Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնքան հին, որքան՝ մարդկությունը

Հուլիս 13,2002 00:00

Նույնքան հին, որքան՝ մարդկությունը Այսպես բնորոշեց կոռուպցիայի երեւույթը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ նկատելով, որ ճիշտ չէ այս թեման ներկայացնել «հարձակվողական-արդարացող» տարբերակով, քանի որ այդ երեւույթից ինքնին ողջ հասարակությունն է տուժում։ «Որեւէ երեւույթի դեմ սուր ճոճելով բացարձակ պայքարի կոչերը ընդհանրապես հաճախ այդ երեւույթը քողարկելուն են ուղղված»,- իր կարծիքը հայտնեց ԿԳ նախարարը՝ «Հակաստվեր» ՀԿ-ի նախաձեռնած «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում երեկ հանդիպելով լրագրողներին։ Հիմնական շեշտադրումը մի քանի օրից սկսվող բուհերի ընդունելության քննությունների վրա դրվեց՝ թեպետ Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ համակարգի մյուս ոլորտներում էլ այս առումով քննադատելու բան կա։ Այս համատեքստում էլ կարեւորեց լրագրողի հարցադրումը, թե միայն ընդունելության քննություններով է հասարակությունը հետաքրքրված՝ մինչդեռ նույն բուհերի ընթացիկ քննությունների ժամանակ կաշառակերության երեւույթները պակաս տարածված չեն։ ԿԳ նախարարը մանրամասն ներկայացրեց այն մեխանիզմները (լիազոր ներկայացուցիչների, դիտորդների մասնակցություն եւ այլն), որ պետք է ապահովեն ընդունելության քննությունների արդարությունն ու օբյեկտիվությունը։ Սակայն Լ. Մկրտչյանի անձնական կարծիքով, կոռուպցիայի հարցում մեր հասարակությունը մի այնպիսի ճգնաժամային վիճակի է հասել, որ կասեցնում է ցանկացած զարգացում։ Եվ միայն առանձին մեխանիզմներով խնդիրը չի լուծվի։ Ողջ հասարակության համար կարծես թե ընդունելի է դարձել հարցերը կոռուպցիայի միջոցով լուծելը։ «Որքան հասարակությունը սոցիալապես անապահով է, որքան հասարակության տարբեր շերտերը որոշակիորեն ապագայում իրենց պաշտպանված չեն զգում, այնքան կոռուպցիոն երեւույթները տվյալ հասարակության մեջ շատանում են»,- ասաց Լ. Մկրտչյանը։ Իսկ մեր թե ուսուցիչը, թե՛ դասախոսն ու գիտնականը չունեն սոցիալական երաշխիքներ եւ չգիտեն, թե՛ ի՞նչ է իրենց սպասվում, ասենք, հինգ տարի հետո։ Դրա համար էլ հենց հնարավորությունն ունենում են՝ ապահովագրվում են նաեւ ողջ ապագայի համար։ ԿԳ նախարարը նաեւ շեշտեց, որ եթե աշխատանքի դիմաց չեն վարձատրվում ըստ արժանվույն, դժվար է կոռուպցիայից խուսափել։ Այնպես որ, համակարգային փոփոխություններ են պետք, ոչ թե կոսմետիկ մեխանիզմներ։ Նույնիսկ ընդունելության քննությունները կոմպյուտերիզացնելու տարբերակը դժվար թե խնդիրը լուծի, մանավանդ որ, դրա հնարավորությունը առայժմ չունենք։ Սակայն նախարարը լավատես էր եւ տեղեկացրեց, որ ՀԲ-ի վարկային միջոցներով 2003-ից սկսվող ծրագիրը ամբողջովին ուղղվելու է գիտելիքների գնահատման մի այնպիսի համակարգի ստեղծմանը, որը բավականին կնպաստի խնդրի լուծմանը։ Կրթության համակարգը այն ոլորտն է, որտեղ ծնողը հանուն իր երեխայի ապագայի պատրաստ է ինքնակամ մուծումներ անել, սակայն դրանք հիմնականում ստվերային բնույթ են կրում, մտնում են առանձին անհատների գրպանը, իսկ համակարգը ոչինչ չի շահում, ուսուցիչները չնչին աշխատավարձ են ստանում, դպրոցական շենքերը չեն վերանորոգվում։ Նախարարի հաշվարկներով, տարեկան 7-8 մլն դոլար միայն ծնողները տալիս են կրկնուսույցներին։ Մինչդեռ, ըստ նախարարի, եթե այդ մուծումները օրինականացվեն, համակարգվեն եւ ուղղվեն համակարգի զարգացմանը, խնդիրը որոշակիորեն կլուծվի։ Բուհերի դեպքում Լ. Մկրտչյանը կարեւորեց նրանց ինքնավար կարգավիճակ տալը, ինչը ֆինանսավորման ավելի մեծ հնարավորություններ կընձեռի՝ իրենց ծախսերի միայն 30%-ը պետբյուջեի հաշվին լուծող բուհերի համար։ ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ վերջին ամիսներին պետական բուհերում ԿԳՆ-ն ստուգումներ էր անցկացնում, որի արդյունքներն արդեն ամփոփվել են եւ առաջիկա կոլեգիայի նիստում, որը բաց կլինի լրագրողների համար, դրանք կհրապարակվեն։ «Բուհ ունենք, որ մինչեւ մայիս ամիսը սեսիոն քննություններ են վերահանձնում։ Դասախոսն ուղղակի հոգնում է, չորրորդ անգամ «2» է դնում, թույլտվություն է տալիս հինգերորդ անգամ թողնել քննության»,- սեսիոն քննությունների կոռուպցիոն երեւույթներին անդրադառնալով՝ նկատեց ԿԳ նախարարը։ Մի առանձին կոլեգիայի նիստ էլ նվիրվելու է մեդալի քննությունների ամփոփմանը եւ այն դպրոցների տնօրենները, որոնց ներկայացրած մեդալի հավակնորդները 8, 10 կամ 12 միավոր են ընդամենը ստացել մեդալի կենտրոնացված քննություններից, պետք է փորձեն բացատրել, թե ի՞նչ չափանիշներով են ընտրել այդ շրջանավարտներին։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել