Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ ջրի խնդիրը

Մարտ 22,2001 00:00
jur

Մարտի 22-ին ՄԱԿ-ի հորդորով աշխարհը նշում է «Ջրի համաշխարհային օրը»։ Այդ օրը Երկիր մոլորակի ապագայով անհանգստացող կազմակերպությունները խոսում են երբեմնի «կանաչ մոլորակին» սպառնացող անապատացման պրոբլեմներից, քննարկում սակավաջրության խնդիրները, ելքեր որնում։

Թողնենք նրանց՝ լուծելու համամարդկային մասշտաբի խնդիրները, գանք մեր առօրեական, կենցաղային մակարդակի պրոբլեմին. Երեւանի ջրամատակարարման գերազանցից շա՜տ հեռու վիճակին։

Իրավիճակ

Այսօր, երբ մայրաքաղաք է մտնում շատ ավելի ջուր, քան կարիք կա (փորձագետների հաշվարկով վայրկյանում 6-6,5 հազար լիտր ջուրը լիովին կբավարարի երեւանցիների պահանջը, այնինչ քաղաք է մտնում վայրկյանում 13,7 հազար լիտր ջուր), ըստ էության, երեւանցիների միայն չնչին տոկոսն է շուրջօրյա ջրամատակարարում ստանում։ Տեխնիկապես անմխիթար վիճակում գտնվող ջրային ցանցի եւ ջրագողության պատճառով, ջրի հոսակորուստը քաղաքում հասնում է 65-70%։ Այսինքն՝ մոտ 9-10 հազար լիտր ջուր վայրկյանում մենք կորցնում ենք։ Արդյոք սա անասելի մեծ շռայլություն չէ՞։

Խնդիրներ

Այսօր Երեւանի ջրամատակարարումն իրականացվում է Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ միջոցով, որի շահագործումը 2000թ. 4 տարով հանձնվեց «Էյ Յութիլիթի» մասնագիտացված իտալական ձեռնարկությանը։ Պայմանագիրը, որով ԵՋԿԸ կառավարումը եւ շահագործումը տրվեց «Էյ Յութիլիթիին», նախատեսում է, որ 4 տարվա ընթացքում հիշյալ ընկերությունը պիտի, ի թիվս մի քանի այլ պարտավորությունների, բարձրացնի վարձավճարների հավաքագրման մակարդակը՝ 2004-ին այն հասցնելով առնվազն 65%-ի։

Սակայն, որպեսզի վարձավճարների գանձումն իրականություն դառնա, անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնցից կարեւորն ու, թերեւս միակը, որը վստահաբար կգործի, յուրաքանչյուր բնակարանում ջրաչափի տեղադրումը եւ բնակչի հետ անհատական պայմանագրի կնքումն է։ Այս մեթոդը լիովին իրեն արդարացրել է էլեկտրաէներգիայի վարձավճարների հավաքագրման դեպքում։

Ինչ խոսք, շատ կարեւոր է նաեւ ջրատար խողովակների նորոգումը, ցանցի ընդլայնումը եւ այլն։ Սակայն մինչեւ չլուծվի վարձավճարների հավաքագրման խնդիրը, մյուս բոլոր՝ ածանցյալ խնդիրները, դժվար թե լուծում գտնեն։ Այսօր «Էյ Յութիլիթին» վճարները չմուծողներին պատժում է՝ կտրելով ջուրը։ Հենց երեկ Թումանյան 19 շենքը ջրազրկվել է, քանի որ 31 բնակարանանոց այդ շենքում 26 ընտանիք չի մուծում ջրի վարձը։ Իսկ մյուս հի՞նգը։ Չէ՞ որ նրանք կանոնավոր վճարում են եւ, բնական է, որ պիտի պահանջեն իրենց ջուրը։ Ըստ էության, ԵՋԿԸ-ի արածն անօրինականություն է եւ բնակիչները (հատկապես՝ հիշյալ 5 ընտանիքները) իրավունք ունեն դատարանի միջոցով վերականգնել իրենց ջրամատակարարումը։

Եվ, քանի դեռ լուծված չէ վճարների հավաքագրման մեխանիզմների եւ չվճարողներին պատժելու իրավական դաշտի հարցը, ոչինչ այս համակարգում առաջ չի գնա։

«Ինչո՞վ ջրաչափ դնենք»

Այս հարցը տալիս են ե՛ւ բնակիչները, ե՛ւ կառավարությունը, որը ժամանակին օդից վերցրած «շնչին 420 դրամ» վճարներով մարդկանց անելանելի վիճակում դրեց, ե՛ւ «Համայնքային զարգացման ծրագիրը», ե՛ւ «Էյ Յութիլիթին»։

Սակայն ոչ ոք չի հիշում, որ ՀՀ կառավարության թիվ 149 որոշումով «Ջրաչափերի ձեռքբերման եւ տեղադրման աշխատանքներն իրականացնում են ջրմուղ-կոյուղու ընկերությունները»։

Իսկ ի՞նչ միջոցներով պիտի ջրմուղ-կոյուղին բնակարաններում հաշվիչ դնի, եւ ինչո՞ւ՝ բնակարաններում, եթե ոչ՝ շենքերում։ Վերջին հարցի պատասխանն ակնհայտ է. այսօր մայրաքաղաքի բազմաբնակարանանոց շենքերից շատերի մոտ նույն պրոբլեմն է՝ ներքեւի հարկերում ջուր ստանում են գրեթե ողջ օրը, իսկ վերեւի հարկի բնակիչներն օրերով, շաբաթներով մի կաթիլ ջուր չեն ունենում։ Եվ, ուրեմն, ոչ մի տրամաբանություն չկա նրանցից հավասարաչափ վարձ պահանջելու մեջ։ Ինչ վերաբերում է միջոցներին. միայն «Արզականի աղբյուրների պահպանության եւ զարգացման» ենթածրագրի իրականացման արդյունքում «Համայնքային զարգացման ծրագրի» կառավարման գրասենյակը տնտեսել է 1 մլն դոլար։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031