Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ՍԵՐԻԱԼԸ

Ապրիլ 04,2002 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ՍԵՐԻԱԼԸ «Առավոտը» գրել էր մի խիստ զավեշտալի փաստի մասին, ըստ որի՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 2000 թ. սեպտեմբերի 22-ին որոշում է կայացրել ինքն իրեն անվանական զենքով պարգեւատրելու մասին, ընդ որում, որոշումը գրված էր ռուսերեն լեզվով։ Երեկ «PA» թերթի աշխատակիցը փորձեց անձամբ վարչապետից ճշտել լուրը։ Ակնհայտորեն, հարցը վարչապետի համար անակնկալ չէր, եւ նա պատրաստվել էր պատասխանին։ Հարգելով վարչապետի ազատ խոսքի իրավունքը, ներկայացնենք այդ պատասխանը. «Հարցը բաժանենք երկու մասի. առաջինը՝ բուն որոշումը եւ երկրորդը՝ թե ինչպես է այդ որոշումը ընկել թերթ (երկնքից- Մ. Ե.)։ Զենքը, մի քանի հարյուր դոլար, ես չգիտեի՝ քանի դոլար է, թերթից իմացա, շնորհակալություն դրա համար, նվիրել է ԱՊՀ երկրներից մեկի ղեկավարը, բյուջեի հաշվին չէր, ընդհանրապես կառավարությունում ընդունված չէ բյուջեի հաշվին նվերներ առնել մեր քաղաքացիներին, եթե անում ենք, օտարերկրացիներին ենք դա անում (հավանաբար նկատի ունի բյուջեի հաշվին նվերներ առնելը- Մ. Ե.), ըստ կանոնակարգի։ Նվիրել էին եւ թուղթ էին պահանջում, որպեսզի տանեն եւ ներկայացնեն իրենց երկրին, որ նվերը հասել է ինձ։ Դրա համար գրվել էր ռուսերեն, ուղղակի հոդվածագիրը երեւի տեղյակ չէ, որ զենք կարող է նվիրել միայն վարչապետը (նույնիսկ ինքն իրե՞ն.- Մ. Ե.), տեղակալ չունի, ոչ էլ որեւէ նախարար կարող էր նվիրել։ Եվ հենց այդ պատճառով եմ ռուսերեն լեզվով գրել։ Զենքը բուջեի հետ ընդհանրապես կապ չուներ։ Երկրորդը, որ շատ ավելի կարեւոր է մեր պետության համար, այն է, թե ինչպես ծառայողական օգտագործման փաստաթուղթը պատասխանատու գերատեսչությունից դուրս է գալիս եւ դրվում է շրջանառության մեջ։ Ես, իհարկե, թերթին չեմ ցանկանում մեղադրել, որովհետեւ ցանկացած թերթ ցանկացած փաստաթուղթ կարող է ստանալ, ես ավելի շատ մեղադրում եմ համապատասխան գերատեսչությանը»։ Վարչապետն ասաց, որ ծառայողական հետաքննություն է կատարվում, որը կպարզի, թե ինչպես է փաստաթուղթը դուրս եկել համապատասխան գերատեսչությունից։ «Ա1+»-ի փակման մասին ազգային երեսփոխանները չհամարձակվեցին որեւէ հարց ուղղել կառավարությանը։ Կարծես սա այն նույն կառավարությունը չէ, որը փորձում է շրջանառության մեջ դնել եւ անցկացնել «Մամուլի մասին» օրենքի տխրահռչակ նախագիծը, որն ակնհայտորեն ուղղված է խոսքի ազատության սահմանափակմանը։ Պատգամավորները ծպտուն անգամ չհանեցին «Ա1+»-ի փակման կապակցությամբ, նույնիսկ՝ նրանք, ովքեր երկու օր առաջ նույն «Ա1+»-ի եթերից գովում էին հեռուստաընկերությունը։ Ցավոք, մեզանում ամեն ինչ եւ ամենքը այնքան «սապոնված» են ու «սապոնի» սովոր, որ հրապարակավ ժողովրդավարությունն ու ազատ խոսքի իրավունքը պաշտպանելու փոխարեն, գերադասում են խորհրդարանի միջանցքներում այս կամ այն նախարարին բռնացնել, առանձնազրույց ունենալ եւ առաջնորդվել «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքով։ Փոխարենը լրագրողները փորձեցին իմանալ Անդրանիկ Մարգարյանի կարծիքն ազատ խոսքի ճնշման փաստերի մասին, անկեղծ ասած՝ առանց հատուկ սենսացիայի սպասելով։ Ինչպես եւ սպասելի էր, վարչապետը «Ա1+»-ի փակումը քաղաքական պատվեր չի համարում. «Բոլորս էլ գնահատում ենք յուրաքանչյուր հեռուստաալիքի աշխատանքը, եւ խոսքի ազատությունը պայմանավորված չէ միայն «Ա1+» հեռուստաալիքի աշխատանքով, գոյություն ունեն բազմաթիվ հեռուստաալիքներ, ազատ մամուլ, եւ այս 10 տարիների ընթացքում մեր ձեռքբերումներից գլխավորը հենց սա է, որ գոյություն ունեն անկախ ԶԼՄ-ները։ Հարցն օրենքի սահմաններում էր քննարկվում, եւ եթե օրենքը մենք չենք ընդունում, հարկավոր էր մինչ այդ մտածել եւ ոչ թե, երբ գործընթացը մոտենում էր ավարտին, խոսել օրենքի անկատարության մասին։ Ես կարդացի, որ «Ա1+»-ը դիմել է դատարան։ Դա էլ եմ բարձր գնահատում, իրոք, ստեղծված է մի համակարգ, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր բողոքն ասել։ Այդպիսի վեճերը պետք է վճռվեն դատարանում եւ ոչ թե հրապարակներում։ Ցավոք, քաղաքական ուժերի վերջին դրույթներն ավելի շատ իրենց խնդիրներին էին վերաբերում, քան բուն «Ա1+»-ի խնդիրներին։ Եթե առաջին նախադասությունը «Ա1+»-ի մասին էր, ապա մնացածը քաղաքական նպատակներ էին հետապնդում»։ «Առավոտը» փորձեց ճշտել՝ արդյո՞ք «Ա1+»-ի փակումը հաշվեհարդար էր վարչապետի նշած քաղաքական ուժերի նկատմամբ։ Պարզվում է՝ «ոչ, որովհետեւ մինչ այդ էլ այդ ուժերը կային եւ խոսում էին ոչ միայն «Ա1+»-ում, այլեւ բազմաթիվ հեռուստաընկերություններով (այստեղ վարչապետը կրկին ճիշտ չէ. որեւէ այլ հեռուստաընկերություն ընդդիմադիր ուժերին հեռուստաեթեր չի տրամադրում.- Մ. Ե.), կամ՝ թերթելով, ասենք՝ «Առավոտը» կամ «Հայկական ժամանակը», կամ՝ «թՏսՏր»-ը»։ Թվարկված հերթականությունը արդյո՞ք նշված թերթերի փակման հերթականությունն է հուշում։ «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Մարգարիտ, ես հումորդ հասկանում եմ, լավ հումոր ունես, բայց իշխանությունների առջեւ այդպիսի խնդիր դրված չէ, եւ եթե այդ խնդիրը դրված լիներ, մինչ այդ լուծված կլիներ եւ ոչ թե կսպասեինք նախընտրական շեմին, որպեսզի ավելորդ աղմուկ բարձրացնենք»։ Վարչապետը շարունակ խոսում էր օրենքի կարեւորության մասին, սակայն հենց իր կառավարության կողմից ներկայացված ԶԼՄ-ների մասին օրենքի նախագիծն ակնհայտորեն միտված է ազատ խոսքի սահմանափակման։ Հասկանալի է, վարչապետը մեր այս ձեւակերպումներին համաձայն չէր. «ուղղակի կանոնակարգելու է, դրանք տարբեր բաներ են, եւ ես բազմիցս հայտարարել եմ, որ կառավարությունը պատրաստ է համատեղ քննարկել եւ գալ ընդհանուր լուծման»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել