Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական, քաղաքական, սոցիալական ցանկացած քիչ թե շատ նշանակալից իրադարձություն իր անմիջական ազդեցութ

Սեպտեմբեր 13,2001 00:00

Առաջ մենակ էին մեկնում, հիմա՝ ընտանիքներով Տնտեսական, քաղաքական, սոցիալական ցանկացած քիչ թե շատ նշանակալից իրադարձություն իր անմիջական ազդեցությունն է ունենում միգրացիոն գործընթացների վրա։ Երկու օր առաջվա աննախադեպ ահաբեկչությունը նահանգներում այս իմաստով եւս դեռ շատ հետեւանքներ կունենա։ Ընդ որում՝ դժվար կանխատեսելի։ Խնդիրն այդ իրադարձությունների ուղղակի հետեւանքները չեն. այլ, ասենք, Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության հնարավոր փոփոխությունը։ Ավելի հավանականը, իհարկե, դրա խստացումն է, հատկապես «կովկասցիների», այդ թվում եւ հայերի նկատմամբ։ Այս թեման չէր կարող երեկ չարծարծվել «Միգրացիան Հայաստանում. միտումներ եւ քաղաքականություն» թեմայով կոնֆերանսում։ ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը՝ որպես կոնֆերանսի կազմակերպման նպատակներից մեկը, նշեց միգրացիան ուսումնասիրող բոլոր հետազոտողներին՝ լինեն դրանք պետական, թե՝ ոչ, «մի սեղանի շուրջ նստեցնելը»։ Բանն այն է, որ այդ կենտրոններն իրենց հետազոտություններն անցկացնում են տարբեր մեթոդներով։ Սոցիոլոգներն իրենց մեթոդներն ունեն, վիճակագիրներն՝ իրենցը, նույնը՝ տնտեսագետները եւ այլն։ Հենց տարբեր մեթոդների կիրառումով է տիկին Հարությունյանը բացատրում նույն երեւույթի շուրջ տարբեր ուսումնասիրություններում հանդիպող իրարամերժությունները։ Ամենացայտուն իրարամերժությունը, որը երեկ ի հայտ եկավ՝ «Միգրանտների վերադարձի ներուժը» թեմայի քննարկումն էր։ Ըստ ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ Մարիա Զասլավսկայայի՝ «Միգրանտների վերադարձը ընդլայնվող գործընթաց է»։ Ընդ որում, այդ վերադարձը եւ դրական, եւ բացասական կողմեր ունի (համապատասխանաբար 16 եւ 84%-ներ)։ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը, որը ներկայացրեց «Միգրացիոն գործընթացները Հարավային Կովկասում» թեման, պնդում է. «Մենք վերադարձի ֆենոմեն չենք ֆիքսում»։ Սրա փաստարկումներից է այն, որ հանրապետությունից ժամանակավոր մեկնածի վերադարձը որպես արտագաղթի հակառակ պրոցես չի կարող դիտվել։ Գերմանիայից էլ վերջերս բազմաթիվ հայեր վերադարձան։ Սակայն իրականում նրանք ինքնակամ չվերադարձան, այլ արտաքսվեցին երկրից։ Ի դեպ, տիկին Զասլավսկայայի ներկայացրած տվյալներով, ընտրանքային սկզբունքով կատարված ուսումնասիրությամբ վերադարձը կազմում է 10,8%։ Սակայն նրա իսկ հայտնած թիվը՝ ուսումնասիրության ներկայացուցչական սխալը՝ 4,2%, վերադարձի թվին վերապահ մոտեցում է պարտադրում։ Ե՛վ երեկվա քննարկման, ե՛ւ ընդհանրապես հետազոտությունների հիմքում աշխատանքային միգրացիայի ուսումնասիրումն է։ Սակայն ամենակարեւորը, ըստ Լյուդմիլա Հարությունյանի, այն է, որ Հայաստանում կատարվում են այդ ուսումնասիրությունները։ Նման փոքրիկ երկրի համար բավական մեծ թիվ է այդպիսի 5 կենտրոնների առկայությունը։ Այս առումով Հայաստանը «արգելք» է հաղթահարել, քանի որ երկրից զանգվածաբար հեռանալու մասին տեղեկություններն ու թվերը երկար ժամանակ գրեթե պետական գաղտնիք էին։ Դա՝ սկզբնական շրջանում։ Իսկ երեկ նույնիսկ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրեց իր թվերը, որոնք, իհարկե, մեղմ էին։ Փոխարենը ՄԱԿ-ի ազգային փորձագետ Ռուբեն Եգանյանի տվյալները, ինչպես ինքն էլ ասաց, նախորդներից տարբերվում էին։ Նախ, նա տարբերակեց արտագաղթ եւ էմիգրացիա տերմինները։ Հետո՝ «էմիգրացիան վերաճել է առավելապես ընտանեկան երեւույթի»։ Սա, ինչպես ռուսներն են ասում, դեռ ծաղիկներն են։ Ահա պտուղները. «Նոր էմիգրացվողների թվում ընտանիքով մեկնողների բաժնի գերակշռման, ինչպես նաեւ կիսված ընտանիքների հիմնականում ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում վերամիավորվելը վկայում է այն մասին, որ ժամանակավոր սոցիալ-տնտեսական էմիգրացման երեւույթը, իրադրության առողջացման համարժեք միտումների բացակայության պայմաններում ավելի ու ավելի մեծ չափով է ձեռք բերում անվերադարձ արտագաղթի երանգավորում»։ Միջազգային միգրացիոն քաղաքականությունը ներկայացնելու եւ քննարկելու համար հրավիրված էին Հունաստանի, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատների ներկայացուցիչներ (բացակայում էր միայն ԱՄՆ ներկայացուցիչը), Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ պետական միգրացիոն հայեցակարգի ներկայացման իրավունքը վերապահված էր Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանին։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել