Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատությունը 5 տարի հետո

Դեկտեմբեր 05,2002 00:00

Արդարադատությունը 5 տարի հետո 1996թ. նոյեմբերի 28-ին, երեկոյան ժամը 20-ին Մաշտոցի ՆԳ բաժին ահազանգ է ստացվում. Արզումանյան փողոցի 24 շենքի 27 բնակարանի տիրոջ՝ Արտուշ Իսրայելյանի վրա իր բնակարանում հարձակում է գործվել, որի հետեւանքով Ա. Իսրայելյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, իսկ հարձակվողները՝ անհայտ անձինք, թե քանի հոգի՝ դեռեւս պարզված չէ, դիմել են փախուստի, այն պատճառով, որ տուժողը սկսել է դիմադրություն ցույց տալ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 15-100 հոդվածով, կատարվել է նախաքննություն եւ գործի վարույթը կասեցվել է մինչեւ նրա բացահայտումը։ Հանրապետության իրավապահ մարմինները վատ չեն աշխատում եւ վերջապես դեպքից հինգ տարի անց բացահայտում են կատարված հանցագործությունը։ 02.02.01թ. ձերբակալվում է գործով ամբաստանյալ Հայկ Դանիելյանը։ Վերսկսվում է նախաքննությունը, սակայն հենց առաջին րոպեից օրենքի խախտմամբ։ ՀՀ ՆԳՆ ՔՀԳՎ 3-րդ վարչության աշխատակիցները արդեն իսկ դատախազության վարույթում գտնվող գործով սկսում են նախաքննություն կատարել, վերցնում են ցուցմունքներ, կատարում են նկարահանումներ, առանց հիմքերի եւ դատարանի ուժի մեջ մտած վճռի անձին ամբողջ հանրապետությունով մեկ ներկայացնում որպես հանցագործի եւ միայն հետո Հ. Դանիելյանին ներկայացնում են դատախազության քննիչին։ Նախաքննությունը շարունակվում է եւ գործով հայտնվում են եւս չորս անձ։ Ի դեպ, նրանցից մեկը՝ Սարգիս Կիրակոսյանը դեպքի ժամանակ եղել է իսկական զինվորական ծառայության մեջ եւ այդ օրը չէր կարող գտնվել Երեւանում։ Նախաքննության ավարտից հետո գործը հանձնվում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան, սակայն արդեն ՀՀ քրօրի 88 հոդվածի 2-րդ մասի որակմամբ, միայն այն հիմքով, որ տուժողը դեպքից հինգ տարի հետո մտածել է եւ եզրակացրել, որ իրեն գուցե թե ուզում էին թալանել։ Ամբաստանյալները չվստահելով ոչ նախաքննության մարմնին եւ ոչ էլ առաջին ատյանի դատարանին, ցուցմունքներ չէին տալիս, սակայն այս պարագայում առաջին ատյանի դատարանը կայացրեց մեղադրական դատավճիռ։ Դատավճիռը բողոքարկվեց վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանը չորս ամսյա բազում դատաքննությունների ընթացքում եկավ այն եզրակացության, որ նախաքննությունը կատարվել է թերի եւ առաջին ատյանի դատարանի վճիռը չի բխում օրենքի պահանջներից, ուստի այն պետք է բեկանել եւ գործը ուղարկել լրացուցիչ քննության։ Կարծես թե իսկությունը պետք է պարզվեր։ Եղե՞լ է, արդյոք, ավազակային հարձակում (որը առանց հիմքի եւ ապացույցների պնդում է մեղադրող կողմը), թե՞ այս ամենը տուժողի երեւակայության արդյունք է, որի միջոցով նա փորձում է փակել իր աստղաբաշխական պարտքերը։ Հետեւանքը՝ նոր, լրացուցիչ, բազմակողմանի քննություն կատարելու փոխարեն, մեղադրող կողմը վճռաբեկ բողոք բերեց վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որը բավարարվեց եւ գործը վերադարձվեց վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Վերաքննիչ դատարանը գործը կրկին լսեց նույն կազմով եւ կայացրեց իր իսկ կողմից ընդունած որոշմանը 180 աստիճանի հակառակ վճիռ։ Ներկայումս այս խճճված գործը նորից քննվում է ՀՀ վճռաբեկ դատարանում։ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել