Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գնումների գործակալության (ՊԳԳ) պետ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպման առիթն այս տարվա անցած ժամա

Հոկտեմբեր 11,2001 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔԱՄՈՒՆ ՏԱԼ Պետական գնումների գործակալության (ՊԳԳ) պետ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպման առիթն այս տարվա անցած ժամանակահատվածի գործունեության ամփոփումն էր։ Նրա ներկայացմամբ, գործակալությունն իր գործունեության ընթացքում անցկացրել է ավելի քան 150 մրցույթ, նախահաշվային գինը կազմել է 5,5 մլրդ դրամ, խնայվել է ավելի քան 400 մլն դրամ։ Վերջապես, «հիմնական խնդիրը, որ դրված է ՊԳԳ-ի առջեւ, պետական կարիքների համար առավել շահավետ գնումների կատարումն է»,- նշում է պետը։ Սակայն նկատենք, որ ամեն ինչ չէ, որ ընթանում է նախատեսվածի նման։ Օրինակ, պարբերաբար տապալվում էին բենզինի գնման համար հայտարարվող մրցույթները, ընդ որում, ոչ միայն բենզին ներկրողների ջանքերով։ Մի քանի անգամ տապալելով մրցույթները, նրանք հասել են իրենց ուզածին. «Այժմ բավական հետաքրքիր սկզբունքով ենք կնքում պայմանագիրը։ Ամսվա սկզբին ճշտում ենք մանրածախ գները (այնինչ, տրամաբանական է մեծածախը- Ա. Ու.) եւ պետական մարմինների համար մատակարարվող բենզինի գինը հաշվարկում ենք 5 դրամով պակաս»։ Արդար շուկայի պարագայում, իհարկե, ընդունելի է տնտեսվարողների նման համերաշխությունը, բայց երբ մոնոպոլիա է… Եթե սրան գումարենք նաեւ այն, որ մեր կառավարությունն ինքն է ամեն ինչ անում այդ մոնոպոլիան անխախտ պահելու համար, ստացվում է, որ հարկատուներիս փողերը քամուն են տրվում։ Բանն այն է, որ շատ սահմանափակ է պետական այն գերատեսչությունների ցանկը, որոնց պետական կարիքները (տվյալ դեպքում՝ բենզինի) բավարարվում են ՊԳԳ-ի միջոցով։ Մնացածը, ինչպես «Առավոտը» մի անգամ անդրադարձել է, իբր պետական գաղտնիք է պարունակում (բացարձակապես անհիմն է)։ Այդ գերատեսչություններն են ԱԱ, ՆԳ, պաշտպանության նախարարությունները, որոնց կարիքներն էլ ամենամեծն են։ Այսինքն, կառավարությունը դեռեւս համարձակություն չունի ուժայիններին ասելու, որ, օրինակ, թղթի, բենզինի քանակը կամ շենքի վերակառուցումն ամենեւին էլ պետական գաղտնիք չի պարունակում, եւ ավելացնելու, որ հարկավոր է զսպել պետբյուջեից հնարավոր եւ անհնար միջոցներով անօրինականորեն «սնվելու» ախորժակը։ Խոսքն այն մասին է, որ չինովնիկը իր հիմնարկի համար գնումներ կատարելիս, որպես կանոն, էժան գնում էր, թանկ ձեւակերպում, տարբերությունը գրպանը դնում։ Նկատենք նաեւ, որ պետգնումների համար նախատեսված գումարի գերակշռող մասը հենց այս գերատեսչությունների կարիքների համար էլ ծախսվում է։ Եվ եթե մյուս մրցույթների ժամանակ խնայողություն է լինում, ապա պետք է համոզված ասել, որ խնայողությունը շատ ավելի մեծ կարող էր լինել։ Սրա վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան Գ. Խաչատրյանը շատ զգուշությամբ նշեց. «Գուցե հետագայում հնարավորություն լինի եւ փոփոխություն կատարվի, եւ գուցե մի որոշ մասը թույլատրեն մենք կատարենք՝ այն մասը, որը պետական գաղտնիքի իմաստով այնքան էլ չի վտանգում պետությանը»։ Հետո, մասնավորապես բենզինի առնչությամբ, ասաց. «Պետական ծառայողական մարմինների համար նախատեսված բենզինի քանակը շատ փոքր է։ Հայաստանում տարեկան 250 հազար տոննա բենզին է ծախսվում, պետական գերատեսչությունների համար՝ 1000 տոննա։ Այսինքն՝ այն տպավորությունը, թե մեր պետական կառավարման մարմինների ծառայողական մարմիններն են պատճառը, որ տնտեսական, սոցիալական վիճակը վատ է, այնքան էլ ճիշտ չէ։ Եթե սրան գումարենք չվճարումները, որովհետեւ պետբյուջեի մուտքային մասը չի ապահվվում», ապա պարզ է դառնում, թե մեր խեղճ բենզին ներկրողները կամ մատակարարողներն ինչքան են տուժում պետության հետ գործ բռնելիս (եզրահանգումն իմն է)։ ՊԳԳ-ի պետի ներկայացմամբ, մեծ քանակությամբ ապրանքներ դուրս են մնում իրենց «ոլորտից», գնման ժամկետի կարճ տեւողության անհրաժեշտության պատճառով (մրցույթի անցկացման ընթացակարգն ավելի երկար է)։ Նա համաձայնություն հայտնեց «Առավոտի» այն դիտարկմանը, որ դուրս են մնացել նաեւ վարկային ծրագրերը. «Վարկերը բյուջետային միջոցներ են եւ դրանցով իրականացվելիք ծրագրերի աշխատանքները կատարում են հատուկ այս նպատակով ստեղծված գրասենյակները։ Այսինքն, ահռելի բանակ ենք ստեղծում, որոնք նույնպես զբաղվում են մրցույթների անցկացմամբ։ Յուրաքանչյուր նախարարություն իր համակարգում ստեղծում է ծրագրի իրականացման գրասենյակ, եւ պետական վարկային միջոցները (թեկուզ արտասահմանյան- Ա. Ու.) ծախսվում է տվյալ ծրագրի իրականացման գրասենյակի միջոցով։ Հակասություն է առաջանում ՊԳԳ-ի եւ գրասենյակների միջոցով իրականացվող նույն գործառույթների միջեւ»։ Ավելին, նա նշեց. «Մեր կողմից կատարվող մրցույթների ամբողջ ընթացակարգը համաձայնեցված է ՀԲ-ի եւ միջազգային մյուս կազմակերպությունների հետ»։ Այսինքն, կանոնակարգային խնդիրներ էլ չկան, բայց պետությունը շարունակում է իր եւ մեր փողերը քամուն տալ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել