Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Խարբերդի 5-րդ փողոցի թիվ 21 տունը առանձնանում է հարեւան տներից։ Խարխուլ, երկարավուն կառույց է, ն

Դեկտեմբեր 22,2001 00:00

Բարձրացրո՛ւ գլուխդ, զինվո՛ր Նոր Խարբերդի 5-րդ փողոցի թիվ 21 տունը առանձնանում է հարեւան տներից։ Խարխուլ, երկարավուն կառույց է, ներսից 4-5 մասերի բաժանած։ Սրբած աղքատություն։ Հատակը բետոն է, չուլ ու փալաս է, հող է, ամեն ինչ է, միայն ոչ՝ տախտակ։ Այգում մի տեղ քար է թափված, որով պիտի տուն սարքվեր։ Բայց քարը բերողը ու տուն սարքել ցանկացողը չկա։ Մարիետա Սարգսյան (1965- 1993)։ Նկարը մի երկու տեղ պատին կա։ Մեկը սիրող գեղանկարչի գործ է, ճակատային ընկերոջ։ Կանգնած է՝ ձիգ, բարձրահասակ, զինվորական համազգեստով կինը, իսկ ձեռքին նռնակներ են։ Նկարի վրա Մարիետան իր ձեռագրով երեխաներին չափածո «նամակ» է գրել։ 28 տարեկանում զոհված Մարիետան ռազմադաշտում եղել է խոհարար, բուժքույր, հրաձիգ։ Ծանր վիրավորվել է Լաչինում։ Մահացել է Երեւանի հիվանդանոցներից մեկում։ Մայրը աղջկանից մնացած հիշատակների հետ, թղթի մեջ փաթաթած, պահպանում է աղջկա ողնաշարի քերվածքը։ Արեւմտյան մի բանաստեղծության մեջ այսպիսի տող կա. «Ամեն մի զինվորի մեջ փնտրեցեք կնոջը»։ Իսկ ինչ որոնենք կին զինվորների մեջ, նրանց, ովքեր երեխաներին թողնում-կռվի են գնում։ Մարիետան ամուսնացել է 14 տարեկանում։ Անհաջող։ Երկու երեխա է ունենում, բաժանվում է։ Երեք տարեկան աղջկան եւ ավելի փոքր տղային տեղավորում է Գավառի մանկատանը։ Աշխատում է։ Կանոնավոր այցելում է երեխաներին։ Հետո ցույցերն են սկսվում։ Մտնում է Մասիսի կամավորական ջոկատ։ Ինը տարի մանկատանն անցկացրած երեխաներին բերում-թողնում է մոր մոտ եւ ճակատ մեկնում։ Մոր՝ 1947-ին Հունաստանից ներգաղթած ծեր ու հիվանդ Մարգարիտ մայրիկի միակ հույսը այս աշխարհում թոռնուհի Գայանեն է՝ Մարիետայի աղջիկը։ Տղա թոռանը, Մարիետայի զոհվելուց հետո, հորաքույրը տարել է իր տաքուկ բնակարանը, իսկ Գայանեն չի գնացել. «Տատիս չէի ուզում մենակ թողնել»։ Մարգարիտ տատիկը էլ պետական դուռ չի թողել, ամեն տեղից օգնություն խնդրելու է գնացել։ Մերժում են կամ մի տուփ վերմիշել տալիս, կամ ցեցակեր մի չուլ, կամ ասում են. «Թող չգնար մեռներ»։ «Զզվել եմ արդեն, բալա։ Վառելիք չունենք, ամառը մեզ թութ տվող ծառն ենք կտրել։ Գնում եմ երկրապահ, քաղաքապետարան՝ ոչ մի բան։ Էն օրը Մասիս եմ գնացել, Բաբաջանյանի մոտ, ասի՝ ուտելիք չկա, վառելիք չկա։ Փախստականներին որ օգնում եք, ես էլ երեխա եմ կորցրել, ծնողազուրկ երեխա եմ պահում։ Երկու տարի կլինի, իսկի ալյուր էլ չեն տվել»։ 19-ամյա Գայանեն, ինչպես մանկատանը մեծացած աղջիկների մեծ մասը, հավատարիմ չէ իր սեռին, տղայանման քայլվածք ունի, հագուստ։ Ծառ է կտրում, փայտ է կոտրում, ձմեռը հանելու հույս-խոզի լափի ծանր պղինձն է դուրս տանում, հիվանդ տատին ճաշ ու դեղ տալիս։ Կարատե ու ձյուդո մարզաձեւերի չեմպիոն է, պատվոգրերը կախված են մայրիկի նկարների կողքին։ «Վերջին մրցումներում ոչ մի կին ինձ հետ ռիսկ չարեց կպնի, տղամարդկանց հետ կպա։ 22 մարտից 20-ը հաղթել եմ»։ Սովորում է Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում։ Անվճար։ Խարբերդի դպրոցը մոր անվամբ են կոչելու, ճառեր են ասվելու։ Ասում է. «Էդ սաղ բաները, որ մամայի պատվի համար անում են, իրենց է պետք։ Մեզ համար էլ երեւի մի սեղան կգցեն։ Չեմ սիրում էդ ձեւի կեղծ բաներ»։ «Ի՞նչ ես աշխատելու, Գայանե, որ ավարտես»։ «Կագեբեում թիկնապահ։ Հայաստանում արդեն 10 թիկնապահ աղջիկ կա, որից 2-ը Քոչարյանի թիկնապահներն են, իրենք մեզ հետ են սովորում, թիկնապահի գծով պարապում են»։ «Քեզ, որպես զոհվածի երեխա, երբեւէ արտասահման ուղարկե՞լ են»։ «Էդ ձեւ պահ եղել է, բայց իմ տեղը ուրիշի են ուղարկել։ Չեն էլ ասել, հետո ենք իմացել։ Մասիսում մամայի հետ կռվածներին սաղին տուն են տվել, համարյա չկա մեզ նման»։ Մանկությունն ու սեռի զգացողությունը կորցրած աղջիկը թող դառնա թիկնապահ, Եվրախորհուրդ մտած երկիր ենք, աղջիկ թիկնապահները հիմա կլինեն մոդայիկ, թող պաշտպանի երկրիս կառավարողներին, նրանք պաշտպանության կարիք ունեն, պաշտպանություն՝ ուզող ձեռքերից, անիծող բերաններից։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել