Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՂԾՈՒՄ ԵՆ ՈՉ ՕՏԱՐՆԵՐԸ, ԱՅԼ ՄԵՐՈՆՔ

Հուլիս 18,2002 00:00

ՊՂԾՈՒՄ ԵՆ ՈՉ ՕՏԱՐՆԵՐԸ, ԱՅԼ ՄԵՐՈՆՔ Մինչ հայաստանաբնակ հայերն անհանգստանում են Կրասնոդարում իրենց հայրենակիցների գերեզմանների պղծմամբ՝ անկախ նրանից, այնտեղ հարազատ ունեն, թե ոչ, այստեղացիների պետքն էլ չէ, որ գրեթե նույնը կատարվում է մեր գերեզմանատներում։ Տագնապում են միայն հարազատները։ Քաղաքացի Ս. Ադամյանի ահազանգով եղանք մայրաքաղաքի «Արին Բերդ» գերեզմանատանը։ «Հարազատներիս շիրիմներին այցելելիս շուրջս սահմռկեցուցիչ տեսարան է բացվում. նորօրյա ավազակներին զոհ են դարձել բազմաթիվ շիրիմներ։ Փող դիզելու, հեշտ ճանապարհով ապրուստ վաստակելու համար ոճրագործները ոչ մի բանի առջեւ չեն կանգնում։ Նրանց համար մեռած է ամեն մի սրբություն, խիղճ, հարգանք ննջեցյալների հանդեպ»,- գրում է Ս. Ադամյանը։ Գերեզմանատան մուտքի մոտ՝ հատուկենտ, իսկ ավելի խորքերում արդեն զանգվածաբար թալանված էին շիրիմների ալյումինե, բրոնզե եւ լատունե զարդանախշերը, թասիկները, մոմակալները եւ խնկամանները։ Գերեզմանատան հսկիչ Սարգիս Կարագյուլյանից տեղեկացանք, որ վերջին մեկ-երկու ամսում տարօրինակորեն հաճախացել են գողության դեպքերը՝ աշունից գարուն ժամանակավոր դադարից հետո։ Ի դեպ, զանգվածային թալանները կատարվել են անցյալում՝ սարերին մոտ շիրիմներից, այժմ տանում են ավելի երեւացող տեղերից, բայց՝ մեկ-մեկ, աննկատ։ «Մեկն էսպես՝ ձեզ նման մեքենայով մտել է գերեզմաններ, դուրս գալուց ես ի՞նչ իրավունք ունեմ ասեմ՝ բագաժնիկդ բաց, տեսնեմ ի՞նչ ես տանում»,- ասում է Ս. Կարագյուլյանը։ Միայն անցյալ շաբաթ այս գերեզմանատուն գողության մասին բողոքով երեք քաղաքացի է դիմել։ Դեպքերի մասին տեղյակ է պահվում Էրեբունու ներքին գործերի բաժին։ Սակայն դրանք չեն պակասում։ Դժվար էլ է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր սարերի փեշերին տեղ գտած շիրիմների վրա գիշերով հսկողություն սահմանել։ Իսկ գողությունները հիմնականում գիշերն են կատարվում։ «Արին Բերդ» գերեզմանատունը պահակ չունի։ Պատճառները հստակ չբացատրվեցին, սակայն տրամաբանական է, որ անգամ նրա առկայությունը ոչինչ չի փոխի. գերեզմանատունը մոտավորապես 140 հա տարածք է զբաղեցնում։ «Պահակին կսպանեն, էլի կտանեն իրենց տանելիքը»,- ասաց Ս. Կարագյուլյանը։ Գերեզմանատունը սպասարկողների աշխատանքային օրը 9-17-ն է։ Հսկիչը պատմում է, որ երբեմն աշխատող բանվորները բռնացնում են շիրիմները թալանողների եւ ծեծում, ընդ որում՝ դաժանաբար։ Մեր տեղեկություններով, այս կարգի գողերի հետ շատ դաժան են վարվում նաեւ ներքին գործերի բաժիններում։ Նմանների բռնվելու դեպքերից գերեզմանատան հսկիչը հիշեց միայն մեկը։ Անցյալ տարի բռնվել ու դատարանի առջեւ են կանգնել հայր ու որդի, որոնք իրենց գործունեությունը ծավալելիս են եղել Երեւանի մի քանի եւ Մասիսի գերեզմանատանը։ Այս գողությունների արդյունքում մարդիկ սկսել են խուսափել շիրիմների վրա գունավոր մետաղներ օգտագործելուց։ «Արին Բերդի» տնօրենի գրասենյակի առջեւ ցուցադրվում էին առանց ալյումինի մետաղական ճաղավանդակներ, որոնք տեղի պատվերների արտադրամասն է պատրաստում։ «Պիտի հանձնման կետերում բռնել»,- լուծում է առաջարկում Ս. Կարագյուլյանը։ Իսկապես, եթե մինչեւ հիմա կան գունավոր մետաղների ընդունման կետեր, շատ էլ բարդ չէ այնտեղ վերահսկողություն սահմանել։ Շիրիմների զարդանախշերը հստակ տարբերվում են ոչ այդ նշանակության գունավոր մետաղներից պատրաստված իրերից։ Եվ ցանկության դեպքում գողերի ձեռքը այնտե՛ղ կարելի է բռնել։ Մեր նամակագրի մեկ այլ բողոքի կապակցությամբ, թե կոտրվում են տապանաքարերը, տեղեկացնենք, որ «Արին Բերդ» գերեզմանատունը կառուցված է սողանքների վայրում։ Այստեղ ինքներս հավաստիացանք, որ եթե անգամ շիրմաքարեր էլ կոտրվում են, ապա միայն՝ սողանքների հետեւանքով։ Ի դեպ, գունավոր մետաղների գողություն կատարվում է գրեթե բոլոր գերեզմանատներում։ Եվ այդ գողոնն էլ հանձնվում է բոլոր ընդունման կետերը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել