Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հետեւեինք կանոններին, ԱՄՆ դեսպանատուն երեկ ասուլիսի հրավիրված լրագրողներս պետք է մտնեինք սեղաննե

Սեպտեմբեր 19,2001 00:00

Մեր խելքը գնահատում էմիայն ԱՄՆ-ը Եթե հետեւեինք կանոններին, ԱՄՆ դեսպանատուն երեկ ասուլիսի հրավիրված լրագրողներս պետք է մտնեինք սեղանների տակ։ Համենայնդեպս դա էր պահանջում տագնապի ազդանշանը, որ հնչում էր 5 րոպեից ավելի՝ ահազանգելով, որ դեսպանատանը ռումբ կա։ Բայց դա միայն ուսուցողական տագնապ էր։ Դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ջոն Բալյանը բացատրեց. «Ամեն օր այսպես է, որպեսզի պատրաստ լինենք հավանական որեւէ դեպքի, ինչը չենք կարծում, որ այստեղ տեղի ունենա… թեեւ Նյու Յորքում էլ նույնն էին ասում»։ Ամեն դեպքում, տագնապի ազդանշանը ասուլիսը չձախողեց եւ ԱՄՆ-ի կառավարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի համար իրականացվող կրթական ծրագրերի ղեկավարները հանգիստ ներկայացրին իրենց կատարածն ու անելիքները։ Իսկ այդ ծրագրերը բավականին ընդգրկուն են՝ ներառելով թե՛ դպրոցական, թե՛ բուհական ու գիտական ոլորտները։ Ուսանողները, գիտնականներն ու դպրոցականները մեկնում են ԱՄՆ ուսանելու, համատեղ գիտական ծրագրերին մասնակցելու, ամերիկացի գիտնականներն են ժամանում Հայաստան։ Այստեղ եւս տարատեսակ ծրագրեր են իրականացվում, դրամաշնորհներ տրվում։ ԱՄՆ կառավարությունը տարեկան մոտ 11 մլն դոլար է ծախսում այդ նպատակով։ «Առավոտի» հարցին՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարո՞ղ են ազդել այդ ծրագրերի ծավալի վրա, Ջոն Բալյանը պատասխանեց, թե կարծում է, որ չի ազդի, բայց հստակ չի կարող ասել։ «Ի՞նչ իմանաս՝ ի՞նչ կբերի ապագան»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ հնարավոր պատերազմը եւ այլ զարգացումներ գուցե ազդեն այդ ծրագրերի ֆինանսավորման վրա։ Մանավանդ որ CNN հեռուստաընկերությունն արդեն հաղորդել է, որ ԱՄՆ-ն վերանայելու է իր բյուջեն։ «Սեպտեմբերի 11-ից հետո նոր աշխարհ է ստեղծվել»,- արձանագրում է Ջոն Բալյանը։ Ի դեպ, Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների մեջ երրորդ տեղն է զբաղեցնում՝ կրթական ծրագրերին հատկացվող միջոցների ծավալի առումով, իսկ բնակչության թվի համեմատ՝ առաջին տեղում ենք։ «Դրա պատճառն այն է, որ հայերը շատ խելացի ժողովուրդ են»,- պարզաբանեց «Աքսելսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռեյ Ռիդերը։ Նաեւ հիշեցրեց, որ երբ ԱՄՆ նախորդ դեսպանը՝ Պիտեր Թոմսենը, խնդրել է ԱՄՆ կառավարությունից ավելացնել «Մասքի» ծրագրով Հայաստանին տրվող տեղերը, մյուս երկրներն անմիջապես բողոքել են։ Այդ տեղերը 10-ից դարձել էին 70, բայց աստիճանաբար, ԱՊՀ երկրների խանդի պատճառով, նվազել է՝ հասնելով 40-ի։ Պրն Ռիդերը միայն դրանով պայմանավորեց տեղերի կրճատումը, ժխտելով այն վարկածը, որ տեղերը նվազել են, քանի որ այդ ծրագրով մեկնածների մեծ մասը չի վերադառնում Հայաստան։ Իհարկե, դա միայն մեզ պիտի մտահոգի, իսկ ԱՄՆ-ն ուղեղների ներհոսքից ամենեւին էլ դժգոհ չպիտի լինի։ Մանավանդ որ, Ռ. Ռիդերը մեկ անգամ էլ արձանագրեց, ԱՄՆ-ից վերադարձած երիտասարդներն այստեղ աշխատելու հարմար տեղ չեն գտնում եւ մեկնում են աշխատելու Ռուսաստան ու եվրոպական երկրներ։ Պրն Ռիդերը, սակայն հավաստիացրեց, որ իրենք փորձում են հետեւել ԱՄՆ-ում ուսում ստացած երիտասարդներին՝ օգնելով, որ աշխատանք գտնեն այստեղ, դասախոսեն, գիրք գրեն։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հ. Գ. «Փրոջեքթ Հարմոնի» տնօրեն Շըվան Քիմմերլին, ներկայացնելով Հայաստանի դպրոցներում կոմպյուտերային դասարաններ բացելու իրենց ծրագրերը, նաեւ նշեց, որ տեղադրում են արգելող սայթեր, որպեսզի երեխաները իրենց տարիքի համար ոչ ցանկալի սայթեր չմտնեն։ Հիշեցնենք, որ այդ արգելող ծրագրերը սկսեցին տեղադրվել «Առավոտի» այն ահազանգից հետո, որ դպրոցներում պոռնո-սայթեր են բացում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել