Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵՆՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՑ

Փետրվար 06,2002 00:00

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵՆՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՑ Վալերի Այդինյանի օտար ափերում ցավալի վախճանի արդյունքում հատկացվելիք ապահովագրական գումարները դեռ չեն վճարվել։ Մինչեւ ե՞րբ: Անցած աշնանը հասարակությանն ու հատկապես լրագրողական, մտավորական շրջանակներին ցնցեց հայտնի հրապարակախոս, լրագրող Վալերի Այդինյանի հանկարծահաս մահը։ Տպագիր մամուլի տարբեր ներկայացուցիչների հետ նա մեկնել էր Լոզան՝ Շվեյցարիա, մասնակցելու միջազգային կոնֆերանսի։ Ճամփորդությունն իրականացնում էր նման կարգի բազմաթիվ ծրագրեր իրականացրած «IREX-ProMedia» կազմակերպությունը։ Վերջինս էլ, ինչպես միշտ, օգտվել էր հայաստանյան քչաթիվ ապահովագրական ընկերություններից մեկի՝ «ASCO-PRO»-ի ծառայություններից։ Իսկ վերջինիս հաճախորդների թվում են տարբեր միջազգային եւ տեղական հայտնի կազմակերպություններ։ Ըստ ամենայնի, դրանցից եւ ոչ մեկը դժբախտություն չի ունեցել գործնականորեն համոզվելու «ASCO-PRO»-ի պրոֆեսիոնալ գործունեությանը։ Այդ ցավալի «բախտը» վիճակվեց «IREX-ProMedia»-ին։ Վ. Այդինյանի ցավալի ու հանկարծակի մահը՝ օտար հողում, բնականաբար, ցնցել էր ոչ միայն նրա հետ մեկտեղ Շվեյցարիայում գտնվող գործընկերներին, այլեւ Հայաստանում այդ գույժը ստացածներին։ Սակայն Լոզանում գտնվողները ցավի ու շոկի հետ մեկտեղ ծանր պատասխանատվության ու շփոթի մեջ էին հայտնվել՝ ինչպե՞ս եւ ի՞նչ ճանապարհով իրենց գործընկերոջ մարմինը հասցնեն հայրենիք, նրա հարազատներին։ Եվ նրանք արեցին ամեն հնարավորն ու անհնարինը։ Պատմում է «IREX-ProMedia»-ի ներկայացուցիչը. «Նախեւառաջ կապվեցին նախագահի աշխատակազմի եւ Ժնեւում հայկական դիվանագիտական ներկայացուցչության հետ։ Նախագահի՝ հասարակայնության հետ կապերի եւ մամուլի հարցերով պատասխանատու Հասմիկ Պետրոսյանն անմիջապես արձագանքեց եւ խոստացավ աջակցել հնարավոր բոլոր եղանակներով։ Մենք գնահատեցինք, թե որքան կարեւոր է ծանր պահերին զգալ սեփական պետության ներկայությունը թիկունքիդ։ Ժամերի ընթացքում Ժնեւից Լոզան ժամանեց դեսպան Կարեն Նազարյանը եւ շատ արագ լուծեց բոլոր ձեւական եւ գործնական խնդիրները։ Ու թեեւ այդ կարգի հարցերը Շվեյցարիայում ձգվում են ամիսներով, մեր դեսպանի շնորհիվ խումբը Երեւան ժամանեց Վալերիի հետ, թողնելով հայկական դեսպանության հաշվին չվճարված գումար՝ 5213 դոլար»։ Վերադառնալուն պես, «IREX-ProMedia»-ն, բնականաբար, դիմեց «ASCO-PRO» ապահովագրական ընկերությանը՝ խնդրելով հիշյալ գումարն ուղարկել Շվեյցարիա՝ Հայաստանի դեսպանություն։ Ապահովագրողներն իրենց կողմից մի փոքր ժամանակ էին խնդրել։ Այնինչ արդեն անցել է ավելի քան 4 ամիս եւ ոչ մի կոպեկ նրանք չեն ուղարկել դեսպանատուն, էլ չենք խոսում այն մասին, որ Վ. Այդինյանի ընտանիքին որեւէ լումա չի փոխանցվել։ Ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գ. Աղաջանյանին «IREX-ProMedia»-ն դիմել է նաեւ պաշտոնական գրությամբ, որում նշվում էր այն մասին, որ նախնական պայմանավորվածությունների եւ խոստումների համաձայն, «ASCO-PRO»-ն պետք է գումարը փոխանցեր մինչեւ տարեվերջ։ Այնինչ, առ այսօր խոստումները կատարված չեն։ Եվ դա այն դեպքում, երբ «IREX-ProMedia»-ն խնդրում էր վճարել կոնկրետ այդ դեպքի համար ապահովագրական ընդհանուր վճար կազմող 30 հազար դոլարի միայն 1/6 մասը, այսինքն այն գումարը, որ անհրաժեշտ է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատանը՝ Շվեյցարիային ունեցած պարտքերը մարելու համար։ Ի վերջո, խոսքը գնում է պետական պարտքի մասին։ Սակայն «ASCO-PRO»-ն կարծես թե բացարձակ արհամարհում է այս բոլոր փաստարկներն ու շարունակում համառորեն չվճարել։ Հետաքրքիր է, արդյոք այս դեպքը առիթ չի դառնա, որ հիշյալ անպատասխանատու եւ որպես գործընկեր խիստ անհուսալի ընկերության ծառայություններից հրաժարվեն մնացած բոլորը։ Այլապես, Աստված մի արասցե, իհարկե, բայց նույն իրավիճակը կարող է կրկնվել մյուս բոլոր «ապահովագրվածների» հետ։ Իսկ «IREX-ProMedia»-ն պատրաստվում է դատական հայց ներկայացնել այդ վա՜յ ընկերությանը, եթե վերջինս մի քանի օրվա ընթացքում չվերանայի իր մոտեցումները եւ գումարները չփոխանցի ուր հարկն է։ Թեեւ շատ ավելի ճիշտ եւ արդարացի կլիներ, եթե ընկերությունը վճարեր ոչ միայն պետության պարտքը, այլեւ մնացած ողջ գումարը՝ ընդհանուր հաշվով 30 հազար դոլար։ Որքան տեղյակ ենք, դատական կարգով գումարն ամբողջությամբ պահանջելու մտադրություն ունի «Նովոե վրեմյա» թերթը, որի աշխատակիցն էր Վ. Այդինյանը եւ որը իրավացիորեն գտնում է, որ Այդինյանի ընտանիքը, կորցնելով թանկագին հարազատին եւ, ի վերջո, կերակրողին, ունի այդ փողերի կարիքը։ Ինչպես ցանկացած դեպքում, երբ դիպչում են լրատվամիջոցների եւ նրա ներկայացուցիչների շահերին, «Առավոտն» այս անգամ էլ իր համերաշխության ձայնն է միացնում գործընկերներին եւ պատրաստակամություն հայտնում աջակցել՝ ինչով կարող է՝ հարցի ճիշտ եւ վերջնական լուծումը ստանալու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել