Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐԱԿԱՆԸ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԷՐ

Սեպտեմբեր 26,2002 00:00

ԴՐԱԿԱՆԸ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԷՐ Հայ, ադրբեջանցի եւ թուրք լրագրողների հերթական հանդիպումը տեղի էր ունեցել թուրքական Կուշադասի ծովափնյա քաղաքի Pine bay հյուրանոցում: Ղշերի կղզի Ի՞նչ կարող է մտածել շարքային հայը, որ նստած է Էգեյան ծովի՝ Թուրքիային պատկանող ափին եւ լսում է ալիքների խաղաղեցնող ձայնը: Բնականաբար, նրա մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք դրանք մեր պատմական հողերը չեն: Այսինքն՝ երբ դաշնակացկաններն ասում են «ծովից ծով Հայաստան», արդյո՞ք նրանք նկատի չունեն նաեւ Էգեյան ծովը: Պարզվում է, որ կարծես թե՝ ոչ: Նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ մերոնք այս կողմերը չէին հասել, լռվել էին մոտակա սարերում: Ինձ թվում է, պետք է ավելի հայրենասեր եւ ազգային լինել եւ պահանջել, մասնավորապես, ծովի ափին գտնվող Pine bay շքեղ հյուրանոցային համալիրը: Իսկապես պահանջելու բան է: Բնության տեսակետից հրաշք է՝ ծով, անտառ, փափուկ կլիմա: Pine bay-ը հավակնում է միջազգային մակարդակի 5 աստղանի հյուրանոցի: Իհարկե, որոշ մանրուքներով զիջում է դրանց: Օրինակ, Փարիզի «Ռից» հյուրանոցում հնարավոր չէ, որ սպասարկող աղջիկները նստեն սեղաններին ու բամբասեն, կամ ջուրը գեթ մի քանի րոպեով կտրվի, կամ մատուցողը մոռանա, թե ինչ ես դու պատվիրել: Դա այն տարբերությունն է, որը մենք տեսնում ենք Երեւանի ցանկացած տոնավաճառում՝ թուրքական եւ եվրոպական որակի ապրանքների միջեւ: Երբեմն որակը մոտենում է եւ նույնիսկ համընկնում, բայց հիմնականում տարբեր է: Բոլոր դեպքերում Pine bay-ից դրական լիցքերն ավելի շատ էին, քան բացասականները: «Կուշադասի» բառացիորեն նշանակում է «Թռչունների կղզի»: «Կուշը», ինչպես հասկանում եք, «ղուշն» է: Եվ իրոք, հանգստյան գոտում լիքը «ղշեր» կային՝ հիմնականում Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Բազմաթիվ էին նաեւ սովորական ռուս հանգստացողները՝ սոլիդ, զուսպ, քաղաքակիրթ: 20 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ լսեցի, որ ինձ դիմում են ոչ թե անունով կամ «պարոնով», այլ՝ «մուժչի՛նա»: Այդպիսի դիմումը կարոտախտի նման մի զգացմունք առաջացրեց: Կուշադասի քաղաքի առեւտրականները, չգիտես ինչու, առաջին հերթին հարցնում էին մեզ՝ որտեղի՞ց եք: Նրանցից շատերը չէին հասկանում, երբ ասում էինք «Armenia»: Բայց հիմնական մասի ուղեղները պարզվում էին «Էրմենիսթան» պատասխանից: Այդ անունը ոչ մեկի մեջ բացասական էմոցիաներ չէր առաջացնում: Բուն կլոր սեղանը Հայաստանի իշխանությունը եւ մասնավորապես նախագահը, ինչպես հայտնի է, չեն փայլում վառ արտահայտված ինտելեկտով եւ ժողովրդավարությամբ: Բայց ակնհայտ է նաեւ, որ վատից վատ էլ է լինում: «Կլոր սեղանի» ժամանակ պարզ դարձավ, որ մեր ադրբեջանցի եւ հատկապես թուրք գործընկերները շատ ավելի կաղապարված են եւ վերահսկելի պետության կողմից, քան մենք: Թուրքական կողմից զեկուցող Քիմանչ Գալիփ Օվերը կարդաց մի տեքստ, որը եթե գրված չէր պետական համապատասխան օղակներում, ապա հաստատ համաձայնեցված էր այդ օղակների հետ: Իբր թուրքական մամուլի տեսության վրա հիմնված այդ զեկույցի թեզերը ծեծված քարոզչություն էին՝ Ցեղասպանություն չի եղել, մենք բացել ենք օսմանական արխիվները՝ եկեք համոզվեք, մինչեւ Ղարաբաղը չտաք, հայ-թուրքական հարաբերությունները չեն լավանա: Ի դեպ, հանդիպման կազմակերպիչներից մեկը՝ «Թյորքիշ դեյլի նյուս» թերթի միջազգային բաժնի պատասխանատու Յուսուֆ Քանլին, կարծես, հասկանում էր, որ լրագրողների համագործակցությանն ուղղված «կլոր սեղանին» այս զուտ քաղաքական բանավեճն անիմաստ է: Նիստերը վարելիս նա շեշտը դնում էր առավել մասնագիտական խնդիրների վրա: Ադրբեջանցի լրագրողների հետ շփվելն ավելի հեշտ է: Նախ՝ լեզուդ չեն ջարդում ոչ կատարյալ անգլերենի պատճառով: Երկրորդ՝ մենք երկար ժամանակ գտնվում էինք նույն մշակութային տարածքում՝ թուրք լրագրողների հետ հնարավոր չէ վերհիշել «Ադամանդե ձեռքը» ֆիլմը կամ պատմել անեկդոտ Չապաեւի մասին: Այստեղ, հետեւաբար, խոսակցություններն ավելի առարկայական էին: «Կլոր սեղանին» մասնակցում էր, մասնավորապես, Էլչին Շիխլին, որը ղեկավարում է «Այնա-Զերկալո» թերթը՝ իմ կարծիքով, տարածաշրջանի լավագույն լրատվամիջոցներից մեկը: Էլչինը նշեց, որ նման հանդիպումների փորձը ցույց է տալիս. իրար մեղադրանքներ առաջադրելով, կշտամբելով, առավել եւս՝ վիրավորելով գործը առաջ չի գնա: Պետք է ասել, որ չնայած ես մասնակցում էի միայն այս, վերջին «կլոր սեղանին», տպավորությունն այն էր, որ ծրագրի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներն իսկապես փոխեցին մթնոլորտը՝ գոնե այս, առանձին վերցրած սահմանափակ ոլորտում: Ընդհանրապես արժանին մատուցենք մեր ադրբեջանցի գործընկերներին՝ նրանք ոչ մի անգամ չասացին, որ հայերը գրավել են իրենց տարածքի 20 տոկոսը եւ առաջացրել 1 միլիոն փախստական: Չնայած ադրբեջանական լրատվամիջոցների մոնիտորինգը, որը «Ենի նեսիլ» լրագրողների միության կողմից ներկայացրեց Էլչին Շիխլին, ցույց էր տալիս, որ Ղարաբաղի եւ հարակից այլ հարցերում նրանց ԶԼՄ-ները բացարձակապես միակարծիք են: Այդ ֆոնի վրա տարբերվում էր «Ռեգիոն» կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանի զեկույցը, որը հստակ ցույց տվեց, թե որքան մեծ է հայկական մամուլում տեսակետների բազմազանությունը՝ Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու հարցում: Եվ այդ տարբերությունը մեր (Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի) հասարակությունների տարբերության ճշմարիտ արտացոլումն է: էփեսոս Հունական (կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ հռոմեական) այս քաղաքի ավերակները ցույց տալուց առաջ մեզ տարան Մարիամ Աստվածածնի տունը: Կաթոլիկները հավատում են, որ այստեղ է Աստվածածինն անցկացրել իր վերջին օրերը: Համենայնդեպս, Հռոմի պապը մի քանի տասնյակ տարիներ առաջ այդ տեղն օրհնել է որպես սրբավայր: Այսպիսով, տուրիստական բիզնեսը եւ կրոնական զգացմունքներն այստեղ խաչվեցին՝ դարձնելով այդ ոչ այնքան հետաքրքիր տեղը չափազանց գրավիչ՝ Եվրոպայից եւ Ամերիկայից ժամանած տարեց (հիմնականում՝ կաթոլիկ) զույգերի համար: Շատ ավելի տպավորիչ էր Էփեսոսը, որը հռոմեացիների ժամանակ 250 հազարանոց քաղաք էր՝ իր խորհրդարանով, մարզադաշտով, թատրոնով, բաղնիքներով, գրադարանով եւ հասարակաց տնով: Վերջին երկու «օբյեկտները» կապված են իրար հետեւյալ կերպ: Հասարակաց տունը հիմնականում նախատեսված էր այն ժամանակվա տուրիստների՝ քաղաքի հյուրերի համար: Տեղացիների համար այդ վայրն այցելելը առանձնապես պատվավոր գործ չէր: Ուստի Էփեսոսի քաղաքացիները ձեւ էին անում, իբր գնում են գրադարան, բայց իրականում վերջինս ստորգետնյա ճանապարհով կապված էր զվարճալիքների տեղի հետ: Այդպիսով, բավարարվում էր «գրասերների» հասարակական պահանջմունքը: Չնայած Էփեսոսի «լույս աշխարհ հանած» մասը մի քանի կիլոմետր է կազմում (որոնք եւ անցանք կիզիչ արեւի տակ), ինտենսիվ պեղումները շարունակվում են: Ավստրիական մի ընկերություն դրա վրա ծախսում է տարեկան 5 միլիոն դոլար: Հայերն իրա՛ր հետ հաշտվելու խնդիր ունեն Եթե հիշում եք, անցյալ տարի գործում էր այսպես կոչված «հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը», որի վրա մեր հայրենասեր մտավորականներն ու ազգային քաղաքական ուժերը պարպեցին իրենց ազգային բառապաշարի ողջ շտեմարանը: Բարդ մասնագիտական եւ դիվանագիտական խնդիրների մասին դատելն, իհարկե, իմ գործը չէ, բայց որպես լրագրող չեմ կարող չնկատել՝ թող որ մենք, հայերս, սկզբից իրար հետ հաշտվենք, իրար միս չուտենք, հետո կորոշենք՝ հաշտվե՞լ թուրքերի հետ, թե՞ կռվել: Ասում եմ դա աչքիս տեսածի հիման վրա: Իզմիր-Ստամբուլ չվերթի ժամանակ (A-310) ինձ մի փոքր նեղություն տված թուրքերն ասում էին «sorry, sir»: Ստամբուլ-Երեւան Ty-134 ինքնաթիռի հայ ուղեւորները իրար հրմշտում էին, հայհոյում, խելագարի պես վազում օդանավասանդուղքի մոտ, ինքնաթիռում մի երիտասարդ ծխում էր, իսկ մյուսը քաշքշում էր այդ անտիկվար մեքենայի թուլացած մասերը: «Ոնց որ թուրք լինի», – մտքումս ասացի ես՝ նկատի ունենալով «թուրք» բառի մեզ համար սովորական իմաստը: Տոմսերի հաշվառման կետում հավաքվել էր հայկական այնպիսի հերթ, որպիսին չկար Ստամբուլի ողջ օդանավակայանում: 4-5 հսկայական բոխչաներ հավաքած առեւտրականներ (հիմնականում կանայք) մաքառում էին ինքնաթիռ նստելու համար: Այդ կանանցից երկուսը սկսեցին իրար վրա բարձրաձայն ճվճվալ, եւ արդեն պատրաստ էին զբաղվել մեկը մյուսի մազերով: Նրանց մոտեցավ թուրք համբալը (բառիս բուն իմաստով, այսինքն՝ բեռնակիրը) եւ սկսեց բաժանել կռվի պատրաստ կանանց: Երեւի, հայ-հայկական հաշտեցման հանձնաժողովից էր: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հ.Գ. Հատուկ շնորհակալություններս Երեւանի մամուլի ակումբին՝ այս ուղեւորությունը կազմակերպելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել