Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքներդ դատեք. վերջին 4 տարիների (1999-2002թթ.) բյուջեներում առանց բացառության ԱԱՀ-ն կազմում է մոտավ

Դեկտեմբեր 20,2001 00:00

ԲՅՈՒՋԵ-2002. ՈՐԱԿԸ ՆՈՒՅՆՆ Է Ինքներդ դատեք. վերջին 4 տարիների (1999-2002թթ.) բյուջեներում առանց բացառության ԱԱՀ-ն կազմում է մոտավորապես կեսը (47,9-51,0%), իսկ անուղղակի հարկերի գումարը (ԱԱՀ+ակցիզային հարկ)՝ ողջ հարկային մուտքերի 67-71%-ը եւ համարյա 4 անգամ գերազանցում է ուղղակի հարկերի (շահութահարկ+ եկամտահարկ) գումարը։ 2002թ., ինչպես նաեւ նախորդ տարիների բյուջեի հարկային մուտքերի կառուցվածքի աբսուրդը լրացնում է այն փաստը, համաձայն որի, միայն ակցիզային հարկերից մուտքերը կրկին պետք է գերազանցեն եկամտահարկի եւ շահութահարկի մուտքերը 1,5 եւ 2,6 անգամ։ 2002թ. բյուջեի յուրահատկությունն այն է, որ դա նախորդ տարիների բյուջեներից տարբերվում է բավականին մեծ որակական հատկանիշով։ Օրինակ, եթե 2001թ. բյուջեի հարկային մուտքերի նախատեսված մեծությունը 2000թ. նախատեսված մեծությունից շատ էր ընդամենը 2,7 մլրդ դրամով, այսինքն դրա աճը պետք է կազմի ընդամենը 1,6% (164,9 եւ 162,2 մլրդ դրամ), ապա 2002թ. բյուջեի հարկային մուտքերն արդեն նախատեսված են 185,1 մլրդ դրամ ծավալով, որը 2001թ. նախատեսված գումարից ավելի է 20,2 մլրդ դրամով, կամ դրանք պետք է աճեն 11,2%-ով։ Այլ կերպ ասած, 2002թ. հարկային մուտքերի աճը պետք է 6,7 անգամ գերազանցի 2001թ. աճի տեմպը։ Տպավորություն է ստեղծվում, որ 2002թ. ավելի մեծ շուքով ենք նշելու Հայաստանում քրիստոնեության ընդունման 1701-ամյակը եւ որ մեր երկիր կգան արդեն ոչ թե 150 հազար զբոսաշրջիկ, այլ 6,7 անգամ ավելի շատ, այսինքն 1 մլն։ 2002թ.բյուջեի հարկային մուտքերի քանակական կտրուկ տարբերությունը ունի նաեւ իր որակական յուրահատկությունները։ Օրինակ, հարկային մուտքերի 20,2 մլրդ դրամով մեծացման ընդհանուր գումարից ավելի քան 12 մլրդ դրամը գալիս է ԱԱՀ-ից։ Այսինքն, այս մուտքերի աճի ընդհանուր ծավալի մոտ 60%-ը գալիս է ԱԱՀ-ից։ Մյուս հարկատեսակների մուտքերի աճը նվազագույն է։ Օրինակ, եկամտահարկը պետք է աճի ընդամենը 1,2 մլրդ դրամով, իսկ շահութահարկը՝ 2,18 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է ակցիզային հարկերին, ապա 2002թ. բյուջեում, չգիտես ինչու, նախատեսված է դրանց ծավալների նվազում՝ համեմատած 2001թ. հետ, 0,5 մլրդ դրամով։ Դատելով այս ամենից, բյուջեն կազմողները գտնում են, որ 2002թ. Հայաստանը պետք է արտադրի, ներմուծի եւ սպառի ավելի քիչ ենթաակցիզային ապրանքներ (ծխախոտ, ալկոհոլ), քան 2001թ.։ Այսինքն, ՀՀ բնակչությունը կվարի առավել առողջ կենսակերպ։ Բացի այս, տրված թվերը վկայում են այն մասին, որ իշխանությունների կողմից նախատեսվող հարկային վարչարարության խստացումը հիմնականում կվերաբերի ԱԱՀ-ին։ Իսկ եկամտահարկի չնչին ավելացումը խոսում է այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտները նախկինի նման իրենց ֆինանսական հաշվետվություններում ցույց են տալու շահույթի բացարձակ բացակայություն եւ հակառակը, ցույց են տալու միայն կորուստներ եւ վնասներ, ինչի շնորհիվ նորից շահութահարկ վճարող չի լինելու։ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎ Հ. Գ. Վերոշարադրվածը խոսում է այն մասին, որ ունեցած նպատակի համար (185,1 մլրդ դրամի հարկային մուտքերի ապահովումը 2002թ. բյուջե) իշխանություններին, իրոք, անհրաժեշտ է հարկերի հավաքագրման գործում խստացնել վարչարարական լծակները։ Սակայն խնդրի ողջ բարդությունն ու նրբությունն այն է, թե վարչարարության խստացման ուղղությունը որքանով ճիշտ կընտրվի։ Հարկային մուտքերի առնչությամբ արդեն ակնհայտ է, որ չափազանցություն է, ինչը բնորոշվում է նրանով, որ վարչարարության խստացումը մեծ մասամբ ուղղված է ԱԱՀ-ի հավաքագրմանը։ Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, ապա այստեղ անհրաժեշտ է առավել զգույշ եւ հավասարակշռված մոտեցում։ Այդ հարցում չպետք է լինի որեւէ շեղում, այլապես տնտեսվարող սուբյեկտների միայն մի որոշակի խմբի (խոշոր կամ փոքր) նկատմամբ վարչարարության խստացումը կարող է հանգեցնել ինչպես կապիտալի արտահոսքի (երկրից), այնպես էլ հասարակության մեջ սոցիալական լարվածության սրմանը։ Այլ կերպ ասած, ջրի հետ տաշտից երեխային էլ կթափեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31