Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄՈՐՄՈՆՆԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԴՐԱՄ ԵՆ ՊԱՐՏՔ

Սեպտեմբեր 26,2002 00:00

ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄՈՐՄՈՆՆԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԴՐԱՄ ԵՆ ՊԱՐՏՔ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի (Մորմոնական) եկեղեցու ներկայացուցիչները բառի բուն իմաստով փող են մուրում Հայաստանի Հանրապետությունում: Վերջերս (մի կիրակի) Դավիթաշենի նախկին պիոներ պալատի շենքում ես ներկա գտնվեցի այդ աղանդի հետեւորդների հավաքին, որին ներկա էր 90 հոգի՝ բացառապես երեխաներ եւ մինչեւ 20-25 տարեկան երիտասարդներ: Հավաքին ԱՄՆ Յուտա նահանգից ներկա էին երկու մորմոն քարոզիչ, որոնցից մեկն, ի դեպ, վարժ հայերեն էր խոսում: Թեման «տասանորդն» էր: Դա, այսպես ասած, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հայ հավատացյալների անդամավճարն է կրոնական հիշյալ կազմակերպությանը: Զեկուցող եղբայր Բագրատը ներկաներին տեղեկացրեց, որ տասանորդը զոհաբերության խորհուրդն է, մորմոն հավատացյալներն իրենց ունեցած դրամի մեկ տասանորդը պարտավոր են վճարել «ի փառս Աստծո»: Ըստ եղբոր, տասանորդ չվճարողին Զորաց Տերը սպառնում է «անիծել անեծքով»: Զորաց Տերը մորմոնների Հայր Աստվածն է, որի անունն, ի դեպ, վերջին օրերի սրբերի եկեղեցու համոզմամբ՝ Եհովա է: Բագրատը հավաքվածներին հավատացնում էր, որ Զորաց Տերը մեծ գումարներ չի պահանջում վճարողներից եւ «ձեզանից ոչ ոք պարտավոր չէ մյուսի ներկայությամբ վճարել տասանորդը»: «Տասանորդի խորհուրդը գաղտնիք է, սիրելիներս»,- ասում էր եղբայր Բագրատը, որը նախագահում է եկեղեցու Դավիթաշենի մասնաճյուղը: Նա սպառնաց, որ հավատացյալներից յուրաքանչյուրին (որոնք, կրկնում եմ, երեխաներ էին եւ երիտասարդներ) տարվա վերջում կհարցնի. «Դուք լրիվությամբ վճարե՞լ եք ձեր տասանորդը»: Երեխաներից եւ երիտասարդներից յուրաքանչյուրն, ըստ քարոզչի, պետք է կարողանա ասել. «Այո, վճարել եմ»: Դժվար է ասել, թե երեխան սոցիալական կամ հոգեւոր ի՞նչ պատճառ պետք է ունենա այդ եկեղեցուն անդամակցելու համար: Բայց պատկերացնենք երեխային, որն իր մորը կամ հորն ասում է. «Ինձ դրամ տվեք, ես եկեղեցուն պետք է տասանորդ վճարեմ»: Մի խոսքով, այս եկեղեցու ցանկացած ներկայացուցիչ, այս դեպքում՝ երեխաներ եւ երիտասարդներ, գումար են պարտք ամերիկյան հազիվ հարյուր տարեկան մի աղանդի: Եկեղեցու մեկ այլ ներկայացուցիչ նշեց, որ Աստծո տան համար տասանորդ հավաքելը երեխային պետք է սովորեցնել «ամենամանկուց»: Ըստ նրա, «երեխան պետք է սովորի գումար զոհաբերել եկեղեցուն»: Տասանորդների վճարման հարցում երեխաների դերն ամերիկացի հայախոս ժպտադեմ մորմոնը ձեւակերպեց այսպես. «Դուք ուրիշ ինչպե՞ս պիտի զոհաբերեք ձեզ, բնականաբար՝ վճարելով»: Նա տեղեկացրեց, որ ութ ամիս ծառայել է Գյումրիում եւ այնտեղ ոչ մեկից «արծաթ եւ ոսկի չի խնդրել»: «Զորաց Տերը նույնպես չի խնդրում, այլ դուք եք զոհաբերում»,-ասաց ամերիկացին: Ըստ նրա, մորմոնների եկեղեցու հավատամքի մեջ է մտնում մեծավորներին ծառայելը: Իսկ ովքե՞ր են մեծավորները: Ամերիկացին մաքուր հայերենով ասում է, որ մեծավորները նախագահության անդամներն են, այսինքն, տվյալ դեպքում իրենք՝ երկու ամերիկացիները, եղբայր Արան՝ Վայքից, եւ նախագահը՝ եղբայր Բագրատը: Կիրակնօրյա այդ հավաքի ժամանակ պարզվեց, որ տարին կիսվել է, եւ տասանորդի հավաքման գործընթացը կաղում է: Եկեղեցու ներկայացուցիչները պետք է մտածեն «առաջին կես տարին փակելու մասին»: Խոսքը, բնականաբար, վերաբերում է պլան կատարելուն: Դիմելով երեխաներին եւ երիտասարդներին, Վայքից ժամանած եղբայր Արան քարոզեց այսպես. «Սիրելի բարեկամներ, վճարեք ձեր պարտքը մեր եկեղեցուն, որպեսզի դուք ազատ լինեք»: Ընկերս այդ եկեղեցու ներկայացուցիչն է: Նա ասում է, որ «տասանորդը եկեղեցուն անհրաժեշտ է դժբախտության մեջ գտնվող իր անդամներին օգնելու համար»: «Բոլորս մեկի համար գումար ենք հավաքում, եւ այդ մեկը մեզանից յուրաքանչյուրն է»,- վստահեցրեց ընկերս: Նա խոստովանեց նաեւ, որ արդեն երեք տարի անդամակցում է այդ եկեղեցուն, տեղյակ է, որ դեռեւս ոչ մի անդամի այնպիսի դժբախտություն չի պատահել, որ «տասանորդները նրա վրա ծախսենք»: Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականները սիրում են դատել աղանդների մասին առանց փաստերին առնչվելու: Դեռեւս երեք տարի առաջ կաթողիկոսական ընտրությունների շեմին չափազանց բարձրաստիճան մի հոգեւորական նշեց, որ աղանդների գործունեությունը մեր երկրում հանդուրժելի է հենց նրանով, որ «գումար է մտնում Հայաստան»: Ես չգիտեմ, երեք տարի հետո պահպանվե՞լ է այդ արքեպիսկոպոսի համոզմունքը: Փաստն այն է, որ միայն Դավիթաշենում երեք տարի գործող այս տասանորդ հավաքողները հայ երեխային հավատացնում են, որ վերջինս իրենց դրամ է պարտք: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել