Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու» նախագիծ, էն էլ մի՞ բոյի

Ապրիլ 03,2002 00:00

«Երկու» նախագիծ, էն էլ մի՞ բոյի «Զանգվածային լրատվության մասին» օրենքի այն նախագիծը, որը պատրաստել էր արդարադատության նախարարի տեղակալ Ա. Աբովյանը, շրջանառության մեջ դրվեց անցյալ տարվա դեկտեմբերի 27-ից եւ արժանացավ հանրության, մասնավորապես լրատվամիջոցների քննադատությանը։ Պարոն Աբովյանին այլ բան չէր մնում, քան ետ վերցնել եւ «պատրաստել» (կամ լրամշակել) 2-րդ տարբերակը, որը շրջանառության մեջ դրվեց այս տարվա մարտի 26-ից… Փորձենք պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել քննադատությունից հետո եւ ինչն է մշակման ենթարկվել։ Պայմանական 1-ին նախագիծն անվանենք Ա, իսկ 2-րդը՝ Բ նախագիծ։ Ա նախագիծը բաղկացած էր 29 հոդվածից, Բ-ն՝ 16։ Ա նախագիծը սկսվում էր «կարգավորման առարկայից», ինչպես եւ Բ նախագիծը։ Ա նախագծի համաձայն, օրենքը կարգավորում էր «ԶԼ թողարկման ու տարածման ընթացքում ծագած հարաբերությունները», ըստ Բ նախագծի օրենքը կարգավորում է «ԶԼ լրատվությանն առնչվող հարաբերությունները»։ Բ նախագծի 1-ին հոդվածով է բացված «զանգվածային լրատվություն» հասկացությունը։ Ա նախագծի 2-րդ հոդվածը պահպանված է ըստ էության։ Շտկվել է 3-րդ հոդվածը։ «Հիմնական հասկացությունների» խմբագրում է տեղի ունեցել։ Ա նախագծում հիմնական հասկացություն էր «տեղեկատվությունը», սույն տարբերակում «զանգվածային լրատվությունը» «բացվել» է այսպես՝ «հարյուր եւ ավելի անձանց ուղղված լրատվության միջոցով տեղեկատվության տարածում»։ Իսկ 50 եւ ավելի անձանց ուղղվածը «զանգվածային լրատվություն» չէ՞… Շարունակենք։ Ա նախագծի 4-րդ հոդվածը կոչվում էր «Սույն օրենքի գործողության ոլորտը», իսկ Բ նախագծով՝ «Խոսքի ազատության ապահովման երաշխիքները»։ Ի դեպ, Բ նախագծի 4-րդ հոդվածը Ա նախագծի 5-րդ հոդվածն է («Լրատվական գործուներության սկզբունքները»)։ «Կոսմետիկ վիրահատության» արդյունքում ավելացվել է. «Լրատվական գործունեություն իրականացնողները գործում են ազատ» եւ ազատության սահմանափակման դեպքերը։ Ա նախագծի գլուխգործոց հատվածը չկա Բ նախագծում. «Արգելվում է հասարակական վայրերից դուրս լուսանկարել, նկարահանել, տեսագրել, ձայնագրել անձին՝ առանց իր համաձայնության» եւ նաեւ «տարածման ենթակա չէ օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաեւ կեղծ կամ անօրինական լրատվությունը, հավասարապես նաեւ այն լրատվությունը կամ լրատվության միջոցը, որն ազդում կամ կարող է ազդել մարդու առողջության վրա»։ Բ նախագծի հոդված 5-ը «նորույթ» է. «Այլ երկրներում գրանցված իրավաբանական անձանց գործունեությունը ՀՀ-ում» (Ա նախագծի 26-րդ հոդվածն է)։ Իհարկե, երկու նախագծերում էլ պահպանվել է. «Լրատվության միջոցի անվանման մեջ «Հայաստան» բառի օգտագործումն այն դեպքերում, երբ դա կարող է կարծիք ստեղծել, որ լրատվության միջոցը բխում է պետական մարմնից, թույլատրվում է ՀՀ կառավարության որոշման հիման վրա»։ Բ նախագծի «Հերքման իրավունքը» թերեւս ամենածավալունն է (10 կետ ունի)։ Լրագրողն այնքան իրավունք եւ պարտականություն չունի այս օրենքով, որքան նրա հրապարակման դեմ հերքում պահանջողը։ Բ նախագծում եւ, առհասարակ, ի տարբերություն ԶԼՄ-ի մասին գործող օրենքի, լրատվական գործունեություն իրականացնողներից պահանջվում է «ֆինանսավորման աղբյուրների թափանցիկություն»։ Պահանջվում է ամեն տարվա մինչեւ ապրիլի 1-ը հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը։ Դրա մեջ մտնում են. 1) համախառն եկամտի եւ ընդհանուր ծախսերի գումարները, 2) եկամտի աղբյուրները, եկամտի չափն ըստ եկամտի յուրաքանչյուր աղբյուրի, 3) փաստացի կատարված ծախսերի չափերն ըստ առանձին ուղղությունների։ Ուշագրավ է, որ ԶԼՄ-ներն այսօր գրանցվել են որպես ՍՊԸ-ներ՝ սահմանափակ պատասխանատվության ընկերություններ եւ նախագծերից ոչ մեկում ակնարկ անգամ չկա այդ մասին։ Ա նախագծի «լրատվական գործունեություն իրականացնողի պատասխանատվություն» հոդվածը (27) Բ նախագծում թուլացել է։ Այսպես, ըստ Ա նախագծի (ի դեպ, սա առկա է նաեւ գործող ԶԼՄ օրենքում եւ դատարաններում ապահովել է ԶԼՄ-ների «ստրախովկան») լրատվամիջոցը ազատվում էր պատասխանատվությունից, եթե «վիճահարույց» տեղեկատվությունը «առկա է ՀՀ ԱԺ պատգամավորներից, պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից ելնող փաստաթղթերում, այդ պաշտոնատար անձանց ելույթներում եւ պատասխաններում»։ Ցավալի լրամշակման արդյունքում ստացվել է այս բովանդակությունը. «Եթե տեղեկատվությունը հրապարակային ելույթի կամ ՀՀ-ում տարածման թույլատրված լրատվության միջոցի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է…» կամ «եթե տեղեկատվությունը …վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից»։ Գործող օրենքը լուծել էր այս խնդիրը. «Եթե բառացի, չաղավաղված, հրապարակային ելույթի վերարտադրությունն է եւ առկա է պաշտոնական -պետական փաստաթղթերում»։ Թվում է՝ թե Ա նախագծից Բ նախագիծը տարբերվում է։ Ոչ։ Բովանդակությունը մնացել է նույնը, ձեւն է փոխվել։ Դեռ առկա են անհարթ ու կոշտ ձեւակերպումներ, որոնք կարիք ունեն գործող լրագրողների միջամտությանը։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել