Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի դատիր, որ չդատվես»

Հունվար 10,2002 00:00

«Մի դատիր, որ չդատվես» 1700-ամյակին նվիրված չափից դուրս պաշտոնական միջոցառումների ֆոնի վրա Ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աստվածաշնչյան ընթերցումներ» հաղորդաշարը հաճելի բացառություն էր։ Աստվածաշնչից ընտրված փոքրաթիվ կտորները ամեն երեկո հեռուստադիտողին մատուցում էր հասարակ ժողովուրդը։ Շարքի յուրաքանչյուր հինգրոպեանոց կտորը մի հատված էր բոլորիս այնքան ծանոթ ու անծանոթ «Աստվածաշնչից»։ Եվ ամեն հատվածն ընթերցում էր տարբեր տարիքի, սեռի, սոցիալական խմբի պատկանող 3-5 մարդ։ Գաղափարը՝ սովորական մահկանացուների, պարզապես հայ քրիստոնյաների շուրթերից հնչեցնել «Աստածաշունչը», գոնե մեր կարծիքով, հրաշալի էր։ Ավելին՝ սա այն հազվագյուտ դեպքերից էր, որ ոչ միայն գաղափարն էր ազնիվ, այլեւ կատարումը չէր հիասթափեցնում։ Երեկոները 5 րոպե ունկնդրելով «Աստվածաշնչից» մի հատված՝ բժշկի, մանկապարտեզի սանի, զինվորականի, բանտարկյալի, վարսավիրի, լրագրողի շուրթերից, եւ զգալով նրանցից յուրաքանչյուրի յուրովի անկեղծությունը, հասկանում էիր, թե ինչու եւ հանուն ինչի այդքան տառապանքների գնով այս ազգը պահպանեց իր կրոնը։ Կարծում եմ, շատերի համար երեկոյան հեռուստացույցի առջեւ անցկացրած այդ 5 րոպեները հոգեւոր սնունդ էին դառնում։ Այդ գեղեցիկ մտահղացման հեղինակը CPM-ի (Քաղաքական մոդելավորման կենտրոն) նախագահ Իդա Մարտիրոսյանն էր։ Ծրագիրն անցնում էր քրիստոնեության 1700-ամյակի պետական տոնակատարությունների շրջանակներում՝ տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Ի. Մարտիրոսյանը չէր էլ ժխտում, որ գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ ռուսական հեռուստաալիքներից մեկով ընթացող «Պուշկինյան օրերի» ազդեցության տակ, երբ տարբեր խավերի, բնագավառների, իրարից այնքա՜ն տարբեր եւ սակայն մի ընդհանրություն՝ Պուշկինի հանդեպ սեր ունեցող մարդիկ ընթերցում էին «Եվգենի Օնեգինը»։ Սակայն «Աստվածաշնչյան ընթերցումների» նպատակները բոլորովին այլ էին. «Այն, որ չնայած ամեն ինչին՝ այլադավան հարեւաններին, կոմունիկացիոն խաչմերուկ հանդիսացող տարածքին, դաժան ու զրկանքներով լի պատմությանը, հայերը այսքան տարիներ կարողացան պահպանել իրենց կրոնը, վերջին հաշվով՝ սխրանք էր, հերոսություն։ Եվ հերոսներն ու սխրագործները հասարակ մարդիկ էին։ Այդ պատճառով այս հոբելյանը պիտի հասարակ մարդու տոն լիներ։ Ժողովրդական մեծ տոնախմբություններ կազմակերպելու կուլտուրան մեր ժողովուրդն, ի տարբերություն եվրոպացիների, լատինաամերիկացիների, ռուսների, չունի։ Դա պատմական ճակատագրի հետեւանք է նաեւ։ Հանձնաժողովը փորձեց նման ինչ-որ բան կազմակերպել՝ 2001թ. հունվարի 1-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Գուցե եղանակն էր մեղավոր, գուցե՝ ուղղակի չստացվեց։ Բայց պետք էր գտնել մի ձեւ, եղանակ, որ սովորական հայ քրիստոնյան ներգրավվեր, մասնակից դառնար տոնին։ Դա այս ծրագրի նպատակներից մեկն էր։ Երկրորդ նպատակն էր՝ ընդգրկել հասարակության ողջ սպեկտրը՝ մեծից փոքր՝ ե՛ւ տարիքային առումով, ե՛ւ սոցիալական։ Մեզ հաճախ հարցնում են՝ նպատակայի՞ն էր ընտրությունը, թե որ հատվածը ինչ մասնագետ կկարդա։ Մեծ հաշվով՝ իհարկե, միտում կար։ Սցենարը ինքս էի կազմում եւ շատ դժվար էր Հին ու Նոր կտակարաններից ընտրել կտորներ, բաժանել հատվածների այնպես, որ տրամաբանական շղթան չխախտվեր ու նաեւ, որ ինչ-որ սոցիալական խմբի հետ հարմարեցվեր։ Չէ՞ որ այն ժամանակ շատ մասնագիտություններ կային, որ հիմա չեն պահպանվել, եւ հակառակը՝ այժմ կան մասնագիտություններ, որ այն ժամանակ գոյություն չունեին, ինչ-որ բաներ հարմարեցնում էինք, ինչ-որ բաներ ուղղակի համընկնում էին։ Բացի սրանից, մենք թողնում ենք յուրօրինակ տարեգրություն։ Եթե տարիներ, դարեր հետո ինչ-որ մեկի ձեռքն ընկնի այս տեսաժապավենը, պարզ կհասկանա, թե ինչպիսին էր Հայաստանը եւ ինչպիսին էին հայերը 2001-ին։ Իսկ ամենակարեւորը՝ նպատակ էինք դրել մեր առջեւ՝ մարդկանց մեջ արթնացնել մեղմ, բարի, ջերմ զգացողություններ, նրանց դրդել մեկ անգամ եւս ձեռք մեկնելու «Աստվածաշնչին»։ Թե որքան է ստեղծագործական խումբը՝ ծրագրի հեղինակ Իդա Մարտիրոսյանը, ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը, մենեջեր Խորեն Քեշիշյանը ջանք թափել, որ շարքը ստացվի այնպես՝ ինչպես կա, կիմանան միայն իրենք՝ ջանացողները։ Բայց որ նրանց աշխատանքի արդյունքում բոլոր այն մարդկանց խոսքը, ովքեր նկարահանվել էին հոլովակներում, ազդու էր, տպավորիչ եւ սրտաբուխ, անժխտելի է։ Նրանցից յուրաքանչյուրը կարծես ինչ-որ առաքելություն էր իրականացնում՝ այնքան լրջություն ու հավատ կար նրանց հայացքներում, ձայնի մեջ։ Եվ զուր են ոմանք տարակուսում (մեղմ ասած), թե՝ ի՞նչ սկզբունքով են ընտրված այդ մարդիկ, քանի որ նրանց շարքերում կան բանտարկյալներ, կուսակցական գործիչներ, պատգամավորներ, մարդիկ, ում հետ հասարակությունը ասոցիացնում է բոլոր անմաքուր եւ մեղսալի երեւույթները։ Չէ՞ որ Աստծո առաջ բոլորս հավասար ենք եւ Նա նույնքան սիրում է անմեղին ու մեղավորին, ով մեղանչում է։ Եվ, ի վերջո, ովքե՞ր ենք մենք, որ դատենք մեկ ուրիշին, մոռանալով այն պատվիրանը, որի շունչն է կրում 1700 տարի առաջ մեր որդեգրած դավանանքը՝ Սիրեցեք զմիմեանս։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել