Լրահոս
Օրվա լրահոսը

Սույն

Հուլիս 21,2001 00:00

ԳԵՏԱՆՑՈՒՄԻՆ ՁԻԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Սույն հոդվածը հազիվ թե գրվեր, եթե դրա հեղինակը պատահաբար չհայտնվեր Արցախի գյուղատնտեսության զարգացման հարցերին նվիրված գիտաժողովում, որը տեղի ունեցավ օրերս Երեւանում՝ «Արցախ» միության նախաձեռնությամբ։ Գիտաժողովում, ինչպես պատշաճ է, հանդես եկան տասնյակից ավելի գիտական զեկուցումների հեղինակներ ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայից, Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտից, Արցախի պետական համալսարանից եւ այլ ճանաչված գիտական հաստատություններից։ Գիտաժողովը վերստին վկայեց այն, որ ՀՀ եւ Արցախի գիտնականները ի վիճակի են լուրջ ներդրում կատարել Արցախի գյուղատնտեսության, ինչպես նաեւ ամբողջությամբ ժողովրդական տնտեսության զարգացման հեռանկարային ուղղությունների մշակման եւ իրականացման ասպարեզում։ Սակայն կա մի ճակատագրական հարց, որի լուծումից է կախված նմանօրինակ մասնավոր-ճյուղային խնդիրների լուծումը. այն առնչվում է Արցախում իրականացվող ագրարային բարեփոխումների բնույթին։ Եվ, ամենից առաջ, այդ «բարեփոխումները» կընթանան հայաստանյան ձախողված ուղիո՞վ, թե՞ մեկ այլ՝ ավելի մտածված եւ բանիմաց ճանապարհով։ Ցավով պետք է նշեմ, որ այդ հարցը դուրս է մնացել ե՛ւ գիտական-հասարակական քննարկումից, ե՛ւ Հայաստանի ու Արցախի իշխանությունների ուշադրությունից։ Մեզանում տնտեսական բարեփոխումը, որպես կանոն, նույնացվում է սեփականաշնորհման հետ։ Ուստի եւ մենք էլ անդրադառնանք այս հարցին՝ առայժմ մի կողմ թողնելով բարեփոխումների հետ առնչվող մյուս հիմնական հարցերը։ Եթե երկու խոսքով բնութագրելու լինենք հողի եւ այլ արտադրամիջոցների սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականների սկզբին, ապա պետք է ասել, որ այն կրեց հախուռն, համատարած եւ կայծակնային բնույթ, որից էլ սկիզբ առան մեր բոլոր կամ գրեթե բոլոր դժբախտությունները։ Կկարողանա՞, արդյոք, Արցախը խուսափել այդ երեք ճակատագրական սխալներից, թե՞ ոչ, սա է հիմնական հարցը, որի ճիշտ ընկալումն ունի իրոք ճակատագրական նշանակություն։ Սեփականաշնորհման՝ Արցախում ընտրված եւ փոփոխուն ձեւերն ունեն թեեւ կարեւոր, սակայն երկրորդական նշանակություն եւ դրան մենք կանդրադառնանք։ Եվ այսպես, կարելի՞ է, արդյոք, այսօր դնել հողի սեփականաշնորհման հարցն ընդհանրապես եւ իրականացնել այն։ Մեր եւ, համոզված եմ, Արցախի գյուղացիների ճնշող զանգվածի պատասխանը միանշանակ բացասական է։ Դրա համար կա առնվազն երեք հիմնավոր պատճառ։ Առաջինը. ոչ ոք չի կարող ժխտել, որ Արցախն այսօր ապրում է պատերազմից խաղաղություն անցումային շրջանում, ուստի այնտեղ գերազանցապես գործում են ոչ թե բնականոն տնտեսական զարգացման օրենքները, այլ ռազմականացված տնտեսության կանոնները։ Օրերս այնտեղ հայտնված միակ ընդդիմադիր օրաթերթը հազիվ թե կարող է փոխել այս ճշմարտությունը։ Իսկ անցումային շրջանում արմատական տնտեսական «բարեփոխումները» դեռեւս ոչ մեկին հաջողություն չեն բերել, ինչպես ասում են՝ «գետանցումին ձիերը չեն փոխում»։ Այս առիթով տեղին է հիշեցնել այն դերի մասին, որ խաղացին կոլտնտեսությունները Արցախյան ազատագրական պատերազմի օրերին։ Հենց Արցախի գյուղացիների խոստովանությամբ, «առանց կոլտնտեսությունների մենք չէինք շահի պատերազմը»։ ԼՂՀ-ում գյուղատնտեսական գործածությունից այսօր դուրս են մնացել հազարավոր հեկտար արգավանդ հողեր ու այգիներ։ Հիշյալ տարածքների օգտագործումը անհատ գյուղացիական տնտեսության ուժերից վեր է եւ հնարավոր է միայն կոլեկտիվ տնտեսության ուժերով։ Այս ակնհայտ իրողությունն ուժի մեջ կմնա, հավանաբար, նաեւ հաշտության պայմանագրի կնքումից հետո էլ դեռ երկար ժամանակ։ Երկրորդ հանգամանքը կապված է Արցախի ժողովրդագրական վիճակի հետ։ Գյուղական ընտանիքի միջին կազմը Արցախում այսօր չի անցնում 2-3 շնչից։ Իսկ դա նշանակում է, որ լիարժեք աշխատունակ անդամի կարող ենք հանդիպել 3 ընտանիքից մեկում, իսկ նոր ընտանիքի հավակնող երիտասարդ զույգի՝ ավելի հազվադեպ, առնվազն 6-8 ընտանիքներից մեկում։ Տնտեսագիտական լեզվով, դա նշանակում է Արցախի գյուղական «ծերունական» ընտանիքը զուրկ է ոչ միայն նորմալ աշխատուժից, այլեւ ընտանիքի վերարտադրության սեփական ներուժից։ Աշխատունակ երիտասարդ տղամարդը ծառայում է բանակում, որից հետո… լքում հայրական օջախը։ Արցախի հարուստ հողային պաշարները հնարավորություն են տալիս գյուղական ընտանիքին հատկացնելու համեմատաբար մեծ հողաբաժին (3-5 հեկտար)։ Սակայն Արցախի գյուղական ընտանիքի տկար ուժերից վեր է ոչ միայն այդ մեծ «սեփականության» հողաբաժինը, այլեւ եղած փոքր տնամերձ հողակտորը. այն օգտագործվում է պարզունակ բնատնտեսության եղանակով։ Հիշյալ «սպասվող» սեփական հողը կարող է լիարժեք մշակել դարձյալ 8-10 ընտանիքից մեկը։ Մյուս ընտանիքները սեփականաշնորհման արդյունքում ստացած հողատարածությունը կթողնեն անմշակ, կնվիրեն ուրիշին, լավագույն դեպքում՝ վարձակալության կհանձնեն։ Իսկ իրենք, դարձյալ լավագույն դեպքում, կդիմեն վարձու աշխատանքի, եթե, իհարկե, այն առաջարկվի։ Այսպիսով, հողի սեփականաշնորհման հետեւանքով գյուղական համայնքներում կառանձնանան խիստ սահմանափակ թվով լիարժեք սեփականատերեր կամ վարձակալներ, մինչդեռ նորաթուխ հողատերերի ճնշող զանգվածը կշարունակի գոյատեւման ավանդական բնատնտեսական կենսաձեւը։ Հարց է ծագում. մի՞թե սա է ագրարային «բարեփոխման» նպատակը եւ որտե՞ղ մնաց հավասար շուկայական մրցակցության հավասար սոցիալական պայմանների ստեղծման ելակետը, որին ուղղված պետք է լինի սեփականաշնորհման քաղաքականությունը։ Վերջապես, երրորդ հանգամանքն ունի սոցիալ-հոգեբանական բնույթ եւ կապված է մեր ժողովրդի պատմության հետ։ Մասնավոր հողատիրությունը Հայաստանում ունի հազարամյա պատմություն (նախարարական, մելիքական, գյուղացիական եւ այլն), սակայն, նախ, չի ունեցել համատարած բնույթ եւ, երկրորդ, 20-րդ դարի 60-70 տարիների ընթացքում ընդհատվել-արգելվել է օրենքով, ուստի եւ այն իրողություն դարձնելու համար ժամանակ է պահանջվում։ Չմոռանանք, որ մասնավոր սեփականությունը եւ հողատիրությունը գոյացել-կայացել են դարերի ընթացքում։ Ընդ որում, Հայաստանի տարբեր բնատնտեսական գոտիներում մասնավոր սեփականությունը եւ շուկան զարգացել են խիստ անհավասար տեմպերով։ Արարատյան դաշտում եւ արդյունաբերական շրջաններում դրանք վաղուց ի վեր մտել են տնտեսական կյանքի մեջ։ Սակայն նույնը չի կարելի ասել Հայաստանի հեռավոր լեռնային շրջանների մասին, հատկապես Զանգեզուրի եւ Արցախի մասին, որտեղ մինչեւ վերջերս էլ մասնավոր սեփականության, շուկայի եւ կապիտալիզմի գաղափարները եղել են օտար եւ խորթ բնակչության ճնշող զանգվածի համար։ Այս շրջաններում գերիշխել են ոչ թե շուկայի եւ մրցակցության, այլ պարզ գոյատեւման բնատնտեսական մտածելակերպը եւ գործելակերպը։ Կարելի է, իհարկե, մեկ-երկու տարում օրենքի ուժով հռչակել մասնավոր սեփականության իրավունքը, սակայն ակնհայտ է, որ օրենքի ուժով անհնար է արմատապես վերափոխել ժողովրդի լայն զանգվածների դարավոր հոգեբանությունը, այն շատ ավելի երկար ժամանակ է պահանջում։ Շտապողականությունն այս հարցում միայն կորուստներ կարող է բերել եւ, վերջին հաշվով, ժամանակի կորստի, որը մարդկության ամենագլխավոր հարստությունն է։ Սխալ ճանապարհով ընթացողն, ի վերջո, ստիպված է ետ դառնալ եւ ամեն ինչ նորից սկսել։ ՆՈՐԱՅՐ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ Պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել