Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ, ԻՄ-Ը, «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

Հոկտեմբեր 25,2002 00:00

ԵՍ, ԻՄ-Ը, «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ» Պարույր Հայրիկյանի ավանդական մեծամտությունը նրան թույլ տվեց անգամ Աստվածաշունչը սրբագրել։ Առիթը ԱԻՄ-ի պաշտոնաթերթ «Անկախության» 15-ամյակն էր։ Իբրեւ ազատ խոսքի ռահվիրա որակելով այս պարբերականը, Պ. Հայրիկյանը քրիստոնեաբար հայտարարեց, որ «ի սկզբանե բանն էր, այսինքն՝ ազատ խոսքը»։ Հիասթափված կառավարությունից եւ Գիտությունների ազգային ակադեմիայից, որոնք «ազատ մամուլի առաջնեկի հիմնադրման հետ կապված խոստացված ծրագրերը չեն իրականացրել», ԻՄ-ի գրասենյակի ցուրտ դահլիճում հավաքվածներին Պ. Հայրիկյանը մխիթարեց նրանով, որ տոնական միջոցառումը դեռեւս նախապատրաստական-կազմակերպչական բնույթ ունի։ «Անկախություն» գաղափարը սեփականաշնորհած եւ սեփական անձի նկատմամբ ակնածանքով լցված քաղաքական գործիչը քննադատաբար նայելով շուրջը, հայտարարեց, թե Հայաստանում դեռեւս չեն հասել այն իրավիճակին, որ «որեւէ հարցի մասին խոսելիս քաղաքական նկատառումները գերակայող չլինեն. միշտ լինում է այն մտահոգությունը՝ թե արդյոք դա քաղաքական շահաբաժին չի՞ բերի տվյալ անհատին կամ կուսակցությանը»։ Իբրեւ «ազատ խոսքի տառապյալ հավատավորների» կարկառուն ներկայացուցիչ, Պ. Հայրիկյանը բոլոր «չբարդույթավորվածներին» նախ շնորհավորեց ԱԻՄ-ի, մասնավորապես «Անկախություն» պարբերականի 15-ամյակի առիթով, հետո էլ ասաց, թե մտադիր է նույնիսկ 75-ամյակը անձամբ նշել։ «Անհրաժեշտ է բոլորին հասկացնել, որ ժողովրդի կյանքում տեղի է ունեցել մի կարեւոր բան»,- թերթը արժեւորելով շեշտեց Հայրիկյանը, նորից հիշելով խոստմնադրուժ կառավարությանը, որ իբր մտադիր էր պետականորեն նշելու նաեւ ԱԻՄ-ի 15-ամյակը։ «Ոչինչ, կփորձենք ուղղություն տալ մարդկանց,- փորձեց հուսադրել ԻՄ նախագահը,- երեւի զբաղված են ընտրություններով ու ընթացիկ կառավարման հարցերով»։ Ընդգծելու համար ԱԻՄ-ի եւ «Անկախության», իր կարծիքով՝ միջազգային նշանակությունը, Պ. Հայրիկյանը, չգիտես ինչու, վերհիշեց աշխարհի տարբեր անկյուններում կատարվող կարեւորագույն իրադարձությունները։ Միայն իրեն բնորոշ հումանիզմից դրդված երազեց, որ ե՛ւ Մոսկվայի Դուբրովկա փողոցում գտնվող թատերական կենտրոնում չեչենների բորբոքված կրքերը հանդարտվեն, ե՛ւ ամերիկացի մոլագար նշանառուն բացահայտվի ու «բոլորս ապրենք միայն մշակութային նորություններով»։ Ներսես Հայրապետյանն էլ (Ազգային գրադարան) «Անկախության» ինքնատիպությունն ընդգծելու համար նշեց, որ այժմ բոլոր թերթերը կրկնում են միմյանց ու ինքը հանրապետությունում լույս տեսնող համարյա բոլոր թերթերը կարդում է 15 րոպեում, իսկ, ա՛յ, «Անկախությունը» ուրիշ է։ Դրա համար էլ վերցրել ու, հավատարիմ մատենագետի իր կոչմանը, նրա բոլոր համարները պահել-պահպանել, գիրք է դարձրել։ Իր բոցաշունչ ելույթում բոլորին լրացնող ասուլիսավոր Հայրիկյանը քանիցս հակասեց ինքն իրեն։ Մեկ հայտարարեց, որ չնայած «Ա1+»-ի փակմանը, այնուամենայնիվ, ազատ մամուլ կա Հայաստանում։ Հաջորդ պահին էլ հիշեց, որ ազատ մամուլի ներկայացուցիչների զգալի մասը ընդամենը վարձկաններ են, արհեստավորներ։ Ու եթե վաղը լինի կոմունիստական մամուլ, վերջիններս նորից նրա հերթական գրչակները կդառնան։ Ինչեւէ։ Չնայած այս ամենին, քաղաքական գործիչը համոզված է, որ համայն հայությանը «անկախություն» հասկացության հետ ծանոթացրել են Հայրիկյանը, ԱԻՄ-ն ու «Անկախություն» թերթը։ Նույնիսկ ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ուկրաինայում ու Վրաստանում, իր նման այլախոհները հետեւել են, թե ինչ ճակատագիր է ունենալու Հայրիկյանը, որ իրենք էլ իրենց անելիքն իմանան։ Ավելին, ըստ նրա, իր շնորհիվ տարբեր երկրների այլախոհներ համախմբվել են ու միասին նպաստել կոմունիստական կայսրության փլուզմանը։ Պ. Հայրիկյանը երեկվա գրական-քաղաքական-խոհափիլիսոփայական «ցերեկույթում» գովերգեց «ճշմարիտ ազգային մտածողությունը, արժանապատիվ հայ մարդկանց հասարակությունը, որն իբրեւ ձեռքբերում երեկվա ստրկատիրոջ նվերը չէ», այլ, ըստ էության, ինքը՝ Հայրիկյանն է, ԱԻՄ-ը ու նրա «Անկախություն» թերթը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել