Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՈՒ ԴՈՒ Ո՞Վ ԵՆՔ, ՈՐ ՈՐՈՇԵՆՔ…»

Հունիս 18,2002 00:00

«ԵՍ ՈՒ ԴՈՒ Ո՞Վ ԵՆՔ, ՈՐ ՈՐՈՇԵՆՔ…» Այս համոզմանն է Արաբկիրի թաղապետը «Մի հատ աննորմալ ինչ ասես կարող է բողոքել, դա չափանի՞շ պետք է լինի»,- այս թաղային մակարդակի «հռետորական» հարցի հեղինակը Արաբկիրի համայնքապետ Ֆելիքս Յայլոյանն է։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շեմին պարոն Յայլոյանը հավանաբար ցանկանում էր տպավորություն գործել. մարդն ուզում էր լավ՝ բայց ստացվեց ինչպես միշտ։ Բանն այն է, որ Կոմիտասի 30 շենքի բնակիչները բողոք են ներկայացրել, որ մայթի՝ շենքին հարող հատվածի առեւտրի սրահները «բռնագրավել են մայթի մեծ մասը», ինչն էլ իր հերթին խոչընդոտում է քաղաքացիների անցուդարձին։ Դա, ըստ բնակիչների, Աստված մի արասցե, հրդեհի ժամանակ էլ խոչընդոտներ կստեղծի։ Բողոքի վերաբերյալ թաղապետից ստացած մեկնաբանությունները, շատ մեղմ ասած, անսպասելիորեն տհաճ էին։ Ըստ պարոն թաղապետի, «բնակչի բողոք» երեւույթը պետք է բացառել»։ Ֆ. Յայլոյանի դատողությամբ. «Մեկը որ սոված է, ուզում է ամբողջ աշխարհը քանդվի։ Բայց մենք ճիշտ հակառակը պետք է մտածենք՝ հարեւանիս վիճակը լավանա, որ ես էլ իր կողմից գոնե օգնություն ունենամ»։ Ապա թաղապետը եզրակացրեց. «Այսօր, փառք Աստծո, կա պՊՌվՌ ճարտարապետություն. քաղաքի ճարտարապետը մեկն է, ճարտարապետական վարչությունը մեկն է, եթե իրենք գտել են, որ այսօր այդպես է հարմար… իմիջիայլոց, դրանք մշտական օբյեկտներ չեն, այլ ժամանակավոր»։ Ի դեպ, Հողային օրենսգրքով, նախ 10 տարի բարեխիղճ հարկատու լինելուց հետո, տարածքը, անգամ անօրինական զավթած, դառնում է տվյալ սուբյեկտի սեփականությունը։ Ապա՝ հիմնավոր վերատեղադրվող տաղավարները գոնե արտաքինից՝ ժամանակավորի տպավորություն չեն թողնում։ Ինչեւէ, Երեւանի գլխավոր ճարտարապետի գովքին հետեւեց տրամաբանական եզրակացությունը. «Այսօր օրենքով ճարտարապետին տվել են այդ լիազորությունները»։ Փաստորեն, «Նաջարյանի ասածը… ինձ համար օրենք է» (մեջբերումը «Ոսկե ցլիկը» հանրահայտ ֆիլմից է)։ Ի վերջո, վերոասվածի գլուխգործոցը թաղապետի հետեւյալ միտքն էր. «Ես ու դու ո՞վ ենք, որ որոշենք բուդկան սխալ տեղ է դրված»։ «Իսկ ո՞վ պետք է որոշի» անպատասխան հարցիս պատասխանը, ըստ էության, թաղապետն իր նախորդ մտքերում արտահայտել էր։ Այն փաստը, որ այդ նոր կառուցվող խանութների փոխարեն սեղանիկաաթոռաարկղային արտահայտություններ էին, պարոն Յայլոյանին ստիպեց տասնամյա պատմական էքսկուրս կատարելով եզրակացնել. «Մենք այսօր հասանք նրան, որ այլանդակ, անկանոն բուդկաների փոխարեն ժամանակի ճարտարապետական ոգուն համապատասխանող տաղավարներ են։ Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ պետք է այնպես անենք, երկրի վիճակն այնքան լավանա, որ այդ տաղավարները մեխանիկորեն դուրս գան փողոցներից ու մայթերից՝ ունենանք ազատ ու շրջանցիկ տարածքներ։ Սակայն ժողովրդի սոցիալական վիճակը դեռ այնպիսին է, որ դրանց անհրաժեշտությունը դեռ կա»։ Ու քանի որ պարոն Յայլոյանը Փարիզից նոր էր վերադարձել եւ տպավորությունները դեռ թարմ էին, Փարիզն՝ իբրեւ Եվրոպայի կենտրոն ընդունելով համեմատեց. «Փարիզում էլ այդպիսի օբյեկտներ կան. դա ընդունված բան է»։ Ապա հիշողությունների գրկում՝ պարոն թաղապետը կիսեց իր հիացական տպավորությունները փարիզյան կարգուկանոնից, մաքրությունից, ընդունված եւ, ամենակարեւորը, պահպանվող չափանիշներից։ Միայն, ափսոս… մեր թաղապետին փարիզուհիները դուր չէին եկել. փարիզուհիների համեմատական միակ բանը՝ հայկական «տախտակն» էր։ Խոսակցության այսօրինակ ընթացքի արդյունքում նախօրոք պատրաստած հարցերը տալը՝ իմաստազրկվեցին։ Անգամ Ֆ. Յայլոյանի «վաղն ամեն ինչ իր տեղը կընկնի» լավատեսական վերջաբանը առանձնապես հույսեր չներշնչեց՝ մեղմ ասած։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել