Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում առաջին անգամ կլինիկական պայմաններում ՁԻԱՀ-ի ախտորոշման 20-ամյակի առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գ

Հունիս 06,2001 00:00

Սպիդ, մանդատ եւ… 12 վայրկյան Աշխարհում առաջին անգամ կլինիկական պայմաններում ՁԻԱՀ-ի ախտորոշման 20-ամյակի առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն անցկացրեց հերթական «լիկբեզը» լրագրողների շրջանում. ի՜նչ վտանգավոր աստիճանի է տարածվել սպիդը եւ ինչքան կարեւոր է պայքարել դրա դեմ։ Անցյալ տարիների համանման միջոցառումներից այն տարբերվում էր միայն վիճակագրական փոփոխված թվերով։ Այս տարին, սպիդի առումով, նախորդներից կտարբերվի թերեւս նաեւ նրանով, որ հունիսի 25-27-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հատուկ նիստ կգումարի՝ նվիրված ՄՀԱՎ- ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանն ու կանխարգելմանը։ Նախատեսվում է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները կընդունեն Պատրաստակամության հռչակագիր։ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Կատիցա Չեկալովիչն ընթերցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ուղերձը՝ օրվա կապակցությամբ։ Առաջիկա հատուկ նիստի մասին ինֆորմացիա հաղորդելու խնդրանքը «ՀՀ կառավարության ներկայացուցիչ» (ինչպես ներկայացվեց միջոցառմանը եւ, ի դեպ, այդպիսի միակը), Հանրապետական սպիդ-կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանին առիթ տվեց շնորհակալություններ հայտնելու ներկաներին։ Նիստի մասին, իհարկե, ինֆորմացիա տրվեց՝ ընդհուպ մինչեւ Քոֆի Անանի լուսանկարի ցուցադրությունը։ Հարցերն այն մասին, թե ինչ ներդրումներ են արվել Հայաստանում սպիդին առնչվող ծրագրերում եւ կոնկրետ ինչ է արվում սպիդ-կենտրոնի համար, որի հեռախոսներն անջատված են եւ չեն բավարարում թեստ-համակարգերը, ինչպես եւ սպասվում էր, արժանացան ՄԱԿ-ի մանդատի շուրջ պարզաբանումներին։ Միջազգային կառույցները կոչված չեն փակելու պետական հեռախոսների պարտքը։ Եվ ընդհանրապես, այդ հարցերը մեր «կառավարության մանդատն են, որ կարողանա թեստ-համակարգեր ճարել»։ Սա մեր կառավարությունից դժգոհության միակ եւ շատ զգուշավոր արտահայտությունն էր։ Միջազգային կազմակերպություններն, իհարկե, օգնություն ցուցաբերել են Հայաստանին՝ գումարի տեսքով։ Սակայն դրանք հիմնականում նպատակաուղղված են եղել «գիտակցականության բարձրացմանը»՝ բրոշյուրներ եւ այլ գրականության տպագրություն, խորհրդատվություն եւ այլն։ Ի դեպ, հավանաբար հենց այդ շրջանակներում տպագրված եւ, հավանաբար, «գիտակցականության բարձրացմանը» նպատակաուղղված մի հիշեցում-պլակատ էր փակցված օրվա բանախոսների թիկունքի պատին. «Այն 12 վայրկյանները, որոնք կծախսեք պաշտպանվելու համար, կարող են փրկել ձեր կյանքը»։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել