Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց

Դեկտեմբեր 25,2001 00:00

«ՖԻԼՄՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ Է» Զրույց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի հետ Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը վերջերս է վերադարձել Ամերիկայից։ Նրա «Լռության սիմֆոնիա» ֆիլմը հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի։ – Ֆիլմը նկարահանելուց առաջ արդեն որոշվա՞ծ էր կամ ենթադրո՞ւմ էիք, որ այն կներկայացվի «Օսկարի»։ – Որ ասեմ այո, երեւի կեղծած կլինեմ, ասեմ ոչ՝ նույնպես կեղծած կլինեմ։ Թաքնված նպատակ կար։ Նպատակը դարձավ ավելի ռեալ, երբ AFFMA կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում դիտեցին ֆիլմը եւ իրենց հավանությունը տվեցին։ – Վերջերս եք վերադարձել Ամերիկայից։ Մի փոքր պատմեք՝ ինչպե՞ս եւ որտե՞ղ ցուցադրվեց ֆիլմը, ի՞նչ արձագանքներ եղան։ – Հիմնական խնդիրը հոկտեմբերի 12-ին Ամերիկյան կինոակադեմիայի «Սեմյուել Գոլդվին» կինոսրահում ֆիլմի պրեմիերայի կազմակերպումն էր։ Շատ անսպասելի սեպտեմբերի 11-ի դեպքերը ընկճեցին մեզ եւ մտավախություն կար, որ ցուցադրումը կհետաձգվի, որովհետեւ բազմաթիվ միջոցառումներ այդ օրերին չկայացան։ Չնայած այդ դժոխային հոգեբանական ճնշմանը, այնուամենայնիվ պրեմիերան կայացավ, իսկ արդյունքը եղավ շատ ավելին, քան մենք սպասում էինք այս պայմաններում։ Քանի որ ֆիլմը նայելու ցանկությունը մեծ էր, կազմակերպվեց նաեւ երկրորդ ցուցադրումը, որից հետո մենք հանձնեցինք ֆիլմը կինոակադեմիա։ Բացի այդ, ես պայմանագիր կնքեցի «Պիրս ընդ Գորման» փաստաբանական գրասենյակի հետ, ֆիլմը նրանք ներկայացրին «Գոլդեն Գլոփ» աշխարհահռչակ փառատոնին, իսկ վերջերս իմացա, որ ֆիլմը ներկայացված է նաեւ «Պալմ Սփրինքս» միջազգային կինոփառատոնին։ Այսօր մեզ մնում է միայն սպասել արդյունքներին։ – Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ – Ես երկու ծրագիր ունեի՝ մինիմում եւ մաքսիմում։ Մինիմում ծրագիրը ես կատարված եմ համարում՝ ֆիլմը ընդգրկվեց «Օսկարի» ներկայացված 78 ֆիլմերի մեջ՝ գովազդելով Հայաստան անունը ամբողջ աշխարհում։ Մաքսիմում ծրագիրը ֆիլմերի լավագույն հնգյակի մեջ ընդգրկվելն է։ Կհաջողվի՝ շատ լավ, չի հաջողվի՝ դա Աստծո կամքն է։ – Ովքե՞ր են սցենարի հեղինակները։ – Սցենարի հեղինակը ես եմ, համահեղինակն է Գուրգեն Խանջյանը։ – Վերջերս «Իրավունքին» տված հարցազրույցում Միքայել Պողոսյանը նշեց, որ ֆիլմի գաղափարը գալիս է իրենից։ – Միքայել Պողոսյանը իրո՛ք եկել է ինձ մոտ գաղափարով. նա ինձ առաջարկեց, որ ինքը խաղա 12 գժերի դերեր։ Դա, բնականաբար, ինձ չէր հետաքրքրում եւ ես նրան առաջարկեցի աշխատել մի գաղափարի վրա, որն արդեն 93 թվականից հետապնդում էր ինձ։ Ես մի վավերագրական ֆիլմ էի նկարել Սարի թաղի Ճլեի մասին, որը, կարելի է ասել, Գժոյի նախատիպն է։ – Ֆիլմում Մ. Պողոսյանը խոսում է «ոչ իր ձայնով»… – Ես կարծում եմ, որ ճանաչված արվեստագետների կոնֆլիկտները չպետք է դառնան հասարակության մեկնաբանության, զրույցի թեմա, սակայն քանի որ հարցը տրվել է՝ ասեմ։ Ինչո՞ւ չփոխարինվեց Մ. Պողոսյանի ձայնը «Ձայն բարբառո» ֆիլմում, որովհետեւ Թոմազոյի կերպարը շատ մոտ էր իր անձին։ Թոմազոն նույնպես խաղարկու էր, ծաղրածու, իսկ Մ. Պողոսյանը էստրադային, կրկեսային ժանրում անգերազանցելի է, սակայն մեծ կինոյի դերասանական պահանջները փոքր-ինչ այլ են։ Մինչեւ իմ ձայնը փորձելը մենք փորձեցինք նաեւ այլ դերասանների ձայները, վերջնական ընտրությունն ընկավ իմ ձայնի վրա։ Կար երկու տարբերակ՝ կամ զոհ գնալ ընկերությանը՝ ի վնաս կերպարի եւ կինոյի, կամ մտածել, որ կարեւորը ֆիլմն է։ Ես ընտրեցի երկրորդ տարբերակը եւ, կարծում եմ, ֆիլմը դրանից միայն շահել է։ Սակայն Մ. Պողոսյանն իրեն փոքր-ինչ տարօրինակ պահեց՝ իր նեղանալով, իր դժգոհությամբ։ – Ինչպե՞ս ընտրվեց դերասանական կազմը։ – Որոշ կերպարներ գրել եմ կոնկրետ դերասանների համար։ Դերեր կային, որոնք ստեղծվեցին հենց դերասանի հետ միասին (օրինակ՝ Հովհ. Բաբախանյանի կերպարը)։ Ժան Նշանյանին հրավիրեցի ԱՄՆ-ից։ Ստեղծվեց ոչ ավանդական բացասական մարդու կերպար։ Ժանը ամբողջ կյանքում խաղացել է դրական դերեր եւ հանկարծ՝ այդ սրիկայի, այդ Հուդայի դերը։ Ես համարում եմ Հայկ Բագրատունու կերպարը ֆիլմի հաջողված կերպարներից մեկը։ – Ֆիլմում խաղում են երկու այլազգի դերասանուհիներ… – Նինո Կասրաձեին ես առաջին անգամ տեսա Թբիլիսիի թատրոններից մեկում, որտեղ նա խաղում էր «Մակբեթ» ներկայացման մեջ, բնականաբար, որպես ռեժիսոր հետաքրքրվեցի, որովհետեւ նրա խաղը մեծ տպավորություն էր թողել ինձ վրա։ Մինչ Նինոյի հետ աշխատելը ես փորձեցի չորս հայ դերասանուհիների, սակայն վերջնական ընտրությունս կանգ առավ Նինոյի վրա։ Երբ զանգահարեցի Բարբարա Բրիլսկայային, նա հարցրեց, թե ինչքան կվճարեմ իրեն, ես պատասխանեցի՝ շատ թանկ գին՝ ամբողջ հայ ազգի սերը եւ նա անմիջապես համաձայնեց գալ։ – Ֆիլմի մասին արձագանքվեց թե՛ հայ, թե՛ ամերիկյան մամուլում։ Դրանց մեջ էական տարբերություն կա՞ր, թե՞ ոչ։ – Ի տարբերություն ամերիկյան մամուլի, այստեղի արձագանքներից ոչ մեկը չեմ կարող գրախոսական համարել։ Իսկ մեր կինոգետները ոչ մի մասնագիտական կարծիք չհայտնեցին ֆիլմի մասին։ Հայաստանից ստացած քսան գրախոսականներից ես ընտրեցի ընդամենը հինգը։ – Նկարահանումների ժամանակ եղե՞լ է հետաքրքիր մի դեպք, որի մասին կցանկանայիք պատմել։ – Երբ Նինոն առաջին անգամ եկավ Երեւան, ես արդեն սկսել էի նկարահանման փորձերը։ Նա մի փոքր վախեցած նայելուց հետո ասաց. «Վվպ Ռւ ՋՈսՍՏ», ես հարցրի՝ ինչո՞ւ, Նինո, նա պատասխանեց. «ՏվՌ Ջպ ոՏսՖվօպ», ես էլ ասացի. «ՏվՌ վպ ոՏսՖվօպ, ՏվՌ ՈՍՑպՐօ»։ – Երբ ֆիլմի հերոսներից մեկը արտահայտում է այն միտքը, որ կարող է ստեղծվել առողջ հասարակություն, Գժոն ասում է. «Ահա թե ինչու ես դու այստեղ»։ Արդյո՞ք ձեր ֆիլմով նույնը չեք ասում դուք եւ արդյո՞ք «Լռության սիմֆոնիան» եւս մեկ փորձ չէ առողջ հասարակություն ստեղծելու։ – Մի փոքր շեղվելով հարցից՝ ես մի բան եմ ուզում պատմել. Ամերիկայում հարցազրույցներից մեկի ժամանակ մի ամերիկացի լրագրող ասաց. «Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ինչ-որ կարեւոր բան կորցրինք՝ գուցե հավատը։ Եվ այսօր ձեր ֆիլմը ավելի քան արդիական է եւ ձեր ֆիլմի բարությունն է, որ կփրկի այսօր աշխարհը»։ – Կա՞ որեւիցե թեմա, որով կցանկանայիք նոր ֆիլմ նկարահանել։ – Կան շատ թեմաներ։ Սկսած եղեռնից։ Տեսնես երբեւիցե այդ սպին մեր մարմնից կամ մեր պատմության մարմնից կջնջվի՞, թե՞ ոչ։ Ցանկություն ունեմ ֆիլմ նկարահանելու շվեդ գրող Պիեռ Լացեր Քվիստի «Սիբիլլա» վիպակի հիման վրա։ Երկու աստվածների՝ հեթանոս աստծո եւ Հիսուսի մասին է։ – Հնարավորություն կունենա՞նք տեսնել Վիգեն Չալդրանյան դերասանին։ Խաղալու ցանկություն չկա՞։ – Խաղալու ցանկություն կա։ Ի վերջո, ես իմ կարիերան սկսել եմ որպես դերասան։ Տասից ավելի գլխավոր դերեր ունեմ կինոյում եւ թատրոնում։ Սակայն ցանկություն կա խաղալու ուրիշ ռեժիսորի մոտ, որտեղ ես կլռեմ որպես ռեժիսոր։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել