Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՂԹԵՐՆ ԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ՞ ԵՆ

Ապրիլ 04,2002 00:00

ԹՂԹԵՐՆ ԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ՞ ԵՆ «Ա1+»-ին առնչվող զարգացումներում, թեեւ հակառակի մասին բազմաթիվ հավաստիացումներին, լավատեսության գոնե հույս ներշնչող քիչ բան կա։ Տնտեսական գործերով դատարանը երեկ որոշում է կայացրել «Մելտեքս» ՍՊԸ-ի միջնորդության առնչությամբ։ Հիշեցնենք, որ «Ա1+»-ը խնդրում էր արգելել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ դադարեցնել «Ա1+»-ի հեռարձակումը, մինչեւ տնտեսական դատարանում լուծվի հանձնաժողովի կազմակերպած մրցույթի օրինականության վեճը։ Այս միջնորդության առնչությամբ դատարանը կայացրել է մի երկսայրի վճիռ, որ «ե՛ւ… ե՛ւ» սկզբունքը կիրառելու իր «հանճարեղությամբ» կարող է մրցել միայն ՍԴ-ի որոշումների հետ։ Որոշման մեջ նախ մասնավորապես նշված է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի լիազորությունները սահմանված են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածով, որտեղ հեռուստաընկերության եթերը դադարեցնելու լիազորություն նախատեսված չէ։ Նման լիազորությամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին չի օժտել նաեւ ՀՀ օրենսդրության այլ ակտ։ ՀՀ քաղաքացիական դատավարության 98 հոդվածի 2-րդ ենթակետով հայցի ապահովման միջոցը պատասխանողին որոշակի գործողություններ կատարելու արգելքն է։ Փաստորեն, դիմումատուն միջնորդել է դատարանին, հայցի ապահովման միջոց կիրառելով արգելել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին կատարել գործողություն, որի կատարման իրավասությունը վերջինս չունի ՀՀ օրենսդրությամբ։ Այսպիսով, հայցի ապահովման միջոց կիրառելու դիմումատուի միջնորդությունը առարկայազուրկ է եւ հետեւապես՝ մերժման առարկա»։ Այս որոշումը «Ա1+»-ին թերեւս հույս էր տվել, որ հնարավոր է՝ եթերը վերականգնվի եւ իր պաշտոնական էջում (www.a1plus.am) երեկ ժամը 19-ին մոտ զետեղեց մի հաղորդագրություն, ըստ որի՝ դատարանն էլ հաստատեց, թե «Ա1+»-ին եթերից զրկելու մասին որոշումն անօրինական է. «Դատարանի որոշումը վեր է հանձնաժողովի որոշումից։ «Ա1+»-ը դատարանի որոշումը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին։ Ըստ օրենքի, «Ա1+»-ը պետք է վերականգնի հեռարձակումը մի քանի ժամվա ընթացքում»։ Մինչդեռ նախարարությունը, որքան տեղյակ ենք, չի էլ պատրաստվում վերականգնել «Ա1+»-ի հեռարձակումը, քանի որ հիմք է ընդունել որոշման վերջին պարբերությունը, ըստ որի, ստացվում է, թե հանձնաժողովին չի պարտավորեցվելու ապահովել «Ա1+»-ի եթերը։ Իրոք, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը (զուտ իրավական ձեւակերպման առումով), ոչ թե «Ա1+»-ի եթերը դադարեցնելն էր, այլ մրցույթում այդ հեռուստաընկերությանը՝ պարտված, իսկ «Շարմին»՝ հաղթած ճանաչելը։ Այստեղ հարկ է դարձյալ անդրադառնալ այն հիմնավորումներին, որոնցով գործող «Ա1+»-ի ծրագիրը համարվեց «թույլիկ», իսկ «Շարմինը»՝ «իրատեսական»։ Մեր զրուցակիցն էր հանձնաժողովի այն անդամը, որը բավականին բարձր՝ «4» էր գնահատել «Ա1+»-ի առաջարկը։ Արա Թադեւոսյանը բավական վերապահությամբ էր վերաբերվում այն հանգամանքին, թե իրեն արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու պարագայում՝ «Ա1+»-ը կհաղթի՝ հաշվի առնելով հետեւյալ հանգամանքը. «Գրավոր առաջարկն է փաստաթուղթ, իրավական հիմք։ Եվ եթե լինեն դատական ինչ-որ գործեր, ապա քննվելու է զուտ այդ առաջարկը, քանի որ դատարանը տեղյակ չէ այն բանավոր եւ վիդեո շնորհանդեսին, որ եղել է»։ Մեր հարցին, թե չի՞ ստացվում, որ թղթի վրա ծրագրեր շարադրելու ունակությունը գերադասվում է իրական, գործող հեռուստածրագրին, պրն Թադեւոսյանն այսպես արձագանքեց. «Ոչ։ «Դոֆինը» եւս ներկայացրել էր ծրագիր, ներդրումային մեծ գումարներով։ Բայց, օրինակ ես, այդ ծրագիրը «0» գնահատեցի, քանի որ ոչ մի իրական բան չէր երեւում այդ ծրագրի ետեւում, բացի փողից»։ Արձանագրենք այս մրցույթի դասերից մեկը՝ զուտ հանձնաժողովի անդամների սուբյեկտիվ կարծիքով է որոշվում՝ ո՞ր ծրագիրն է իրատեսական, ո՞րը համոզիչ։ «Հետո լինելու են էլի մրցույթներ։ Ես չեմ թաքցնում, որ Հայաստանում կան հեռուստաընկերություններ, որոնք ինձ դուր չեն գալիս։ Սակայն եթե այդ հեռուստաընկերությունները մասնակցեն մրցույթի, եւ ես հիմնվեմ միայն իմ անձնական տպավորությունների եւ կարծիքի վրա ու ընդհանրապես ուշադրություն չդարձնեմ նրանց ներկայացրած փաստաթղթերին, ապա դա եւս կլինի ոչ ճիշտ որոշում»,- ասաց Արա Թադեւոսյանը։ Նա «Շարմի» ծրագիրը գնահատեց այսպես, թե այն կազմված էր «գրագետ, պրոֆեսիոնալ ձեւով»։ Նաեւ նշեց, որ «Ա1+»-ում ունի ընկերներ. «Եվ «Ա1+»-ի ներկայացուցիչներին եւս ասացի, որ ես չէի սպասում, որ այսպիսի արհեստավարժ թիմը կարող է ներկայացնել նման տխուր առաջարկ։ Տպավորությունն այն էր, թե այդ առաջարկը կազմվել էր 1-2 օրում զուտ ինչ-որ առաջարկ ներկայացնելու համար։ Մարտի 28-ին բանավոր ներկայացման ժամանակ «Ա1+»-ն ավելի լավ էր պատրաստվել։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու այդ թղթերը նախապես մրցութային փաթեթում չէին։ Եվ եթե քվեարկելու լինեի միայն փաթեթի թղթերի հիման վրա, ապա, հավատացնում եմ, այդ դեպքում «Ա1+»-ին «4» չէի գնահատի»։ Ինչ վերաբերում է փաթեթում ներկայացրած ծրագրին, վստահ ենք, որ եթե այն անգամ անթերի էլ լիներ՝ հանձնաժողովի անդամները «շահագրգիռ կլինեին հորինել» թերություններ՝ իրենց վճիռն ինչ-որ կերպ գոնե արդարացնել փորձելու համար։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել