Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ «ԱԵՐՈՖԼՈՏՈՎ»

Հուլիս 10,2002 00:00

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ «ԱԵՐՈՖԼՈՏՈՎ» Եթե որոշեք շուրջայց կատարել Եվրոպայի մայրաքաղաքներով, պարզապես գնեք դրանցից որեւէ մեկի թռիչքի տոմս, միայն թե՝ «Աերոֆլոտ» ավիաընկերության եւ միայն՝ Մոսկվայով։ Այս էլ որերորդ անգամ այդ ավիաընկերությունը հաջողացնում է Երեւան-Մոսկվա թռիչքը տարբեր պատճառներով եւ պատճառաբանություններով մի քանի ժամ ուշացնել եւ իր ուղեւորների հետագա թռիչքները Մոսկվայից այլուր ստիպված կազմակերպում է մի քանի այլ երկրներով։ Արդյունքում հասցնում ես տարբեր մայրաքաղաքների օդանավակայանների օդը շնչել, փոխարենը ուշանում ես ճանապարհորդությանդ նպատակներից։ Դեռ հայտնի չէ, թե այդ ընթացքում ինչ վնասներ է կրում ինքը՝ ավիաընկերությունը, քանի որ հաճախ ամենաէժանագինների դիմաց ստիպված է լինում տրամադրել բիզնես կարգի տոմսեր։ Ընդ որում, այդ ամենն արվում է, հայավարի ասած՝ այնպիսի «մուննաթով», կարծես ուղեւորներն իրենք պետք է օդակայանում արագ-արագ բեռնեին ինքնաթիռը եւ չուշացնեին չվերթը։ Ի տարբերություն KLM, «Լուֆթանզա», »Չեխական ավիաուղիներ» եւ այլ եվրոպական ընկերությունների աշխատակիցների, որոնք ծայրահեղ բարյացակամությամբ եւ սիրալիրությամբ փորձում են շտկել անգամ ոչ իրենց սխալները եւ ուղեւորների համար անել հնարավոր ամեն ինչ։ Այս տարբերությունն այնքան ակնհայտ է, որ Աերոֆլոտի ժպտադեմ ուղեկցորդի կամ աշխատակցի հայտնությունը վերագրում ես պատահականությանը։ Հանուն արդարության պետք է նշել, որ մեր՝ հայերիս նկատմամբ ռուս մաքսավորների եւ ուղեկցորդների անբարյացակամ վերաբերմունքը ինչ-որ տեղ օբյեկտիվ հիմքեր ունի։ Այն ժխորը, որ մերոնք բարձրացրին «Շերեմետեւո-1»-ում՝ Երեւան թռիչքից առաջ, այն խառնափնթոր հերթը, որ գոյացրինք այնտեղ, ընդունված կարգուկանոնի նկատմամբ այն բութ անտարբերությունը, որ ցուցաբերեցինք այնտեղ եւս, առաջացրին համապատասխան վերաբերմունքը։ Ինչ խոսք, Եվրոպաներով «թրեւ գալու» համար հայ ուղեւորները առանձին շնորհակալություն պետք է հայտնեն «Հայկական ավիաուղիներին»։ Ի թիվս այլ բացթողումների, այս ընկերությունը զրկվեց Ամստերդամի միջազգային օդանավակայանում ինքնաթիռ իջեցնելու իրավունքից, քանի որ մեր ինքնաթիռների աղմուկը գերազանցում է սահմանված միջազգային նորմերը։ Հոլանդիայում ապրող մեր հայրենակիցները պատմում էին, որ Ամստերդամի օդանավակայանում մեծ աղմուկ եւ իրարանցում է բարձրացել, երբ «Հայկական ավիաուղիների» մի ինքնաթիռից սկսել է տեխնիկական յուղ հոսել ասֆալտի վրա։ Ահաբեկված հոլանդացիներն անմիջապես «լիկվիդացրել են աղետի օջախը», եւ դրանից հետո դրվել է մեր ինքնաթիռների վայրէջքի արգելանքի հարցը։ Արդյունքում Երեւան-Ամստերդամ երբեմնի թռիչքի փոխարեն լրագրողների մեր խումբը Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաք հասավ հետեւյալ երթուղով՝ Երեւան-Մոսկվա-Ֆրանկֆուրտ-Ամստերդամ-Մաաստրիխտ։ Մերոնց նման՝ աերոֆլոտցիներն էլ թերանում են ոչ միայն իրենց հողի վրա, այլեւ՝ դրսերում։ Օրինակ՝ Ամստերդամի օդանավակայանում ժամը 23-ից հետո Աերոֆլոտի ոչ մի ներկայացուցիչ այլեւս չկար եւ տոմսերի, հյուրանոցի հետ կապված բոլոր գործարքները, ընդ որում, իրենց աշխատանքային օրվա ավարտից հետո, մեծագույն պատրաստակամությամբ կատարեցին KLM-ի աշխատակիցները՝ առանց որեւէ պարտավորվածություն ունենալու։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Սեպտեմբերի 11-ից հետո հատկապես խստացած ուշադրությունը ձեռքի իրերի պարունակության նկատմամբ՝ տեղ-տեղ չափն անցնում էր։ Մոսկվայում, օրինակ, նույն բեռը ստուգող սարքով անցկացնում էին երեք անգամ ու նույնիսկ ամենափոքրիկ հարդարանքի մկրատիկը դուրս բերվեց այնտեղից։ Միայն թե այդքան ճանապարհներին եւ ստուգումներին ոչ մի «ուշադիր» աչք ու սարք այդպես էլ չհայտնաբերեցին ուղեւորներից մեկի ձեռքի պայուսակի 10 սմ-անոց սուր դանակը։ Բա հանկարծ ու տեռորիստ էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել