Լրահոս
Օրվա լրահոսը

Աննկուն զբոսաշրջիկներ

Հոկտեմբեր 22,2002 00:00

Աննկուն զբոսաշրջիկներ Պետռեգիստրի տվյալներով՝ Հայաստանում գրանցված տուրիստական ֆիրմաների թիվն անթիվ-անհամար է, բայց քիչ թե շատ նորմալ (իսկ իրենց ներկայացմամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան) գործում են 20-22-ը։ Խորհրդային տարիներին Հայաստանն ուներ զբոսաշրջիկների համար 31 հազար ննջատեղ՝ հարմարավետ հյուրանոցներում, հանգստյան տներում, ուներ նաեւ շարժակազմեր, «գիդ»-երի բարձրորակ դպրոց։ Այսպիսով, ե՛ւ տուրիստներ շատ ունեինք, ե՛ւ սպասարկման խնդիր չունեինք։ Հիմա ունենք, հիմա ամեն ինչ խնդիր է, սկսած ղարաբաղյան պատերազմի ստեղծած «ռեյտինգից» մինչեւ կիսաքանդ երկրի կիսաքանդ իրավիճակը։ Մի քիչ մխիթարում է այն, որ ԱՊՀ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները մեր «օրին» են։ Այդ մասին պատմեցին Ծաղկաձորում կազմակերպված միջազգային գիտագործնական կոնֆերանսում։ Վրաստանից եկած Վլադիմիր Գուդաձեն ասաց, որ իրենց երկիրն էլ, մերի պես, աշխարհին ցույց տալու հրաշալիքներ շատ ունի, բայց սպասարկման պայմաններ չկան՝ հյուրանոցների 80%-ը փախստականներն են զբաղեցրել, տուրիզմի գծով մասնագետներ չունեն եւ այլն։ «Իսկ մեզ մոտ ով 2-3 անգամ Թուրքիա է գնում առեւտրի, իրեն համարում է տուրիզմի համաշխարհային գիտակ ու ֆիրմա բացում, դրա համար էլ տարեկան բազմաթիվ դատական գործեր են քննվում նրանց օրինախախտումների հետ կապված»,- նշեց տուլացի Վալենտինա Շչերբակովան։ Լիտվայում մեծ խնդիր է սահմանային արգելքը, բայց տարեկան ունենում են 4 մլն զբոսաշրջիկ, նաեւ՝ համապատասխան կրթությունը կամ մասնագետների պատրաստումը բարձր մակարդակի վրա է՝ միջին, բարձրագույն, ակադեմիական։ Մեզ մոտ այս տարի է բացվել բուհ՝ Հայկական տուրիզմի ինստիտուտ, որը Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղն է։ Ռեկտոր Ռոբերտ Մինասյանը մեծ հույսեր է կապում իր սաների հետ (նույնն է թե՝ իր բուհի հետ), համարելով նրանց հայկական տուրիզմի զարգացման հիմնաքարը։ «Մենք շատ ընկերություններ ունենք, բայց դրանց մեծ մասը մարդկանց դուրս տանելու ուղղությամբ է աշխատում, դուրս տանելով նաեւ երկրի կապիտալը, դա նրանից է, որ չունեն տուրիզմից հասկացող մասնագետներ»,- համոզված է Ռ. Մինասյանը։ Անշուշտ, ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի մասնագետներ կարող է պատրաստել Հայաստանում իր տեսակի մեջ միակ այս ուսումնական հաստատությունը։ Չէ՞ որ ամեն ինչի «լավ» տարբերակին հասնելու համար փորձ է պետք, իսկ հաստատությունը, իր կրթական ծրագրերով հանդերձ, նոր է։ Նման դեպքերում օգտվում են միջազգային փորձից, բայց նույնիսկ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պրոռեկտոր Յուրի Լագուսեւը համաձայնեց, որ անգամ Արեւմուտքում, որտեղ տուրիզմը զարգացման բարձրակետում է, չկա մշակված մի մոդել, որով կարող է զարգանալ տուրիզմը ողջ աշխարհում։ Դե, իսկ Հայաստանում առայժմ զբոսաշրջիկներին առաջարկվող հիմնական ձեւը պատմամշակութային տուրիզմն է, նույն Գառնի-Գեղարդով, Զվաթնոց-Էջմիածնով։ Վերջին տարիներին պատահում են նաեւ այլ ծրագրերով՝ էկոտուրիստական, հնէաբանական եւ այլն, բայց դրանք հատուկենտ պրոֆեսիոնալներ են եւ լուրջ տոկոս չեն կազմում ընդհանուր հաշվեկշռում։ Ի դեպ, նույն ծաղկաձորյան կոնֆերանսին ուշացումով ներկայացած «տուրիզմի գծով» փոխնախարար Արա Պետրոսյանից փորձեցինք ճշտել, թե անցնող տարվա «ռեմոնտային» թոհուբոհն ինչպե՞ս անդրադարձավ զբոսաշրջիկների թվի եւ ընդհանուր ինքնազգացողության վրա, նա պատասխանեց. «Զբոսաշրջիկների թիվը 15 հազարով ավելացել է»։ Սա այն դեպքում, երբ փակվել են մշակույթի օջախների դռները եւ անանցանելի դարձել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ «Հետո՞ ինչ, ուրիշ տեղեր չկա՞ն ցույց տալու»,- պատասխանեց։ Դրանից հետեւություն անե՞նք, որ ինչքան շատ «թոզ ու դուման» անենք քաղաքում (ուր հիմնականում հանգրվանում են զբոսաշրջիկները), այնքան երկրի գրավչությունը կմեծանա. «Ձեր գործն է, բայց ինչի՞ չեք ընդունում, որ լավ-լավ հյուրանոցներ են բացվում, միջքաղաքային մայրուղիներն են նորոգվում»,- լսեցինք ու «աներեսաբար» շարունակեցինք. «Իսկ որեւէ ֆիրմա տեղեկացրե՞լ է իր հնարավոր զբոսաշրջիկներին, որ մայրաքաղաքում կապիտալ շինարարություն է»։ Պարզվում է, որ բոլորն էլ տեղեկացրել են եւ միեւնույն ժամանակ, Հայաստանի այցելուներին դա չի «խրտնեցրել»։ Այսինքն, նրանք կարող են վճարել ու չնեղվել անհարմարավետության այն զգացումից, որով «տառապում ենք» մենք՝ բնակիչներս, ամեն օր։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ, Ծաղկաձոր-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել