Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Հոկտեմբեր 02,2002 00:00

«ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» Գտնում է փաստաբան Հովիկ Արսենյանը Արդեն ավարտվել է 2002-ի հունվարի 26-ին ձերբակալված, ՀՀ առաջին նախագահի թարգմանիչ, լրագրող Մուրադ Բոջոլյանի գործի նախաքննությունը։ Մոտ օրերս գործը կուղարկվի դատաքննության։ Փաստաբան Հ. Արսենյանը մասնակցել է իր պաշտպանյալի բոլոր հարցաքննություններին եւ փաստում է հետեւյալը. «Հարցաքննությունները ընթացել են քրեական դատավարության բոլոր պահանջներին համապատասխան։ Նախաքննական մարմինը, հանձին քննիչ Մ. Մարուքյանի, պահպանել է օրենսդրության պահանջները։ Սա՝ դատավարական առումով։ Քրեաիրավական առումով, պետք է ասեմ, որ ոչ թե դժգոհ եմ, այլ ունեցել եմ անպաշտպանվածության զգացում որպես քաղաքացի։ Ինչպե՞ս կարելի է միայն ցուցմունքի հիման վրա արարքի գնահատականը միանշանակ որակել։ Գործը բացառիկ է, եզակի, մի կողմից՝ անհատն է, քաղաքացին, մյուս կողմից՝ ես՝ որպես քաղաքացի, իրավաբան, պարտավոր եմ մտածել իմ երկրի անվտանգության, սուվերենության մասին։ Այստեղ ավելի քան կնճռոտ խնդիրներ կան, բայց ես փաստաբան եմ, ես պարտավոր եմ իրավական հնարավոր պաշտպանությունն իրականացնել։ Այդ առումով միանշանակ հայտարարեմ՝ պաշտպանական կողմը գտնում է, որ Բոջոլյանը հայրենիքի դավաճանություն, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոտնձգություն չի կատարել։ Դժբախտաբար, վարույթն իրականացնող մարմինը ձերբակալել է այդ կասկածներով եւ ամիսներ շարունակ կատարած իր քննությամբ դարձյալ այդ հոդվածը դրեց՝ 59 հոդված. «Հայրենիքի դավաճանություն»։ Բոջոլյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Արսենյանը «Առավոտին» տված հարցազրույցում ասաց նաեւ. «Իմ պաշտպանյալը լրագրող է եւ բավականին լավ լրագրող։ Պաշտպանությունը ստանձնելուց առաջ ես ձեռք եմ բերել Թուրքիայում հրապարակված նրա բոլոր վերլուծական հոդվածները եւ ես հիացած եմ իր հոդվածներով։ Առավել եւս, բոլորը զուտ քննադատական են, ընդհուպ՝ մինչեւ Թուրքիայի վարչապետ: Մ. Բոջոլյանի հոդվածները շատ հայրենասիրական են։ Առկա է այն միտքը, թե այս պատմական պահին հարկավոր էր, որ Թուրքիան Հայաստանի հետ մշակութային եւ տնտեսական կապերի ձգտեր, սակայն լրագրողի կարծիքով՝ ի դժբախտություն Թուրքիայի, այդ բանը չի արվել։ Գործի ապացույցները նայելով եւ գնահատելով, ես գտնում եմ, որ պետք է պաշտպանական կողմի իմ բոլոր իրավունքներն օգտագործեմ, որպեսզի դատաքննությունը բաց լինի։ Ի սկզբանե պետք է ասել, որ չկան այնտեղ պետական, ռազմական գաղտնիք պարունակող տվյալներ, որոնք առիթ դարձնելով կարելի լինի դատաքննությունը փակ անցկացնել։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ եմ ցանկանում, որ քննությունը իսկապես օբյեկտիվ տեղի ունենա եւ լույս սփռվի այս գործի վրա»։ – Չե՞ք տեսնում քաղաքական ենթատեքստ այս գործի մեջ։ Ձեր պաշտպանյալը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թարգմանիչը։ – Չեմ կարծում, այդպիսի բան ես չեմ զգացել։ Միանշանակ դա հերքում եմ, որովհետեւ իմ պաշտպանյալը ոչ միայն առաջին նախագահի ժամանակ է աշխատել, այլեւ՝ այսօրվա նախագահի, մինչեւ 1998 թ. հուլիսը, եւ աշխատանքից ազատվել է հաստիքների կրճատման պատճառով։ Եվ հետո՝ նրան ներկայացված մեղադրանքն այդ ամբողջ ժամանակահատվածի համար չէ։ – Դուք անշուշտ տեղյակ եք թուրք գործարարների եւ ՀՀ ԱԱ նախարարության առաջին դեմքի հետ կապված այն ամբողջ պատմությանը, որին Մ. Բոջոլյանի կնոջ պատմածներով անդրադարձավ նաեւ մամուլը. թուրք գործարարի սպառնալիքի մասին է խոսքը։ Վերջինս Բոջոլյանին (ինչ-որ պարտքի պատճառով) զգուշացրել է. «Այնպես կանեմ, որ կհայտնվես ԱԱ մեկուսարանում»։ Ձեզ չի՞ անհանգստացնում, որ մի թուրք գործարարի ասածները ԱԱ նախարարությունը ի կատար է ածում։ – Իհարկե, ծանոթ եմ այդ պատմությանը։ Այդ թուրք բիզնեսմենին հարցաքննել են, եւ նա էլ կարծես թե չի ժխտել ասվածը, սակայն ես չեմ ուզում գործի նյութերի մանրամասներ ներկայացնել։ Պաշտպանյալս եւս ինձ պատմել է այդ թուրք գործարարի եւ նրա սպառնալիքի մասին։ Պարզվել է, որ իրոք, Նալբանդյան փողոցում գտնվող խանութի սեփականատերը մտերմիկ հարաբերություններ ունի նախարարության բարձրաստիճան աշխատողների հետ։ Դա, բոլոր դեպքերում, մտահոգիչ է։ Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ օտարերկրացին ԱԱ նախարարության մոտ կարողացավ խանութի սեփականատեր դառնալ եւ ՀՀ քաղաքացուն այդպիսի սպառնալիք տալ, որը հանկարծ իրականություն է դառնում։ Եվ ավելին, այս պատմությունից հետո այդ անձնավորությունն իր խանութը տեղափոխել է Ամիրյան փողոց՝ հիմա էլ ԱԳ նախարարության դիմաց։ – Ընդունենք՝ Մ. Բոջոլյանի գործը քաղաքական պատվերի արդյունք չէ, բայց ինչ-որ պատվեր՝ ոչ քաղաքական, վերը ասվածից չի՞ բխում։ – Ես միշտ էլ քրեական գործերի հետ եմ առնչվում եւ մի հետաքրքիր միտում եմ տեսնում՝ կատարված զանցանքը կամ հանցանքը ուռճացնել, ծանր ներկայացնել, ամենածանր հոդվածը դնել։ Չեմ ուզում մտածել, թե դա քաղաքական պատվեր է, կարծում եմ՝ ավելի շատ միտում է եղել ցույց տալ, որ որոշակի մարմիններ ի զորու են այդպիսի հանցագործություններ բացահայտել։ Կոնկրետ իմ պաշտպանյալի գործում, ես գտնում եմ, որ ծանր հանցագործության հատկանիշներ չկան։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել