն է (այս համակարգերի ծախսերի տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում 1999թ. եղել է 10,46%, իսկ 2000թ.՝ 11,83%)։ Սակայն փորձագետները եւս կարծում են, որ նույնիսկ այս ավելացումը «չի թեթեւացնի վիճակը, հետեւաբար առավելագույն ուշադրություն պետք է հատկացնել մատչելի միջոցների արդյունավետ օգտագործմանը»։ ԿԳՆ-ի տվյալներով՝ հիմնական դպրոցի շրջանավարտների 20%-ը, իսկ անկախ փորձագետների կարծիքով՝ 40%-ը, կրթությունն ավագ դպրոցում չի շարունակում։ Խիստ նվազել է նաեւ երեխաների հաճախելիությունը դպրոց (մանավանդ գյուղերում եւ փոքր քաղաքներում)։ Եվ սա այն պատճառով, որ «կրթական համակարգի ֆինանսավորման հիմնական բեռն իր վրա է կրում երկրի բնակչությունը»։ Զեկույցի հեղինակներն «անվիճելի» են համարում այն պնդումը, որ «պետության, ինչպես նաեւ բնակչության կողմից կրթության համար ծախսված գումարները (ինչը ժամանակակից աշխարհում համարվում է շահավետ ներդրում) իրենց չեն արդարացնում՝ բացասական հետեւանքներ թողնելով թե՛ կրթական ոլորտի վրա, թե՛ աշխատանքի եւ զբաղվածության շուկայում»։ Եթե 1999թ. 17-22 տարեկան հազար բնակչից 150-ն էր սովորում բուհում, 2000թ.՝ 53-ը։ Առավել տխուր է այս եզրակացությունը. «Օրեցօր աճող գործազրկությունը եւ շարունակվող արտագաղթը վկայությունն են այն իրողության, որ այսօր բարձրագույն կրթությունը, մասնագիտական գիտելիքները բնավ էլ բավարար չեն համապատասխան աշխատանք գտնելու եւ երիտասարդության զբաղվածության հարցը լուծելու համար»։ Երիտասարդ մասնագետները դառնում են գործազուրկ կամ կատարում իրենց որակավորմանը չհամապատասխանող աշխատանք։ Հանրահայտ ճշմարտություն է նաեւ այս եզրակացությունը՝ «դպրոցներում փաստացի ուսուցման որակի եւ դրա արդյունք հանդիսացող շրջանավարտների կրթական մակարդակը հեռու է բավարար լինելուց։ Ուսուցիչների գերցածր աշխատավարձը, ուսուցման բազայի մաշվածությունը եւ այլ պատճառներ թույլ չեն տալիս ուսուցման նպատակահարմար գործընթաց կազմակերպել։ Գրեթե նույնն է իրավիճակը բուհերում…»։ Կրթության վարկի անկմամբ է բացատրվում նաեւ այն, որ ուսուցիչների գերառաջարկի (65 հազար՝ 43 հազար պահանջարկի դիմաց) պայմաններում, հատկապես սահմանամերձ ու բարձրլեռնային շրջանների դպրոցներում մանկավարժի 1600 թափուր տեղ կա։ Այսքան տխուր պատկերների մասին ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների համապատասխան մարմինների գնահատականը չէր կարող լուսավոր լինել։ ՄԱԿ-ին «մտահոգել» է կրթության բնագավառում բյուջետային հատկացումների կրճատումն ու կրթության որակի վատթարացումը։ Նաեւ «անհանգստացնում է դպրոցից դուրս մնալու, երկտարեցիության եւ բացակայությունների բարձր մակարդակը, ինչպես նաեւ գյուղական վայրերում կրթության մատչելիության պակասը։ (…) Կոմիտեն անհանգստացած է նաեւ այս փաստով, որ ցածր աշխատավարձերի պատճառով ուսուցիչները ստիպված են մասնավոր դասընթացներ մատուցել՝ ստեղծելով կրթության երկակի համակարգ»։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել