Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ դպրոցում մասնագետի պակաս կա

Սեպտեմբեր 05,2002 00:00

Սահմանամերձ դպրոցում մասնագետի պակաս կա Հետայսու, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի միջնակարգ դպրոցը կկրի զոհված ազատամարտիկ, համագյուղացի Վահրամ Սաղոյանի անունը։ Մեծ չէ Չինարին, ունի 426 ծուխ՝ 370 քարաշեն բնակարանով, որից, փոխգյուղապետ Սամվել Մակարյանի հավաստմամբ, այսօր 70-ը դատարկ է։ Արցախյան ազատամարտի տարիներին գյուղից ոչ ոք չհեռացավ։ Մի մարդու պես ոտքի ելան, զենք վերցրին, պաշտպանեցին հայրենի տունն ու հողը։ 1995-96թթ. սկսված արտագաղթն էլ ավելի ակտիվացավ հատկապես վերջին երկու տարիներին։ Գյուղից արտագաղթել են հիմնականում երիտասարդ, աշխատունակ ընտանիքները։ Ինչպես տեղեկացրեց փոխգյուղապետը, այս տարի արտագաղթը նվազել է։ Սակայն դա չի նշանակում, թե լավացել են նրանց սոցիալ-տնտեսական պայմանները, պարզապես գյուղում մնացել են ծերերն ու անճարները։ Ըստ դպրոցի տնօրեն Ալբերտ Պապյանի, արտագաղթի պատճառով, 1994թ. սկսած մինչ օրս, դպրոցը լքել է 105 աշակերտ (նրանք ծնողների հետ մեկնել են հիմնականում ՌԴ)։ Եթե անցյալ տարի առաջին դասարանում կար 22 աշակերտ, ապա այս տարի նրանց թիվը 14 է։ Ամեն տարի անընդմեջ մի դասարան է կրճատվել, որի հետեւանքով այս տարի դպրոցում զույգ դասարան չունեն։ Իսկ մեկական՝ առաջինից մինչեւ ավարտական դասարաններում սովորում է 205 աշակերտ։ Դպրոցն ունի նաեւ մասնագետների խնդիր։ 21 հոգանոց ուսուցչական կոլեկտիվում չունեն քիմիայի եւ կենսաբանության մասնագետ, ու երկու տարի է այդ առարկաները «յոլա են տանում իրենց ուժերով»։ Այս տարի կրթության նախարարությունը, ի պատասխան դպրոցի ուղարկած պահանջագրի, Չինարիի կրթօջախ է գործուղել զորակոչային տարկետման իրավունքից օգտվող վանաձորցի մի երիտասարդի, որն ավարտել է գյուղակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը։ Տնօրենի խոսքերով, գործուղվող այդ երիտասարդները աշխատում են «դեմբելավարի»՝ ժամանակ են սպանում մինչեւ ծառայության ժամկետը սպառվի։ Մինչդեռ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, չնայած ցածր վարձատրվող աշխատանքին, աշխատում է նվիրումով։ Էլ ավելի ոգեւորված կաշխատեն այս տարի՝ արդեն հիմնովին նորոգված, բարեկարգ շենքում։ 1969թ. շահագործման հանձնված կառույցը մինչեւ անցյալ տարի հիմնովին չի նորոգվել, միայն երբեմն մասնակի, կոսմետիկ նորոգման աշխատանքներ են կատարվել։ Նախորդ տարի Տավուշի մարզպետարանը պետբյուջեից 7 մլն դրամ գումար հատկացրեց, որով հիմնովին նորոգվեց դպրոցական շենքը՝ սկսած տանիքից մինչեւ նկուղային հարկում գտնվող սպորտդահլիճը։ Դպրոցը 90-ականներից չի կահավորվել, չեն ստացվել նաեւ լաբորատոր սարքավորումներ։ Դպրոցը չունի համակարգիչ, սակայն տնօրինությունը լավատես է, քանի որ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը խոստացել է մինչեւ տարեվերջ լուծել այդ խնդիրը։ Ի դեպ, վերջինս ներկա էր դպրոցի անվանակոչության արարողությանը եւ իր ու մարզպետի կողմից 30 դպրոցական պայուսակ՝ համապատասխան գրենական պիտույքներով, նվիրեց դպրոցին՝ մանկավարժական խորհրդի հայեցողությամբ ուսման առաջավոր եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին բաժանելու համար։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել