Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց Վարդան Հարությունյանի հետ

Հուլիս 28,2001 00:00

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՇՆՈՐՀ Է Հարցազրույց Վարդան Հարությունյանի հետ Իրավագիտության դոկտոր Վլ. Նազարյանը գտնում է, որ մահապատիժը իրավաբանական հիմնահարց է, ոչ թե քաղաքական շահարկումների առարկա։ Ըստ իրավագետի՝ քրեական ամբողջ օրենսդրությունը կառուցված է հանցագործության եւ պատժի միջեւ հավասարության սկզբունքի վրա։ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը բոլորովին հակառակ կարծիքի է։ Պրն Հարությունյանն ասաց, որ ինքը միշտ այն կարծիքին է եղել, «որ մահապատիժը որպես պատժի միջոց եւ ձեւ չպետք է գոյություն ունենա ո՛չ մեր, եւ ո՛չ էլ որեւէ այլ հասարակության մեջ։ Սա նույնիսկ մարդասիրության պահանջ չէ, այլ հենց իրավաբանության տեսակետից ինչ-որ առումով կարելի է ասել, որ մահապատիժն ազատում է մարդուն հետագա պատիժը կրելուց։ Իմ կողմից շատ հարգված պրն Նազարյանի հոդվածում ասված էր այն միտքը, որ պատիժը պետք է համարժեք լինի գործած հանցանքին։ Այսինքն՝ խոսքը գնում էր՝ ակն ընդ ական տարբերակի մասին, որը գրվելուց մոտավորապես 900 տարի հետո հերքվեց Քրիստոսի կողմից։ Այս տարբերակով հասարակությունը երբեք ներդաշնակ զարգացում չի կարող ապրել»։ Ըստ պրն Հարությունյանի՝ հասարակությունը մարդուց կարող է վերցնել այն ամենը, ինչ տվել է։ Միայն կյանքն է, որ հասարակությունը չի տվել մարդուն եւ չի կարող, հետեւաբար, վերցնել. «Մահապատիժը պատժի ձեւ է, որը ոչ ոք չի հասկանում. ո՛չ պատժողը, ո՛չ պատժվողը։ Մինչեւ մահի սահմանը չանցնելը մենք չենք հասկանում՝ դա պատի՞ժ է, թե՞ ոչ։ Գուցե դա շնորհ է։ Մահապատիժը ես համարում եմ կանխամտածված սպանություն։ Սա նույն սպանությունն է, ուղղակի՝ օրինականացված»։ Արդյո՞ք մահապատժի կիրառումը վերացնելով՝ մենք չենք հասնի անպատժելիության մթնոլորտի, այսինքն՝ ով ում կուզի՝ կսպանի, հաստատ իմանալով, որ ինքն ընդամենն ազատազրկվելու է եւ ոչ թե կյանքից է զրկվելու. «Գիտե՞ք, մահապատիժը կամ խիստ պատժման ձեւերը դեռ բավարար չեն հանցագործությունների կանխարգելման համար։ Ինչ կարգի պատիժ ուզում եք՝ դրեք գողության համար։ Եթե մարդը սոված է, կամ նրա մայրը, նա ստիպված կլինի գողանալ, եթե հասարակությունը չի կարողանում նրան ապահովել աշխատանքով։ Եվ հետո, նույն հասարակությունը, որ զրկել է նրան նորմալ հաց վաստակելու հնարավորությունից, մարդուն դատում է, բարձրաձայն գոռգոռալով՝ սա գող է»։ Վարդան Հարությունյանի կարծիքով, ամենակարեւորն այն է, որ որեւէ մեկը չի կարող վստահորեն ասել, որ մահապատժի դեպքում սխալ չի լինի։ Նույնիսկ մեկ սխալը (իսկ մենք գիտենք, որ բազմաթիվ սխալներ են տեղի ունեցել, երբ հետագայում պարզվել է, որ դատապարտվածը մեղավոր չի եղել) արդեն պետք է բավական լիներ, որ մենք քննարկումներից զերծ մնանք։ Պրն Հարությունյանը հարցն ընդհանրացնում է, բայց կոնկրետ մեր դեպքում, գործ ունենք «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության հետ, որն աննախադեպ է շատ առումներով. «Կուզենայի ճիշտ հասկացվել (ես չգիտեմ՝ ճիշտ կհասկացվե՞մ, թե՞ ոչ, դա արդեն հասկացողի խնդիրն է), բայց ես կարծում եմ, որ տարբերություն չպետք է լինի։ Կամ պետք է լինի մեր երկրում մահապատիժ, կամ պետք է չլինի։ Եվ դա չպետք է նվիրված լինի Նաիրի Հունանյանին։ Մեր հասարակությունը չպետք է զարգանա Նաիրի Հունանյանով։ Մեր պատիժը եւ մեր ներումը չպետք է լինի Նաիրի Հունանյանով։ Նա չպետք է կերտի մեր կյանքը։ Մեր ամեն ինչը կապում ենք Ն. Հունանյանի հետ՝ հաց ուտել-չուտելը, դատարանի մոտ գալ-չգալը։ Իսկ ինչո՞ւ պետք է մենք այդ ամեն ինչը կապենք Նաիրի Հունանյանի հետ»։ Մեր կարծիքով՝ որովհետեւ նրա կատարած գործողությունը եւ նրա անձի ցինիզմը բացառիկ են իրենց տեսակի մեջ։ Գլխատվել է երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանությունը։ Այս ամենից բացի, այս ամենի հետեւանքով փոխվել է հասարակության կյանքը եւ հոգեբանությունը։ Վարդան Հարությունյանը կրկնեց. «Եթե ՀՀ-ում կլինի գնդակահարություն՝ կգնդակահարվի նաեւ Ն. Հունանյանը, չի լինի գնդակահարություն՝ չեն գնդակահարվի Ն. Հունանյանը եւ մյուսները։ Այսինքն, ես չեմ ուզում, որ մենք Եվրախորհրդին ասենք՝ այո, մենք կողմ ենք, որպեսզի չլինի գնդակահարությունը, բայց այս դեպքում, խնդրում ենք, մեզ թույլ տվեք, որ գնդակահարենք։ Ինձ համար մարդասպանությունը մնում է մարդասպանություն։ Դա արվում է խորհրդարանում՝ անօրինական ճանապարհով, թե բանտախցում՝ օրինական ճանապարհով։ Այսինքն, ինձ համար օրինական ճանապարհով մարդասպանություն գոյություն չունի»։ Պրն Հարությունյանը չի՞ կիսում այն պնդումները, որ երբ նախագահը հայտարարեց, թե իր իշխանության օրոք մահապատիժ չի իրականացվել եւ չի իրականացվի, դրանով լրացուցիչ երաշխիքներ տվեց ամբաստանյալին։ «Ես չգիտեմ, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ էր մտածում այդ պահին, երբ դա ասաց։ Մտածում էր Նաիրի Հունանյանին երաշխիքներ տալ, թե չտա՞լ։ Ես չգիտեմ, բայց գիտեմ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից մահապատիժը ի կատար չի ածվում։ Ես դրա համար շատ ուրախ եմ»։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել