Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԻ ԼՈՒՍԱՍՏՎԵՐԸ

Հունվար 26,2002 00:00

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԻ ԼՈՒՍԱՍՏՎԵՐԸ Ինչ-որ զուգադիպությամբ անցյալ սեպտեմբերին, նույն օրը, երբ «Հանրապետության» համագումարում ընդունվեց հայտարարություն նախագահ Քոչարյանի պաշտոնանկման գործընթացը սկսելու մասին, հանդիպել էի Եռյակի առաջնորդներից մեկին: «Գիտեք, առանձնապես չեմ հավատում, բայց շատ ցանկանում եմ, որ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի: Վերջապես, երբ Քոչարյանը իշխանությունից հեռանա, իր մասին դրական մի հոդված կգրեմ»: Ծիծաղեց. «Եթե դրական գրելու բան ես տեսնում, հիմա՛ գրիր»: «Դե ոչ, քանի դեռ նախագահը իշխում է, բացասական անդրադարձը հասարակության համար մեծ է՝ ինչպե՞ս կարող ես դրական տեղաշարժեր ուշադրության արժանացնել: Այ, երբ հեռացած լինի եւ դադարի այլեւս վնասելուց…». ինչ-որ նման կերպ բացատրեցի: Թերահավատությամբ ժպտաց. «Ամեն դեպքում Քոչարյանի մասին դրական գրելը դժվար կլինի»: Իմ զրուցակիցը իհարկե ճիշտ էր: Այդուհանդերձ, տարեսկզբին դրական ինչ-որ բան գրել Քոչարյանի մասին արժե, որովհետեւ, ո՞վ գիտե, տարեվերջին նա դեռ կպաշտոնավարի՞ իբրեւ նախագահ: Ամեն դեպքում, սա թերեւս Քոչարյանի նախագահության վերջին տարին է: Եթե անգամ նա վաղաժամկետ չհեռանա իշխանությունից, 2003-ին վերընտրվելը կատարելապես անհավանական է՝ ի տես իր հանդեպ հասարակության համատարած մերժման: Հետեւաբար, գուցե եւ ժամանակն է փորձելու ուրվագծել նախագահական դիմանկարի լուսաստվերը: Լույսը Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը հայ ժողովրդի պատմության հոլովույթում բեկում կամ դրոշմ չթողեց: Մեծ հաշվով պահպանվեցին, երբեմն փոքր-ինչ սրբագրվեցին ժողովրդավարական ռեժիմի, շուկայական տնտեսության արժեքներն ու կողմնորոշիչները, որ հռչակվել էին 1990թ. «թավշյա» հեղափոխությամբ եւ կենսագործվեցին Տեր172Պետրոսյանի իշխանության օրոք։ Պատմական ավելի կարճատեւ ժամանակահատվածի համար Քոչարյանի պաշտոնավարության շրջանն ունեցավ դրական ազդեցություն մեկ172երկու ասպարեզներում։ Ռոբերտ Քոչարյանը, գուցե տուրք տալով եվրոպական կառույցների առաջադրած պահանջներին, գուցե առաջնորդվելով սեփական համոզումներով, առանձնապես չխոչընդոտեց խոսքի ազատության հաստատմանը այս երկրում։ Խոսքի ազատություն չի նշանակում, թե նույն լրատվամիջոցով իրար հակասող կարծիքներ ներկայացվեն, այլ որ յուրաքանչյուրը խութերի չհանդիպի սեփական կարծիքը տարածելուց։ Այս առումով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ընթացքում նրան ընդդիմադիր զանգվածային լրատվությունը, որը երեւի թե ընթերցողների եւ հեռուստալսարանի մեծամասնության պահանջարկն է վայելում, գրեթե արգելքների չի հանդիպել իրականությունը լուսաբանելիս։ Ոմանք թերություններ են մատնանշում, ուրիշները՝ քննադատում, երրորդները՝ չարախոսում են կամ հայհոյում, եւ ամեն դեպքում ընթերցողն ու հեռուստադիտողն են որոշում՝ հավատ ընծայե՞լ ասվածին, թե՞ ոչ։ Ինչ խոսք, ժամանակի ընթացքում ներկա խոսքի ազատությունը տալու է որակ ոչ միայն լրագրության ասպարեզում, այլեւ գրականության ու մշակույթի։ Հետեւաբար այս ծառայության համար տասնամյակներ հետո էլ Քոչարյանին բարյացակամությամբ կհիշեն: Երկրորդ դրական ներդրումը, որ Քոչարյանն ունեցավ իր ժամանակի պատմության մեջ, ի վերջո, գիտակցումն ու համակերպումն էր միջազգային համակեցության հրամայականներին։ Երբեք չի կարելի չհիշել, որ Քոչարյանն իր անցած կյանքի ուղիով շատ ավելի ընդհանրություն ունի դաշտային հրամանատարի, քան դիվանագետի հետ։ Եվ եթե Հայաստանում նույնիսկ ռազմադաշտից քաղաքականություն եկած գործիչը դադարում է ռազմական վերջնագրերով մտածելուց եւ ընդունում է դիվանագիտական զիջումների կանոնները, նշանակում է, որ ոչ հեռու ապագայում այս երկիրն իրոք կունենա դիվանագետների ու պետական գործիչների սերունդներ, որոնք հաղթահարած կլինեն հարյուրամյակներում առաջացած ազգային172ազատագրական արժեքների գերակայության մոլորությունը։ Քոչարյանը ի զորու չեղավ եւ չէր էլ կարող լինել միջազգային հակամարտություն կարգավորելու, բայց նա հասու եղավ ճշմարտությանը, որ գոնե արդի աշխարհում հաղթանակներն ու պարտությունները խիստ անցողիկ կատեգորիաներ են։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը թրծվում են ժամանակի մեջ եւ ոչ մարտադաշտում։ Չէ՞ որ շատ ավելի օրինաչափ, քան արտառոց կլիներ, եթե Քոչարյանը նմանվեր Ասլան Մասխադովին։ Գուցե դա թույլ չտվեցին Հայաստանի հազարամյա պատմությունն ու մշակույթը, բայց նաեւ Քոչարյանի անձնական կերպարը։ Ստվերը Ամենածանր զգացողությունը, որ կմնա Քոչարյանի իշխանակալության շրջանից նույնիսկ պատմության դասագրքեր թերթելիս, դա չբացահայտված, աննախադեպ ու աներեւակայելի սպանությունների շղթան էր, որ ծայր առավ Քոչարյանի նախագահության առաջին իսկ ամիսներին, իր բարձրակետին հասավ հոկտեմբերի 27172ին եւ «արժանավայել» շարունակություն ունեցավ «Առագաստ» սրճարանում։ Ամբոխավարությունից հեռու գտնվելու համար թող չմեջբերվեն Գագիկ Պողոսյանի կամ այլ երկրորդական, երրորդական պաշտոնյաների սպանությունները, ինչպիսիք եղել են 199217293172ին եւ հաճախ մնացել չբացահայտված։ Պարզապես, միայն ամենաստորին սոփեստը կարող է ընդհանրություն փնտրել պետականորեն պաշտպանվող շենքերում գլխավոր դատախազ, վարչապետ, Աժ խոսնակ գնդակահարելու եւ տան շքամուտքում կամ փողոցում կատարվող ահաբեկչությունների միջեւ։ Քոչարյանի դիմանկարի մյուս ստվերը, որ ոչ թե ծանր զգացումներ, այլ ծանր խոհեր ու մտատանջություններ է ծնելու՝ հռետորական հարցն է, թե ինչպե՞ս կարելի էր պետության ղեկ վստահել մեկին, ով չի կարողանում ընկալել տարրական ճշմարտություն՝ ազգամիջյան հարաբերություններում չեն գործում վերջնագրեր, այլ՝ փոխզիջումներ։ Ինչպե՞ս կարելի է պետություն վստահել մեկին, ով չի գիտակցում, որ պատերազմներում բոլոր նվաճումները ի սկզբանե եւ ի վերջո մեկ նպատակի են ծառայում՝ առավել նպաստավոր եւ ուժեղ դիրքերից բանակցել։ Այդպես գրեթե չի պատահում, որ նվաճումները սակարկման առարկա չլինեն, թեկուզ, որովհետեւ այդ դեպքում սակարկումների նոր ուղին մնալու է նոր պատերազմը։ Երրորդ, միանգամայն անհաճո իրողությունը, որ զուգորդվում է Քոչարյանի անձի հետ, գուցե ապագա սերունդների համար նշանակություն չունենա, բայց ժամանակակիցները անկարող են այն չնկատել։ Դա անցյալը քարկոծելու, մոռացության մատնելու եւ, ընդհանրապես, չհարգելու կենսադիրքն է։ Հայաստանի պատմության մեծ արքաներից մեկը՝ Ռուսա Առաջինը, ով ունիտար պետության վերածեց Ուրարտուն, ճնշեց բանակի խռովությունները ու նույնիսկ հաղթեց Ասորեստանին, Ք.ծ.ա. 714172ին ինքնասպան եղավ, երբ տեղեկացավ, որ Մուսասիրի տաճարում գերեվարվել ու ոչնչացվել են Խալդ աստծո եւ իրեն նախորդած ուրարտական արքաների կիսանդրիները։ Ռուսա Առաջինն անկարող էր իրեն ներել, որ անուժ գտնվեց անցյալը պահելու։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը մեր թվարկության 2000 թվականին չի կարողանում նույնիսկ Տեր172Պետրոսյանի մասին ասել «նախագահ» կամ չի սաստում, երբ լյումպենյան բանահյուսություն են դառնում Կարեն Սերոբիչի գրպանում գտնված դոլարները։ Գուցե կարող է մանկուրտ լինել սովետական քաղաքացին, բայց այդպես վայել չէ լինել մի երկրի նախագահի, որ հազարամյակների պատմություն, մասունքներ ու հիշողություն ունի։ Ուղղակի անվայել է: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել