Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերին Թուրքիայում եւ Բելառուսում կայանալիք միջազգային հեղինակային փառատոներում «Երեւան» կինոստո

Դեկտեմբեր 12,2001 00:00

ՇՔԵՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ԲԵՄԱԴՐԱՎԱՐՁԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ Նոյեմբերին Թուրքիայում եւ Բելառուսում կայանալիք միջազգային հեղինակային փառատոներում «Երեւան» կինոստուդիայի տնօրեն, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Պիեռլեկինո կամ օդից թեթեւ» ֆիլմն արժանացել է խոսուն մրցանակների։ «Պիեռլեկինոն», ռեժիսորի կարծիքով, երեւանյան գեղեցիկ հեքիաթ է՝ արժանի ցուցադրվելու Ամանորի առթիվ, ինչպես, օրինակ, հայտնի «Կառնավալային գիշերը»։ Սակայն այդ առաջարկությունը մերժվել է «Հանրային» կոչվող հեռուստատեսության կողմից՝ հեռուստացանկի հագեցած լինելու մասին պատճառաբանությամբ։ Տ. Խզմալյանը լրագրողներին հայտարարեց, որ Հանրային հեռուստատեսությունը «փորձում է լուծարել ու սեփականաշնորհել «Երեւան» ստուդիան, կտրում է նրա ջուրը, հոսանքը, ամեն գնով ուզում է հասնել կինոստուդիայի չգործելուն»։ Մինչդեռ, ի տարբերություն շատ ռեժիսորների, ինքը պատրաստ է աշխատել էքստրեմալ պայմաններում, անգամ՝ անվճար։ Նա լրագրողներին հավաստիացրեց, որ թե՛ Ստամբուլում, թե՛ Բելառուսում ուրախությամբ է ընդունվել «Հայկական կինոյի՝ մշակութային քարտեզի վրա հայտնվելու հանգամանքը», ստացվել են նաեւ այլ փառատոներին մասնակցելու նորանոր հրավերներ։ «Երեւան» կինոստուդիայի տնօրենը խորապես համոզված է. «Երկիրը քարտեզի վրա գոյություն ունի նախեւառաջ մշակույթի շնորհիվ, իսկ կինոն ամենահզոր եւ ամենամատչելի միջոցն է՝ աշխարհին մեր ուղերձը հասցնելու համար»։ Նա, սակայն, ցավում է ֆիլմի, ստուդիայի եւ, ընդհանրապես, կինոարվեստի հանդեպ անտարբերության համար, այն դեպքում, երբ «պաշտոնյաները շրջում են շքեղ մեքենաներով (որոնց գները 2 անգամ գերազանցում են կինոստուդիայի տարեկան բյուջեին) կամ կառուցում են հյուրանոցներ՝ չվճարելով արվեստագետների բեմադրավարձերը»։ Խզմալյանի հաշվարկներով, նախագահական մեքենաներից թեկուզ մեկի արժեքով կարելի է 80 աշխատատեղ պահպանել, նկարահանել ֆիլմեր ու ստանալ զարմանալիորեն եզակի մրցանակներ։ Ի դեպ, կինոյում ընդունված չափանիշներով՝ պարզվում է՝ ֆիլմերը պիտի ունենան ժապավենի 6-7 օրինակ, ինչը նույնպես կարեւոր է կինոշուկա դուրս գալու ժամանակ։ Սակայն Տ. Խզմալյանը «մեղմ ժպիտով հաճախ մերժում է բոլոր առաջարկները»՝ ժապավենի «միակ ու մաշված կոպիայի պատճառով»։ Դրանք բազմացնելու հնարավորություններ չկան, որովհետեւ ստուդիան «անգամ ստանալիք գումարները դեռ չի ստացել»։ Չկան միջոցներ նաեւ արխիվում պահվող ֆիլմերը համակարգչային տարբերակով «արխիվացնելու» համար։ Թեեւ, չնայած այս ամենին, ստուդիայում եղած ժապավենները պահվում են հատուկ չոր պահարաններում։ Բացի այդ, յուրաքանչյուր ֆիլմ համարակալված է եւ ինտերնետում ունի իր անոտացիան։ Խզմալյանը խոսեց նաեւ «Երեւան» ստուդիայից հեռացածների, մասնավորապես՝ Տ. Դաշտենցի ու Ս. Առուստամյանի մասին, որոնք «թույնով լցված հոդվածներ են գրում»՝ փոխանակ ուրախանալու իրենց գործընկերների հաջողություններով։ Խզմալյանին չեն հանդուրժում նաեւ Կինոմիությունում, ուր «քարտուղարուհին անգամ կարող է իրեն իրավունք վերապահել՝ արգելել իր ասուլիսը Կինոմիության մամուլի սրահում, միայն այն պատճառով, որ ինքն այդ միությանը չի անդամակցում»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել