Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՂՎԱԾ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ

Օգոստոս 13,2002 00:00

ՀԱՋՈՂՎԱԾ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ «Առավոտի»՝ երկու շաբաթ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի մարզական կյանքում արժանահիշատակ իրադարձություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի երկրորդ փուլում երկու հանդիպումների արդյունքով զիջեց Կիեւի «Դինամոյին» եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Այդուհանդերձ, Օսկար Լոպեսի ղեկավարած թիմն արժանի է դրվատանքի։ Նախ, մինչեւ ՉԼ-ի մեկնարկելը ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստների առջեւ խնդիր էր դրել հաղթահարել որակավորման մրցաշարի առաջին արգելքը, որն էլ թիմը կատարեց գերազանց՝ երկու անգամ հաղթելով Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերեին»։ Եթե չի դավաճանում հիշողությունս, սա առաջին դեպքն է, երբ հայկական ակումբը անցնում է եվրոգավաթների խաղարկության առաջին փուլը, համենայնդեպս՝ Հայաստանի անկախացումից հետո։ Ինչ վերաբերում է կիեւցիների հետ հանդիպումներին, իմ կարծիքով, 6։2 (0։4, 2։2) հաշիվը չի համապատասխանում թիմերի ուժերի իրական հարաբերակցությանը։ Ես, որ ՀՖՖ նոր նախագահ Ռուբեն Հայրապետյանի բարի ցանկությամբ ներկա եմ եղել Կիեւում կայացած հանդիպմանը, այն զգացումն ունեմ, որ ոչ թե «Դինամոն» այնտեղ հաղթեց 4։0 հաշվով, այլ «Փյունիկը» պարտվեց։ Ճիշտ է, կիեւցիները որոշ չափանիշներով առավելություն ունեին հյուրերի նկատմամբ։ Նախ եւ առաջ դա նրանց ավանդական ֆիզիկական գերազանց պատրաստվածությունն էր, բոլոր օղակներում կայուն ու վստահ գործողությունները, մանավանդ, տրիբունաների ամենաջերմ աջակցության պայմաններում եւ պահեստայինների երկար ու վստահելի նստարանը։ Եվ պատահական չէր, որ Միխայլիչենկոյի՝ խաղադաշտ մտցրած յուրաքանչյուր նոր ֆուտբոլիստ էլ ավելի հզորացրեց «Դինամոն»։ Իսկ ահա «Փյունիկում» կատարված փոփոխությունները չակտիվացրին թիմի խաղը։ Այդուհանդերձ, վարպետությամբ մեր ֆուտբոլիստները գրեթե չէին զիջում մրցակցին։ Այլ բան է, որ մերոնք, հատկապես հայաստանցիները, բացառությամբ Քարամյան եղբայրների, կաշկանդված էին, ընկճված։ Թվում էր՝ նրանք հոգեբանորեն պատրաստ չէին հավասարը հավասարի պես ճակատամարտ տալ ուկրաինացիներին։ Այդ օրը կոլեկտիվ խաղ չստացվեց։ Հատկապես չարդարացրեց միջին գիծը, որը ոչ միայն չէր կարողանում լիարժեք օգնել պաշտպաններին, այլեւ ճշգրիտ փոխանցումներով գնդակներ մատակարարել հարձակվողներին։ Դրա փոխարեն համեմատաբար հուսալի էին գործում լեգեոներականները՝ Բիլիբիոն, Սիստերնան, Ստեվանովիչը, Տրաորեն, Մամադուն։ Վատ չխաղաց նաեւ դարպասապահ Անդրանիկ Ղարագյոզյանը։ Նա մի քանի անգամ թիմին փրկեց վերահաս գոլերից։ Սակայն մեկ-երկու ցավալի վրիպումները, մանավանդ 15-րդ րոպեին, ծանր նստեցին «Փյունիկի» վրա։ Իսկ եթե ավստրիացի մրցավարն էլ «աչք չդներ» Բիլիբիոյի վրա ու Մամադուն էլ վնասվածք չստանար, ամենայն հավանականությամբ կարող էր մեզ համար ավելի նպաստավոր հաշիվ գրանցվել, որը պատասխան խաղում անհամեմատ լուրջ «կռիվ տալու» հնարավորություն կընձեռեր։ Իսկ որ «Փյունիկը» կարող է կամային բարձր որակներ ցուցադրել, ֆուտբոլասերները համոզվեցին թիմերի երեւանյան պատասխան հանդիպումում։ Մյուս իրադարձությունը Վիլնյուսում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր երկու մասնակիցների նվաճած մեդալներն են։ 46 կգ քաշային կարգում արտաշատցի Գեղամ Բաբախանյանը՝ անցկացնելով վեց գոտեմարտ, բոլորն էլ գրանցեց իր օգտին ու արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը։ Ուրախացրեց նաեւ նույնիսկ պատանիների մեջ կրտսեր երեւանցի 42 կգ քաշային Սուրեն Ադյանը, որը նույնպես վեց անգամ մտավ մրցագորգ եւ կրելով ընդամենը մեկ պարտություն, բավարարվեց «բրոնզով»։ Բայց մասնագետները նրան մարզական մեծ ապագա են կանխագուշակում։ Հուսանք, որ Սուրենը հուսախաբ չի անի։ Պերմում կայացած բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում գերազանց հանդես եկավ Աշտարակի շրջանի Ձորափ գյուղի բնակիչ Մարատ Թովմասյանը։ Նա 91 կգ քաշայինների պայքարում արժանացավ բրոնզե մեդալի։ Մարատի այս ձեռքբերումը անչափ կարեւոր է առնվազն երկու առումով։ Նախ, որ վաղուց կաշվե ձեռնոցի հայ վարպետները որեւէ մեդալ չէին նվաճել պաշտոնական հեղինակավոր առաջնություններում, ապա, որ նա հակառակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ալիկ Սարգսյանի այն պնդումների, թե Մարատը բացարձակապես պատրաստ չէ նման մակարդակի մրցումների ու Պերմում ի վիճակի չէ անգամ մեկ մարտ շահել (այդպես են ասում մասնագետները) ու այդ հիմնավորումով մինչեւ վերջին պահը կտրականապես հրաժարվում էր ընդգրկել հավաքականի կազմ, ապացուցեց հակառակը։ Ավելին, փաստացի, Մարատ Թովմասյանը միակ բռնցքամարտիկը դարձավ, որ Պերմում պարզերես արեց հայկական բռնցքամարտի դպրոցը։ Այս պատմությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Մանավանդ որ մոտ ժամանակներս մարզաձեւի ֆեդերացիայում պետք է ընտրեն ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ։ Եվ մեր ունեցած տեղեկություններով, ֆեդերացիայի նախագահը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել նույն Ա. Սարգսյանին։ Եվ վերջապես, Լվովում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մասին, որին մասնակցելու գործուղված պատվիրակությունը գլխավորում է ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային մրցավար Ֆեդյա Ալեքսանյանը։ Կիրակի օրն առաջնությունը հատեց եզրագիծը եւ մեր տղաները տուն են վերադառնում՝ իրենց հետ բերելով երեք մեդալ։ Վանաձորցի 67 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը այս տարի Հունգարիայում աշխարհի առաջնության արծաթե մեդալին Լվովում ավելացրեց նաեւ Եվրոպայի «բրոնզը»։ Նույն ձուլվածքի մեդալ է նվաճել նաեւ Վարդան Գասպարյանը (Երեւան, 71 կգ)։ Իսկ ահա Գյումրիի ներկայացուցիչ Էդգար Մանուկյանը (54 կգ) գերազանցեց բոլոր սպասելիքները եւ, տանելով միայն հաղթանակներ, կուրծքը զարդարեց ոսկե մեդալով։ Պատանի բռնցքամարտիկների այս ցուցանիշները մի փոքր թեթեւ շունչ քաշելու հնարավորություն են տալիս, որովհետեւ վկայում են, որ բռնցքամարտը Հայաստանում ոչ միայն չի դադարել գոյություն ունենալուց, այլեւ կասեցվել է նահանջը եւ սկսվել վերելքի ուղին։ Մինչդեռ, ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, որ պատասխանատու մրցումներից մի քանի օր առաջ, թողնելով պաշտոնը, մեկնեց «իր հարազատ» ԱՄՆ (չկա չարիք՝ առանց բարիքի), համոզված էր ու ամեն առիթով հայտարարում էր, թե Հայաստանում բռնցքամարտ չկա, թե մարզիչներ չկան, թե ապագայի հույս ներշնչող հերթափոխ չկա։ Բարեբախտաբար, այս «մարզիչ-մասնագետի» խոսքերն էլ սին դուրս եկան։ Դրան հակառակ, ապացուցվեց հանրապետության մարզական ղեկավարության ընտրած ճիշտ ռազմավարությունը, որի էությունը դեմքով դեպի պատանեկան սպորտը շրջվելն է, գլխավոր ուշադրությունը այս տարիքի մարզիկներին դարձնելը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել