Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 4172ին՝ հանրահավաք

Մայիս 01,2002 00:00

Մայիսի 4172ին՝ հանրահավաք Նախագահական ընտրությունների նախաշեմին գտնվող ԼՂՀ-ն, թվում է, լեթարգիական քնի մեջ է: Թվացյալ այս լռության հետնախորշերից հետզհետե ջրի երես դուրս եկող լուրերը թույլ են տալիս նախեւառաջ եզրակացնել, որ արցախցիներն այնքան էլ քնած չեն: Իշխանածին «ԺԱՄ» հասարակական կազմակերպության եւ իշխանություններին ընդդիմադիր ՀՅԴ-ի միջեւ օրեցօր թեժացող պայքարի ֆոնի վրա արդեն երեւակվում է սպասվող ընտրություններում Արցախում առկա քաղաքական տրամադրությունների պատկերը, իսկ վերջինս էլ իր հերթին վկայում է նախագահ Ա. Ղուկասյանի քաղաքական վարկանիշի անկման մասին: Նախագահն, ինչ խոսք, ամեն կերպ փորձում է թաքցնել այս հանգամանքը, քանի որ հույս ունի վերընտրվել ազդեցիկ հովանավորի, այս անգամ արդեն՝ ՀՀ նախագահի անմիջական օժանդակությամբ: Ուշագրավ է այն փաստը, որ օրերս ԼՂՀ նախագահը հեռուստատեսության աշխատակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու ժողովուրդը նման անտարբերությամբ է գնում նախագահական ընտրությունների, ասել է, որ զարմանալի ոչինչ չկա, չկայացած քաղաքական դաշտի համար միանգամայն նորմալ մթնոլորտ է: Այնինչ, ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ ԼՂՀ գործող նախագահ Ա. Ղուկասյանը մրցապայքար կմտնի ոչ թե մենակ, այլ՝ մի շարք թեկնածուների հետ: Մասնավորապես, նախագահական ընտրարշավում իր թեկնածուն կունենա Հայ հեղափոխական դաշնակցությունը: Եվ ոչ միայն. դեռեւս չճշտված լուրերի համաձայն՝ ՀՅԴ-ն չի բացառում նաեւ ոչ կուսակցական թեկնածուի հովանավորելու իր պատրաստակամությունը: Քաղաքական նման կեցվածք ընդունելով՝ ՀՅԴ Արցախի կազմակերպությունը ժողովրդին հասկանալ է տալիս, որ այլեւս անթույլատրելի է հանրապետության բարձրագույն պաշտոնում Ա. Ղուկասյանի վերընտրվելը: Ի դեպ, ստեղծված իրավիճակի առնչությամբ իր մոտեցումները կան ՀՅԴ Արցախի 9-րդ շրջանային ժողովի որոշումներում ու բանաձեւերում: Մասնավորապես նշվել է, որ կուսակցությունը «չի կարող անտեսել երկրի ներսում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, ազգաբնակչության օրեցօր վատթարացող կացությունը, ամայացող հսկայական տարածքների առկայությունը, իշխանությունների կողմից տարվող սխալ տնտեսական քաղաքականությունը, որը միտված է լոկ սեփական անձնական նպատակների»: Բնակչության գերակշիռ մասի սոցիալական վիճակի օրեցօր վատթարացումը, որն իշխանությունների սին խոստումների քաղաքականության ամենավառ ապացույցն է, անկասկած, կհարկադրի ընտրազանգվածին՝ գոնե այս անգամ մատների արանքով չնայել նախագահական ընտրություններին: Արցախի «Ազատություն» կուսակցության նախագահ Գրիգորի Աֆանասյանը (1988-ի փետրվարյան առաջին ցույցի կազմակերպիչներից մեկը) դիմում է հղել Ստեփանակերտի քաղաքապետ Հ. Ավանեսյանին, մայրաքաղաքում մայիսի 4-ին հանրահավաք անցկացնելու եւ այդ առնչությամբ տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնությունը ստանալու մասին: Դիմումում, մասնավորապես, նշվում է, որ հանրահավաքը նվիրված է լինելու ղարաբաղյան շարժման 14-ամյակին: Նախնական հաշվարկներով՝ հանրահավաքին կմասնակցի մոտ 5000 մարդ։ Դեռեւս հայտնի չէ, թե հանրահավաքի վերաբերյալ ինչպիսի որոշում կկայացնեն տեղական իշխանությունները: Չի բացառվում, որ նրանք շարունակեն երգել հին երգը ռազմական դրության մասին: Սակայն, միեւնույն ժամանակ, այդ նույն իշխանությունները քաջ գիտակցում են, որ «փրկօղակներն» այլեւս անզոր են փոխելու իրենց օրհասական դրությունը, եւ անօրինություններից ու անարդարություններից հոգնած, հիասթափված ժողովուրդն ի վերջո ասելու է իր խոսքը: ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ստեփանակերտ «Առավոտն» այսուհետ պարբերաբար կանդրադառնա ԼՂՀ նախընտրական իրավիճակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել